Գովազդը
Գովազդի ստեղծման և տարածման իրավական հիմքերը սահմանվում են «Գովազդի մասին» ՀՀ օրենքով: Նախ` օրենքը սահմանում է, թե ինչ է գովազդը, այն է` տարբեր տեսակի տեղեկատվական միջոցների օգնությամբ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, ապրանքների, գաղափարների կամ նախաձեռնությունների մասին տեղեկությունների տարածումն անորոշ թվով անձանց շրջանում, որը կոչված է ձևավորելու կամ պահպանելու հետաքրքրությունը տվյալ ֆիզիկական և իրավաբանական անձի, ապրանքների կամ նախաձեռնությունների նկատմամբ:
Գովազդը պետք է համապատասխանի որոշակի չափանիշների, դրանք խմբավորվում են ըստ հետևյալ երեք հատկանիշների. օրինական, հավաստի և պատշաճ: Գովազդի օրինականության պահանջն արգելում և հակաօրինական է համարում այն գովազդը, որն իրականացվում է օգտագործելով`
- քաղաքացիների վստահությունը, փորձի կամ գիտելիքների պակասը,
- այն սպառողների վարկաբեկման ճանապարհը, որոնք չեն օգտվում գովազդվող ապրանքներից,
- նախապաշարումները և սնահավատությունը,
- անհատ կամ մի խումբ մրցակիցներին, ինչպես նաև արտադրվող և իրացվող ապրանքների հատկությունները վարկաբեկող արտահայտությունները կամ այլ իրավաբանական ու ֆիզիկական անձանց և ապրանքների հետ անհարկի համեմատությունները և այլն:
Գովազդի հավաստիության պահանջն արգելում է այն գովազդը, որում խախտվում է գովազդի հավաստիությունը և որը վերաբերում է`
գապրանքի հատկանիշներին, բնույթին, կազմին, պատրաստման ժամանակին, նշանակությանը, սպառողական հատկություններին, կիրառման պայմաններին, համապատասխանությանը ստանդարտին, քանակին, ծագման երկրին,
- գովազդի հրապարակման պահին ապրանքի արժեքին և գնին,
- երաշխիքային պարտավորություններին,
- հետազոտությունների և փորձարկումների արդյունքներին, տեխնիկական և գիտական հրապարակումներից մեջբերումներին և այլն:
Իսկ ահա գովազդի պատշաճության պահանջի համաձայն` արգելվում է այն գովազդը, որը`
ա) վարկաբեկում է բարոյականության համընդհանուր և ազգային նորմերը,
բ) պարունակում է ռասային, ազգությանը, մասնագիտությանը կամ սոցիալական ծագմանը, տարիքային խմբին կամ սեռին, լեզվին, կրոնական և այլ համոզմունքներին վերաբերող վիրավորական արտահայտություններ, համեմատություններ և պատկերներ,
գ) ուղղակի կամ անուղղակի ձևով արատավորում կամ անհարգալից վերաբերմունք է արտահայտում պետական խորհրդանիշների (զինանշանի, դրոշի, օրհներգի, դրամանիշի և այլն) նկատմամբ,
դ) վարկաբեկում է իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև արտադրական, առևտրային կամ այլ գործունեությունը, մասնագիտությունը, ապրանքատեսակը և այլն:
Օրենքը սահմանում է նաև առանձին տեսակի ապրանքների գովազդի առանձնահատկությունները, օրինակ` արգելվում է ալկոհոլային խմիչքների և ծխախոտի գովազդի ժամանակ ցույց տալ կամ պատկերել դրանց օգտագործման ընթացքը, արգելվում է վիճակախաղի գովազդումը լրատվական թողարկումների ընթացքում, դրանցից 20 րոպե առաջ և 20 րոպե հետո և այլն: