Այս իշխանությունները նոր գրոհ են սկսում ազատ խոսքի նկատմամբ. Աշոտյանը միացել է բողոքի ակցիայի մասնակիցներին
Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ եկել է աջակցելու Արմեն Թավադյանի դեմքով մամուլի ազատությանը:
«Եկել են նաև իմ տասնյակ կուսակից ընկերներ, երիտասարդներ: Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ այս իշխանություններն, իրոք, նոր գրոհ են սկսում ազատ խոսքի, այլակարծության նկատմամբ: Եվ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ կապված հեռուստաընկերություններում այսպես կոչված, կոռուպցիոն լոգոների հետ, եւ ԱԺ-ում համապատասխան լսումների ընթացքում ծավալված քննարկումների մի մասի մտադրությունները, շեշտադրումները վկայում են այն մասին, որ ՀՀ-ում ազատ խոսքը վտանգված է: Չկա քաղաքական գործունեությունը առանց ազատ խոսքի, առանց այլակարծության, եւ Արմեն Թավադյանն այսօր իր վրա է կրում այդ ռեժիմի ռեպրեսիվ ապարատի ամբողջ ծանրությունը»,-ասաց Աշոտյանը:
Նա համոզմունք հայտնեց, որ Թավադյանի նկատմամբ քրգործը հերթական սարքած, շինծու գործն է, որտեղ որեւէ համոզիչ բան չկա. «Առավել եւս տարօրինակ է 28 օրվա ազատությունից զրկումը: Այս իշխանությունները նախնական կալանքն իրոք դարձրել են պատժի միջոց: Այն, որ Թավադյանի եւ TV5-ի հետեւից վաղուց էին ընկել, տեսանելի էր այս 1,5 տարվա ընթացքում, բայց այս դրսեւորումները պարզապես զարհուրելի են: Եկել ենք ասելու, որ չի ստացվելու: Մի նայեք՝ 100 ենք, թե 500, պետք լինի կլինենք 5 հազար: Եթե դառնա ավելի օրհասական, կլինենք 10 հազար: Ոչ ոք մեր բերանը փակել չի կարող, ոչ ոք լրատվամիջոցների նկատմամբ անպատիժ ճնշումներ գործադրել չի կարող: Այս ամենը իշխանությունների քթից դուրս է գալու»,-ասաց Աշոտյանը՝ հավելելով, որ այս գործերը դոմինոյի էֆեկտի նման քանդվելու են ՄԻԵԴ-ում:
Նա ընդգծեց, որ վաղուց կորցրել է ռոմանտիզմը եւ սպասելիքներ չունի դատական նիստից. «Արդարություն այսօր Հայաստանում կարելի է վերականգնել բացառապես ատամ ցույց տալով, խոսելով, բարձրաձայնելով: Հույսը դնել դատական իշխանության փսեւդո անկախության վրա, ավաղ, չի լինում: ՀՀ-ում պետական ինստիտուտները վերածվել են խոցված ստամոքսների: Թող այս դատարանում ինձ զարմացնեն եւ ես օրվա վերջում ներողություն կխնդրեմ, եթե հանկարծ վճիռը լինի արդար:
Անդրադառնալով նրան, որ նույն գործով անցնում է Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող Վարուժան Մկրտչյանը, որի նկատմամբ խափանման միջոց կալանքը չի ընտրվել, Աշոտյանն ասաց. «Ակնհայտ է, որ այդ ամբողջը բեմադրված շոուներից մեկն էր: Եթե այդպես չէ, ապա ո՞ւր է արդարությունը, ինչո՞ւ է այս դատական նիստերի սյուժեն գնում այնպես, ինչպես պետք է իշխանություններին: Իհարկե, փառք ու պատիվ այն դատավորներին, որոնք դիմադրում են հեռախոսային արդարադատությանը, ֆեյքային արդարադատությանը, բայց նրանց քանակը քիչ է»:
Աշոտյանը կոչ արեց չզարմանալ, որ ՀՀԿ-ականները եկել կանգնել են Ռոբերտ Քոչարյանի հետ ասոցացվող մարդկանց կողքին. «Մենք մի թիմ ենք եւ ոչ միայն իրենց հետ, բազմաթիվ քաղաքական ու քաղաքացիական նախաձեռնությունների հետ միասին բոլոր այն հարցերում, որոնք վերաբերում են Հայաստանում ժողովրդավարությանը, ՀՀ ներկա ճգնաժամին, ապագայի տեսլականին: Մենք դրել ենք մեր բոլոր տարաձայնությունները երկրորդական հարցերում հանուն միասնական, համախմբված գործունեության, որպեսզի ՀՀ-ն ամբողջությամբ չընկնի լատինաամերիկյան պոպուլիզմի գիրքը: Մենք դա տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի հրապարակային ելույթներում»: