Հայերեն   English   Русский  

Թոփչյանը կրկին կղեկավարի Սիցիլիայի սիմֆոնիկ նվագախումբը


  
դիտումներ: 783

ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը կրկին հրավիրված է ելույթ ունենալու Սիցիլիայի սիմֆոնիկ նվագախումբի հետ:

Այս անգամ Սիցիլիայի մարաքաղաք Պալերմոյում կայանալիք համերգին Թոփչյանի հետ հանդես կգա նաև «Հովեր» պետական կամերային երգչախումբը՝ հիմնադիր և խմբավար Սոնա Հովհաննիսյան:

Համերգները կկայանան հունվարի 24 և 25-ին Politeama Garibaldi թատրոնում (Պալերմո): Ծրագրում կհնչի Աարոն Կոպլենդի «Խաղաղ քաղաք» ստեղծագործությունը և Շոստակովիչի թիվ 13 «Բաբի Յառ» սիմֆոնիան: Համերգին մասնակցում են Միխայիլ Ռիսսովը (բաս), Սալվատորե Մագացցուն (շեփոր), Մարիա Գրացիա Դ՛Ալեսսիոյին (անգլիական եղջերափող):

«Ուրախ եմ կրկին ելույթ ունենալ Սիցիլիայի սիմֆոնիկ նվագախումբի հետ, այն էլ՝ այսպիսի գեղեցիկ ու յուրահատուկ ծրագրով: Ծրագրում հնչելու է Շոստակովիչի «Բաբի Յառ» սիմֆոնիան, որը երաժշտական ու դրամատուրգիական առումով շատ բարդ ու ազդեցիկ ստեղծագործություն է: Կրկնակի ուրախ եմ, որ այդ գործը կատարելու ենք «Հովեր» երգչախմբի մասնակցությամբ: Սիցիլիայի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Մարչելլո Պաննին ինձ խնդրեց «Բաբի Յառ»-ի կատարման համար ռուսերենին լավ տիրապետող և ճիշտ շեշտադրությամբ երգող երգչախումբ առաջարկել, և իմ ընտրությունը կանգնեց «Հովեր»-ի վրա: Այս երգչախումբը՝ Սոնա Հովհաննիսյանի ղեկավարությամբ, իմ երկար տարիների հավատարիմ գործընկերն է, ես բարձր եմ գնահատում գործի հանդեպ նրանց պատասխանատու վերաբերմունքն ու մասնագիտական բարձր որակները: Մեծ անհամբերությամբ եմ սպասում Պալերմոյում կայանալիք մեր ելույթներին»:

«Հովեր» երգչախմբի հիմնադիր, ԵՊԿ ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը հավելեց. «Երգչախմբի հետ աշխատանքներն ամբողջովին ավարտված են: Այս ստեղծագործությունը ներկայացնելու ենք «Հովեր» երգչախմբի բաս-բարիտոնների կազմով, որը համալրվել է կոնսերվատորիայի վոկալ ամբիոնի ուսանողներով և Ազգային ակադեմիական երգչախմբի հրավիրյալ երգիչներով: Երաժշտական առումով պատրաստ լինելուց բացի, խորապես ուսումնասիրել ենք ստեղծագործության նախապատմությունը: Հատկապես ուրախ ենք, որ այս ծրագիրն իրականություն կդառնա Թոփչյանի ղեկավարությամբ. նա մեր ամենանախընտրելի դիրիժորներից է: Անհամբերությամբ սպասում եմ հայ և իտալացի երաժիշտների համատեղ փորձերին»:

Շոստակովիչի թիվ 13 «Բաբի Յառ» սիմֆոնիան գրված է Եվգենի Եվտուշենկոյի համանուն բանաստեղծության հիման վրա, որտեղ նկարագրվում է, թե ինչպես են ֆաշիստները գազանաբար հաշվեհարդար տեսնում հրեաների հետ Կիևից ոչ հեռու՝ Բաբի Յառ կոչվող տեղանքում: Հինգ մասից բաղկացած սիմֆոնիան փոխանցում է այդ դեպքերի ողջ արհավաիրքն ու ողբերգությունը: «Բաբի Յառ» սիմֆոնիայի պրեմիերան կայացել է 1962թ.-ի դեկտեմբերին, Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում, դիրիժոր՝ Կիրիլ Կոնդրաշին:

Ծրագրում կհնչի նաև Աարոն Կոպլենդի «Խաղաղ քաղաք» ստեղծագործությունը՝ գրված շեփորի, անգլիական եղջերափողի և լարայինների համար: Այն գրվել է երիտասարդ Իրվին Շոուի թատերական ստեղծագործության համար: «Խաղաղ քաղաք»-ը բացառիկ նրբագեղությամբ օժտված երաժշտական ստեղծագործություն է: Պրեմիերան կայացել է Նյու Յորքում, 1941թ-ի հունվարի 28-ին, դիրիժոր՝ Դանիել Սայդենբերգ:

Սիցիլիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ Թոփչյանի առաջին համերգները կայացել են 2019թ.-ի մարտի 15 և 16-ին, ծրագրում հնչել է Շոստակովիչի Թիվ 6 սիմֆոնիան, Կարլ Ֆիլիպ Էմանուել Բախի Լյա մինոր թավջութակի կոնցերտը և Մոցարտի Լյա մաժոր կլարնետի կոնցերտը, մենակատարներ՝ Լուդովիկա Ռանա (թավջութակ) և Ալեսանդրո Կարբոնարե (կլարնետ):





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: