Հայերեն   English   Русский  

Իրանն ընդունել է, որ ուկրաինական Boeing-ը խոցել է երկու հրթիռով


  
դիտումներ: 1335

Իրանի Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության երկրորդ նախնական զեկույցը ուկրաինական Boeing-ի աղետի մասին վկայում է,

որ «Տոր-Մ1» ԶՀՀ-ով օդանավը խոցել են գործողության փոքր շառավղի «հող-օդ» դասի երկու հրթիռով: Այս մասին նշված է իրանական գերատեսչության կայքում հրապարակված փաստաթղթում: Հստակեցվում է, որ հրթիռները թռչել են հյուսիսային ուղղությամբ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Խոցվելուց հետո օդանավը սկսել է սրընթաց բարձրությունը կորցնել՝ գտնվելով բնակելի շրջանի երկնքում, որից հետո բախվել է զվարճանքների այգում «խոչընդոտի» եւ ընկել հողի վրա: Այնուհետեւ այն անցել է ֆուտբոլի դաշտով, ամբողջովին ավերվել եւ այրվել:

Զեկույցում նաեւ նշվում է, որ օդանավը Թեհրանից թռչել է տեղական ժամանակով 06:12-ին, օդանավի հետ կապը կորել է, երբ այն 8,1 հազար ֆուտ (շուրջ 2,4 հազար մետր) բարձրության վրա էր:

Կրկնակի դիտարկման ռադարների էկրաններից օդանավն անհետացել է 06:15-ին, առաջնային դիտարկման ռադարներից՝ մոտ 06:18-ին:

Մեհրաբադ օդանավակայանում առաջնային դիտարկման ռադարների տվյալներով՝ օդանավը 06:15-ին ուղուց շեղվել է, սկսել աջ շրջադարձ եւ 3 րոպե տեւողությամբ, հավանաբար, թռիչքը շարունակել է օդանավակայանի ուղղությամբ, որից հետո ռադարներից կորել է մոտ 06:18-ին:

Իրանում ուկրաինական օդանավի կործանումը

Թեհրանից Կիեւ չվերթ կատարող «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» օդանավը չորեքշաբթի վաղ առավոտյան աղետի էր ենթարկվել թռչելուց կարճ ժամանակ անց: Զոհվել էին օդանավում եղած բոլորը՝ 176 մարդ:

Մի քանի օր անց իրանցի զինվորականները ստանձնել էին ողբերգության պատասխանատվությունը՝ հստակեցնելով, որ Boeing-ը շփոթել են թշնամական թեւավոր հրթիռի հետ:

Թեհրանում նշել էին, որ ԱՄՆ-ի կողմից հարձակման էին սպասում, ինչի հետ կապված երկրի ՀՕՊ համակարգերը բերված էին լիակատար մարտական պատրաստության:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Իրանից ակնկալում է մեղքի ամբողջական ընդունում, պաշտոնական ներողություն, մեղավորների պատիժ եւ փոխահատուցումների վճարում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: