Տիգրան Խաչատրյանը Բեռլինում մասնակցել է պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումին
հունվարի 16-18-ը Բեռլինում մասնակցել է պարենի եւ գյուղատնտեսության գլոբալ ֆորումին, համաժողովի շրջանակներում կազմակերպված գյուղատնտեսության նախարարների 12-րդ համաժողովին, ինչպես նաեւ «Բեռլինյան կանաչ շաբաթ» գյուղատնտեսական միջազգային ամենամյա ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը:
«Սնունդ բոլորի համար. առեւտուր` ապահով, բազմազան եւ կայուն սնուցման համար» խորագրով պարենի եւ գյուղատնտեսության գլոբալ ֆորումին մասնակցել են 71 երկրների գյուղատնտեսության նախարարներ եւ 12 միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաներ: Համաժողովը նախագահել է Գերմանիայի գյուղատնտեսության դաշնային նախարար Յուլիա Քլյոքները:
Գլոբալ ֆորումի շրջանակներում անցկացվել են բազմաթիվ միջոցառումներ, որոնք հնարավորություն են ընձեռել մասնակիցներին անդրադառնալ գլոբալ գյուղատնտեսական քաղաքականությանը եւ պարենային ապահովությանն առնչվող հարցերին ու մարտահրավերներին եւ համաձայնության գալ դրանց շուրջ:
«Առեւտուրը` Կայուն զարգացման նպատակ 2-ին հասնելու գրավական» խորագրով բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով քննարկումն անցկացվել է Առեւտրի համաշխարհային կազմակերպության եւ ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) համանախագահությամբ: Քննարկման ընթացքում մտքեր են փոխանակվել պարենային անվտանգության, կլիմայի փոփոխության եւ թվային տեխնոլոգիաների բնագավառներում առեւտրի դերի եւ փոխազդեցության վերաբերյալ:
Գյուղատնտեսության նախարարների համաշխարհային ամենամեծ հանդիպում հանդիսացող գյուղատնտեսության նախարարների 12-րդ համաժողովի քննարկումներն ընթացել են չորս հիմնական ուղղությամբ։ Տիգրան Խարատրյանը մասնակցել է եւ գործընկերների հետ մտքեր փոխանակել պարենային արժեշղթաների ներառականություն, կայունություն եւ անվտանգություն թեմայով քննարկմանը։
Համաժողովի արդյունքում ընդունվել է համատեղ կոմյունիկե` նպատակ ունենալով խթանել գյուղատնտեսական եւ պարենային ապրանքների առեւտրի դերը կայուն գյուղատնտեսությունն ու պարենային համակարգերն ապահովելու գործում, երաշխավորել համաշխարհային պարենային անվտանգությունը, թերսնման կանխումը եւ ներառական զարգացումը: Կոմյունիկեով սահմանվել է, որ առեւտրի քաղաքականությունը` որպես ինտեգրված եւ համապարփակ ռազմավարության մաս, պետք է ծառայի գյուղատնտեսության եւ պարենային համակարգերի կայունության բարելավմանը: