Էլմիրա Կարապետյան. «Մարզիկներն իրենց երկրի մասին ինֆորմացիա տարածողներ կարծես լինեն»
10 մ օդամղիչ ատրճանակի կանանց մրցաշարում հայ մարզուհին 12 երկրի 23 հրաձգուհիների պայքարում կիսաեզրափակչից անցավ եզրափակիչ, որտեղ 565 միավորով զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը:
Անկախի հետ զրույցում Էլմիրա Կարապետյանը կիսվում է տպավորություններով, խոսում նախապատրաստական ընթացքի և առաջիկա ծրագրերի մասին:
-Շնորհավորում ենք, միջազգային հարթակում տարեսկզբյան հաջող մեկնարկի և բրոնզե մեդալ նվաճելու կապակցությամբ:
-Շնորհակալ եմ: Ամանորյա տոներից շատ չանցած՝ հունվարի 4-ից վերսկսեցի ամենօրյա մարզումներս, որպեսզի լիարժեք պատրաստ լինեի մրցաշարին: Շատ լավ էի տրամադրվել. անցյալ տարի էլ էի մասնակցել քուվեյթյան Գրան պրիին: Ուստի, անհամբեր սպասում էի՝ երբ եմ տեղ հասնելու և տեսնելու մրցակիցներիս:
-5-րդ հորիզոնականով դուրս գալով եզրափակիչ՝ Ձեզ հաջողվեց հրաշալի արդյունք ցույց տալ և մրցանակային հորիզոնականում հայտնվել՝ հատկապես անձնական զենքը Ձեզ հետ չտանելու պարագայում:
-Զենքս ինձ հետ չէր, քանի որ Հայաստանից արաբական երկրներ զենքով թռչելը շատ թանկ արժե: Անցյալ տարի էլ իմ զենքով չէի կրակել: Միակ մտածմունքս այն էր, թե ո՞վ է ձգանս սարքելու, որովհետև ամեն անգամ, երբ ես առանց զենքի եմ թռչում ինչ-որ մեկն ինձ օգնում է, որ կարողանամ կրակել: Այս անգամ անհանգիստ էի, որովհետև մենակ էի թռչում: Ամեն բան բարեհաջող ընթացավ: Շնորհակալ եմ կազմակերպիչներին, որ ամեն անգամ պատրաստակամությամբ և սիրով զենք են տրամադրում, որպեսզի կարողանամ մասնակցեմ մրցմանը:
Նշեմ, որ շատ ավելի լավ արդյունք կարող էի գրանցել, այնքան էլ գոհ չեմ իմ ելույթից: Պարզապես մարզման օրերն էին քիչ, շատ ժամանակ չունեցա նախապատրաստվելու համար: Մրցակցությունը բավական ուժեղ էր, փորձառու մարզիկներ կային՝ օլիմպիական և աշխարհի չեմպիոններ, որոնք հաճախ են մասնակցում տարբեր մրցաշարերի և մրցումներում հանդես գալու փորձ ունեն:
Երբ 5-րդ հորիզոնականով մտա եզրափակիչ, բացարձակ չէի մտահոգվում, քանի որ արդյունքը բացարձակ կարևոր չէ մեր մարզաձևում. կարևորը եզրափակիչ մտնելն է: Առաջին մի քանի կրակից հետո 8-րդ տեղում էի ընթանում, հետագայում ամեն հերթական կրակից հետո հորիզոնականները բարելավեցի և վերջին կրակով բարձրացա 3-րդ հորիզոնական: Այդ պահին արդյունքն իսկապես անսպասելի էր:
-Ձեր մարզաձևը կենտրոնացում է պահանջում: Ինչպե՞ս եք հաղթահարում հուզմունքը:
-Իրականում հուզմունքի բացակայությունը շատ ավելի վատ է. նշանակում է մարզիկն անտարբեր է մրցման նկատմամբ, իսկ եթե անտարբեր է, չի կարող արդյունքի հասնել: Երբ հուզմունքը շատ է լինում, ավելի հեշտ է լինում կառավարել. կան շնչառական վարժություններ, կամ թե հարկավոր է մտածել հաճելի այլ բաների մասին: Ամեն մարզիկ հուզմունքը հաղթահարելու իր տարբերակն ունի: Ես շատ էմոցիոնալ չեմ և կարողանում եմ ինձ վերահսկել և հաղթահարել, բալանսի բերել զգացմունքները:
-Դուք ունեք նաև սպորտային հոգեբանի մագիստրոսի որակավորում: Մասնագիտական հմտություններն օգնու՞մ են:
-Ունենալով Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտի մագիստրատուրայում՝ ստացել եմ նեղ մասնագիտական կրթություն՝ մասնավորապես ուսումնասիրելով մարզիկների հոգեբանությունը հրաձգություն մարզաձևում: Մեր մարզաևում շատ ավելի է կարևորվում հոգեբանությունը, քան մյուսներում: Կրակելու տեխնիկան կարելի է սովորել շատ կարճ ժամանակահատվածում՝ գրեթե 2 ամսում: Դրանից հետո, տվյալ ժամանակում տեղավորովելով, նշանակակետին դիպչելը վարպետություն է պահանջում, որտեղ արդեն ճիշտ հոգեբանական դրսևորում է պահանջվում:
Հաջողության հասնելու համար համբերություն և ամուր նյարդային համակարգ է հարկավոր: Մարզիկի ընտրած ճանապարհը հեշտ չէ. ամենօրյա մարզումներ, ռեժիմի խստագույն պահպանում: Կարծում եմ՝ մարդ պետք է սիրի գործը, որով զբաղվում է: Երբեք չի կարելի գնալ աշխատանքի՝ չսիրելով այն: Ես սիրում եմ իմ մարզաձևը և հաճույքով եմ հաղթահարում ամեն դժվարություն:
-Տարվա հաջող մեկնարկը ոգևորու՞մ է, կամ գուցե պարտավորեցնու՞մ:
Կարծում եմ ավելի շատ ոգևորում է: Միջազգային հարթակում, երբ վեր է խոյանում հայոց եռագույնը , դրանից ավելի հաճելի զգացողություն չկա: Պարտավորեցնող չի, որովհետև սպորտն, ի սկզբանե, արդեն պարտավորեցնում է, եթե ուզում ես ինչ-որ արդյունքի հասնել: Պետք է այդ պարտավորվածույթունն ունենալ, մաքսիմումն անելու և հաջողության հասնելու համար:
Ձեռքբերումներով ես ոգևորվում են, քանի որ շատերը չգիտեն մեր երկրի մասին ու երբ հաջող, առավել ևս հաղթանակած ելույթներ ենք ունենում, և եռագույնը բարձրանում է, օտարերկրացիները մոտենում են, շնորհավորում, հետաքրքրվում են մեր երկրի մասին, սկսում են հարցեր տալ: Մենք նաև հայրենիքի մասին ինֆորմացիա տարածողներ կարծես լինենք, որը շատ կարևր է: Որքան շատ մարդ իմանա մեր մասին, այնքան ուժեղ, հզոր ու ճանաչված կլինենք: Ընկերներ ունեմ, որոնք հետաքրքրվել են ու հետագայում այցելել Հայաստան:
-Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:
-Տարին օլիմպիական է, ամեն կերպ փորձելու ենք ուղեգիր նվաճել:
2 մրցում ունենք, որտեղ կարող ենք վարկանիշ ձեռք բերել: Լեհաստանում մասնակցելու ենք Եվրոպայի առաջնությունը, Չեխիայում էլ՝ վարկանիշային մեկ այլ մրցաշարի: Ուստի, հարկավոր է տրամադրվել, մարզվել, ամեն գնով ուղեգիր նվաճել և գնալ Տոկիո՝ մեդալի հետևից: