Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ի ծննդօգնության բաժանմունքի հիմնանորոգման գործընթաց սկսելու նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվել
Նա, մասնավորապես նշել է.
Այսօր մարզպետարանում աշխատանքային հանդիպում ունեցա Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ի ղեկավար կազմի հետ:
Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանն ու մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Անի Չիլինգարյանը:
Հանդիպման նպատակն էր վերհանել և գույքագրել ծննդօգնության բաժանմունքում առկա բոլոր խնդիրներն ու առավելագույն կարճ ժամկետում մշակել ճանապարհային քարտեզ:
Արդյունքում որոշում կայացվեց ստեղծել աշխատանքային խումբ՝ Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ի ծննդօգնության բաժանմունքի վերազինման և հիմնանորոգման գործընթաց սկսելու նպատակով:
Սահմանեցինք քառօրյա ժամկետ, որի շրջանակում աշխատանքային խումբը պետք է ուսումնասիրի և ներկայացնի հաշվետվություն.
▶ բժշկական կենտրոնի 2018-2019թթ. ֆինանսական շարժի ու դրամական միջոցների աճի միտումների, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսավորման հնարավոր աղբյուրների վերաբերյալ
▶ կադրային քաղաքականության ու կադրերի մասնագիտական որակների վերաբերյալ. հարկ եղած դեպքում վերապատրաստման գործընթաց սկսելու համար
▶ բաժանմունքում առկա բժշկական սարքերի պիտանելիության և նորացման, ինչպես նաև առաջնային անհրաժեշտության սարքավորումների տեսակների ու ձեռքբերման եղանակների վերաբերյալ
▶ բաժանմունքում հիվանդասենյակների և ծնարանի ընդհանուր իրավիճակի վերաբերյալ
Վերոնշյալ տեղեկատվության հավաքագրումից հետո այն կդրվի քննարկման. բոլոր այն խնդիրները, որոնք հնարավոր է լուծել մարզպետի լիազորությունների սահմանում, կընդգրվեն մարզպետի աշխատակազմի աշխատանքային օրակարգում, իսկ մարզպետի լիազորություններից դուրս գտնվող խնդիրների լուծման համար կդիմենք ՀՀ առողջապահության նախարարություն: