Հավելյալ ջրառի հետևանքով Սևանի մակարդակն իջել է 10 սմ-ով և մինչև տարեվերջ կշարունակի իջնել. ջրաբան
Իսկ օրեր առաջ կառավարության որոշմամբ ջրառի ծավալն ավելացվեց` հասցվելով 270 մլն խմ-ի: Իրողությունը առաջացրել է բնապահպանների մտահոգությունը, քանի որ նման ծավալով ջրառի կարիք կարող էր չառաջանալ:
Օրենքով սահմանվածից ավելի ջրառի իրական պատճառների և հնարավոր հետևանքների մասին «Անկախը» զրուցել է տեխնիկական գիտությունների թեկնածու, ջրաբան Քնարիկ Հովհաննիսյանի հետ:
- Տիկին Հովհաննիսյան, օրենսդրությամբ Սևանից տարեկան ջրառի ծավալը 170 մլն խմ է սահմանված: Սակայն 2008-ից ի վեր մշտապես ավելի ջուր է բաց թողնվում, հիմնականում` երաշտի պատճառաբանությամբ: Ըստ Ձեզ` ո՞րն է նման քայլի իրական նպատակը:
-Իսկապես, 2008-ին կրկնակի ջրառ կատարվեց` չնայած մեր պնդումներին, որ երաշտային տարի չէ: Այս տարի 170-ի փոխարեն նախ 240 մլն խմ ջուր պահանջվեց, հետո արդեն 270 մլն խմ: Բայց ե՞րբ է այս տարվա չափ անձրևային եղել: Պատասխանատու մարմինները պնդում են, թե ձյունը, որը կուտակվում է լեռներում ձմռան ընթացքում, գարնանը միանգամից հալչում, գնում կորչում է: Ինչո՞ւ է կորչում, չեմ հասկանում: Եթե ջրամբարները սարքին լինեն, արտահոսք չունենան, մենք ջուր չենք կորցնի:
Երկրորդ` երբ լճի մակարդակը բարձրանա, հարկ կլինի ջրի տակ մնացած մի շարք ճանապարհներ, կոմունիկացիաներ վերակառուցել, ինչը թանկ հաճույք է: Բայց Սևանի գինը, կարծում եմ, առավել է թե՛ մեր ժողովրդի համար, թե՛ որպես համամարդկային արժեք իր յուրահատկության շնորհիվ:
Երրորդ պատճառը նա է, որ ափամերձ շատ շինություններ պատկանում են բավական ազդեցիկ մարդկանց, անձանց, որոնք կարող են որոշում ընդունել` շրջանցելով օրենքը: Նրանք չեն ուզում, որ ջրի մակարդակը բարձրանա այնքան, որ իրենց շենքերը ողողվեն:
Վերջին և ամենազարհուրելի պատճառը. մի շարք բնապահպանների ուսումնասիրությունները վկայում են, որ ջրառի մի մասն անցկացվում է ոմանց պատկանող հիդրոէլեկտրակայաններով: Դա մաքուր եկամուտ է, որը չի հարկվում: Իսկ աշխատած ջուրը տուրբիններից հետո լցվում է գետը և գնում մեր հարևան երկրներ: Ջուրը բաց է թողնվում գյուղացուն տալու պատրվակով, բայց իրականում նրան չի հասնում: Բազմաթիվ ռեյդեր ենք կատարել ու հարցումներ գյուղացիների շրջանում, թե ինչ է փոխվել ոռոգման համակարգում, ինչն է բարելավվել: Բոլորը բողոքում են, թե ջուր չեն ստանում, այգիները, ցանքսերը չորանում են: Կարծում եմ, որ եթե Սևանից ջուրը բաց չթողնվեր, գյուղացին կստանար նույն քանակությամբ ջուր, ինչ հիմա է ստանում:
- Այս տարվա հունվարին կառավարությունը որոշում ընդունեց առաջիկա հինգ տարիների համար Սևանից ջրառի ծավալ սահմանել մինչև 240 մլն խմ: ԱԺ-ն միայն մեկ տարվա ջրառի թույլտվությունը հաստատեց: Բայց հավանաբար նույնը կլինի և հետագա տարիներին: Նման քանակությամբ ջրառն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Սևանա լճի համար:
- Այո, բնապահպանների ջանքերի շնորհիվ ԱԺ-ում որոշում ընդունվեց, որ հետագա տարիներին էլ, ելնելով ընթացիկ տարվա իրավիճակից, կարելի է նորից դիմել ԱԺ-ին այդ հարցով, ուստի բավարարվեցին միայն մեկ տարվա թույլտվությամբ:
Ներկա դրությամբ Սևանի մակարդակն իջել է 10 սմ-ով, փորձագետների գնահատմամբ` մինչև տարեվերջ կիջնի 12 սմ-ով: Եթե մենք այսպես շարունակենք հինգ տարի շարունակ, նշանակում է ամենաքիչը 50 սմ-ով, այսինքն` կես մետրով կիջնի Սևանի մակարդակը: Դա աղետալի հետևանքներ կարող է ունենալ Սևանի էկոհամակարգի համար: Մեր բնակչության 95 տոկոսն այժմ կենցաղային ջրամատակարարման համար օգտագործում է մաքուր բարձրորակ ջուր ստորգետնյա ավազանից, որն անգամ մշակման չի ենթարկվում, միայն մի փոքր քլորացվում է: Սևանա լճի մակարդակն իջեցնելով` կարող ենք վտանգել այդ ավազանը և զրկվել մեր խմելու ջրի պաշարներից:
Ինչի՞ համար էինք բարձրացնում լճի մակարդակը, որպեսզի Սևանի սանիտարական վիճակը, նրա կենսաբազմազանությունը վերականգնվի: Ունեցել ենք բարձրորակ քաղցրահամ ջուր Սևանում, բայց հիմա կամաց-կամաց գնում ենք դեպի ճահճացում: Սևանի մակարդակն իջեցնելով` վտանգի տակ ենք դնում նաև մեր ստորգետնյա ջրերի պաշարները: Սևանն ունի այնպիսի դիրք, որ ազդում է ներքին հորիզոններում գտնվող գետերի հոսքի վրա: Այդ ազդեցությունն արդեն իսկ զգալի է, գետերը դարձել են միայն գարնանը ջուր տեղափոխող գետեր:
Արփա-Սևան թունելով եկող ջուրը ևս լրիվ չի հասնում Սևան, մեծ մասն ուղղորդվում է դեպի Եղեգիս գետը, որի վրա կառուցված են բազմաթիվ փոքր ՀԷԿ-եր, որոնք պատկանում են ազդեցիկ «ընտրյալների», այդ իսկ պատճառով ջուրն ուղղվում է դեպի Եղեգիս:
- Բնապահպանության նախարարությունից նշում են, որ հավելյալ ջրառները չեն ազդում նախապես սահմանված ջրի մակարդակի բարձրացման տեմպերի վրա, ավելին, մակարդակի բարձրացման առումով 6 տարի առաջանցիկ վիճակում ենք: Որքանո՞վ եք համամիտ ասվածին:
- Մենք ջրի մակարդակը պետք է բարձրացնենք 6 մետրով, որպեսզի դառնա այն Սևանը, որն ունեցել ենք: Հիմա ի՞նչ, մի քիչ բարձրացրել ենք, նշանակում է կարող են նաև իջեցնե՞լ: Դա թյուրիմացություն է: Ինչի՞ համար ենք ընդունել «Սևանա լճի մասին» օրենքը, որպեսզի հետո խախտե՞նք: Լավ է, որ գոնե տարին անձրևային էր, այլապես ջրի մակարդակն ավելի շատ կիջներ: Նախարարությունում, կարծում եմ, շատ լավ գիտակցում են, որ ջրի մակարդակի կտրուկ փոփոխությունները բացասական են ազդում լճային համակարգերի որակական ցուցանիշների վրա:
- Տիկին Հովհաննիսյան, Ձեր կարծիքով ի՞նչ այլընտրանք կա հավելյալ ջրառին:
- Ջրամբարները, Արարատյան դաշտի ոռոգման համակարգը պետք է կարգի բերել, նորոգել փականները, կարգավորել շատրվանող հորերի աշխատանքը: Եթե կարգի բերենք ջրային տնտեսությունը, Սևանից ոչ մի կաթիլ ավելի ջրառի կարիք չի լինի, ջուրը կբավականացնի: Շատ ծանր է Արարատյան դաշտի վիճակը: Այնտեղ էլ արտեզյան ջրավազանի մակարդակն իջել է մի քանի տասնյակ մետրով: Ոռոգման համար ջուրը բավարար չէ: Դա լիովին կապված է ջրային քաղաքականութան սխալ վարման հետ, ջրային պաշարների անխնա, թույլատրված քանակից ավելին օգտագործելու հետ: Համոզված եմ, որ այն ատյանները, որոնք պարտավոր են ջրային տնտեսությունը կարգի բերել, սխալ ինֆորմացիա են հաղորդում ղեկավարությանը, և նրանց թվում է, որ ամեն ինչ կարգին է համակարգում, մեղավորը բնությունն է, եկեք Սևանից թողքը ավելացնենք: Բայց բնությունը շարունակական սխալներին պատասխանում է իր ձևով:
- Վերջին տարիներին շատ է խոսվում Արարատյան արտեզյան ավազանի պահպանության մասին: Ջրային տնտեսությունը կարգի բերելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը բավարա՞ր եք համարում:
- Բայց ի՞նչ քայլեր են ձեռնարկվում: Մի ամիս առաջ եմ տեղում եղել, ոնց որ ջուրը ծորում էր համակարգի հանգույցներում, այնպես էլ ծորում է, շատրվանող հորերը նույնությամբ շատրվանում են: Ծրագիր կա, որ պիտի փակել շատրվանող հորերը: Բայց փակվում են այն հորերը, որոնք իրականում պետք չէ փակել: Իսկ այն հորերը, որոնք պատկանում են ազդեցիկ անձանց, չեն փակվում: Այսպես ջրային տնտեսություն չի կառավարվի:
- Օրեր առաջ վարչապետն առաջարկեց անկախ փորձագետների աշխատանքային խումբ ձևավորել Սևանի հիմնախնդիրն ուսումնասիրելու համար: Ի՞նչ փուլում է գործընթացը, և ի՞նչ եք ակնկալում քննարկումներից:
- Աշխատանքային խումբը կազմավորման փուլում է: Փորձագետները կամավոր հիմունքներով են աշխատելու օբյեկտիվ և անաչառ եզրակացության գալու համար:
Աշխատանքային խումբը կփորձի փաստերով հիմնավորել, թե ինչպես եկանք այս վիճակին և ինչ քայլեր է պետք ձեռնարկել, որ գոնե դադարեցնենք բացասական ջրային հաշվեկշիռը մեր երկրում, քանի որ դա կհանգեցնի անվերականգնելի հետևանքների: