Հայերեն   English   Русский  

Բանկ և բանկային գործունեություն


  
դիտումներ: 9741

Որոշ աղբյուրների համաձայն` առաջին բանկերը կամ բանկանման հաստատություններն ի հայտ են եկել դեռևս մ.թ.ա. VII դարում, Բաբելոնում: Այդ ժամանակաշրջանից հայտնի են առաջին բանկային տոմսերը` հուդուները (hudu), որոնք ոսկու հետ հավասար շրջանառվել են: Հայտնի է նաև, որ Հին Հունաստանում անգամ դրամ են փոխանակել և ի պահ ընդունել:

Ի վերջո, ի՞նչ է բանկը: Ընդհանուր առմամբ, բանկը շահույթ ստանալու նպատակ հետապնդող իրավաբանական անձ է: Որպես հատուկ գործունեություն իրականացնող իրավաբանական անձ` այն պետք է ունենա համապատասխան լիցենզիա, որը տրվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Լիցենզիայի տրամադրման գործընթացը բաժանվում է 3 փուլի`

1. լիցենզիա ստանալու նախնական հավանությունը.

2.բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի գրանցումը.

3.լիցենզիա տալը:

Բանկի կողմից իրականացվող առևտրային գործունեությունը համարվում է բանկային գործունեություն:

Իսկ ի՞նչ է ենթադրում բանկային գործունեությունը: Բանկային գործունեություն է համարվում ավանդներ ընդունելը կամ ավանդներ ընդունելու առաջարկությամբ հանդես գալը և ավանդն ընդունողի անունից և ռիսկով դրանք տեղաբաշխելը վարկեր, ավանդներ, դեպոզիտներ տրամադրելու կամ ներդրումներ կատարելու միջոցով:

Ներկայացնենք որոշ գործառույթներ, որոնց իրականացման իրավասությամբ օժտված են բանկերը.

ընդունել ցպահանջ և ժամկետային ավանդներ.

տրամադրել առևտրային և սպառողական վարկեր, այդ թվում` հիփոթեքային վարկեր, իրականացնել պարտքի կամ առևտրային գործարքների ֆինանսավորում, ֆակտորինգ.

տրամադրել բանկային երաշխիքներ և ակրեդիտիվներ (վարկային նամակներ).

բացել և վարել հաշիվներ, այդ թվում` այլ բանկերի թղթակցային հաշիվներ.

մատուցել այլ վճարահաշվարկային ծառայություններ և (կամ) այլ կերպ սպասարկել հաճախորդների հաշիվները.

թողարկել, գնել (զեղչել), վաճառել և սպասարկել արժեթղթեր, կատարել նման այլ գործառնություններ.

գնել, վաճառել և կառավարել բանկային ոսկի և ստանդարտացված ձուլակտորներ ու հուշադրամ.

իրականացնել ֆինանսական վարձակալություն (լիզինգ).

ի պահ ընդունել թանկարժեք մետաղներ, քարտեր, ոսկերչական իրեր, արժեթղթեր, փաստաթղթեր և այլ արժեքներ

և մի շարք այլ գործառույթներ:

Իսկ բանկային համակարգը ներառում է ՀՀ կենտրոնական բանկը, Հայաստանի տարածքում գործող բանկերը, նրանց մասնաճյուղերը, ներկայացուցչությունները, գործառնական գրասենյակները (կետերը), ինչպես նաև օտարերկրյա բանկերի ՀՀ տարածքում գործող մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: