Հայերեն   English   Русский  

Գյումրի-Արմավիր ճանապարհը բացվեց, բայց՝ պայմանով


  
դիտումներ: 598

Անկախն արդեն տեղեկացրել էր, որ այսօր՝ հունվարի 20-ին, առավոտից բնակիչների կողմից փակվել էր Գյումրի-Արմավիր ճանապարհը՝ Հայկաձոր գյուղի հատվածում:

Անիի տարածաշրջանի մի քանի գյուղերի բնակիչներ իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել ընդդեմ պարտադիր սպանդանոցային մորթի: Խնդիրն այն է, որ Շիրակի մարզում սպանդանոց չկա, իսկ գյուղացիներին պարտադրել մորթը պարտադիր կատարել սպանդանոցում՝ նշանակում է նրանց ստիպել անասունները Շիրակից տեղափոխել Արմավիրի մարզ: Սա հսկայական ծախս է ու մեծ ռիսկեր է պարունակում, հատկապես, երբ չկա անասուն տեղափոխող հատուկ մեքենա:

- Կառավարության էս որոշումը աբսուրդ է, այ ախպեր ջան, եթե ծով չունենք ծովային տրանսպորտ ինչի՞ ենք առնում: Եթե դու օրենք ես հանում, հեչ կողք ու բոլորը հարցրել ես՝ սպանդանոց գոյություն ունի՞: Հո ոտքը ոտքին գցել ու օրենք գրելով չէ: Դա նույնն է, որ ես ավտո չունեմ, բայց ավտոյի համար գույքահարկ տամ, ի՞նչ աբսուրդ բաներ կենեք: Մենք պահանջում ենք օրենքի վերանայում,- ասում են գյուղացիները:

Նրանց բողոքը լսելու և հարցը քննարկելու համար գյուղաիցների հետ հանդիպել է Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանը: Նա հայտնել է, որ այս թեմայի շուրջ վաղը Ազգային Ժողովում քննարկման է մասնակցելու և պետք է խնդրի, որ Շիրակի մարզի համար օրենքի կիրառումը հետաձգեն, մինչև սպանդանոցներ կառուցվեն:

Ցուցարարները բացել են ճանապարհը, բայց և զգուշացրել, եթե իրենց խնդիրը կարճ ժամկետում լուծում չստանա՝ նորից են փակելու: Բնակիչները նշում են՝ անասնամսի վաճառքի հույսով վարկեր ունեն վերցրած ու հիմա ոչ կարող են մորթ կատարել, ոչ էլ վարկերը փակել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: