Հայերեն   English   Русский  

​Ինչպես մահացած շախմատիստը հաղթեց մրցակցին


  
դիտումներ: 1819

Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում կայացած Շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի կանանց հավաքականը զբաղեցրեց 5-րդ, տղամարդկանց ընտրանին` 8-րդ տեղը:

Եթե մեր շախմատիստուհիները նախկին օլիմպիադաներում այդպիսի բարձունքում չէին եղել, ապա օլիմպիադաների եռակի և աշխարհի չեմպիոն Հայաստանի շախմատիստների ընտրանին ոչ միայն կորցրեց չեմպիոնի տիտղոսը, այլև մրցանակակիր չդարձավ: Օլիմպիադան տխուր էր նաև այն առումով, որ երկու խաղացող մահացավ: Զրուցեցինք օլիմպիադայի վարչական տեխնիկական պանելի նախագահ, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանի հետ: Այս անկախ գործող կառույցը մեծածավալ աշխատանք էր կատարում` հետևում էր հայտերին, ներկայացված կազմերին, իրականացնում մրցակից թիմերի վիճակահանությունը, գրանցում արդյունքները, հաշվարկում ու ամփոփում դրանք, կոչումների շնորհման համար համակարգում մարզիկների ցուցանիշները և այլն: Փաստորեն, այս ստորաբաժանման ղեկավարը գլխավոր մրցավարից հետո զբաղեցնում էր ամենաբարձր պաշտոնը:

- Օլիմպիադայի օրերին ահազանգեր կային, որ մի շարք կազմակերպչական խնդիրներ կան: Մահվան դեպքերն ինչպե՞ս պատահեցին, ի՞նչ է կատարվել իրականում:

- Սեյշելյան կղզիների ներկայացուցիչը, որ մահացավ վերջին տուրում, 67 տարեկան էր և հանդես էր գալիս երկրորդ խաղատախտակի առջև, իսկ նրա երիտասարդ որդին` առաջին: Շախմատիստը մահացավ մրցամարտի թեժ պահին, որդու կողքին նստած: Երբ հայրն աթոռից ընկել է, որդին, չհասկանալով տեղի ունեցածը, բղավել է, թե ատրճանակով կրակել են: Շրջապատողներն էլ խուճապի են մատնվել, քանի որ օլիմպիադայից առաջ խոսում էին, թե հնարավոր են ահաբեկչության դեպքեր: Իրարանցման ժամանակ ներկաներից մեկն էլ բղավել է, թե ռումբ է տեղադրված, և մասնակիցների մեծ մասը շտապ լքել է խաղասարահը: Կազմակերպիչներն արագ կողմնորոշվեցին, թե ինչ պետք է անել: Մեկ րոպե անց բժիշկները մահացածի կողքին էին, իսկ 10 րոպե հետո շտապ օգնությունը տեղ հասավ: Կարճ ժամանակում այն հատվածը, որտեղ կատարվել էր դեպքը, առանձնացվեց: Բժիշկները 1 ժամ 40 րոպե պայքարում էին, որ խաղացողի կյանքը փրկեն: Տեղում մահվան դեպքի մասին ոչինչ չասվեց, բայց արդեն անշնչացած շախմատիստին տեղափոխեցին հիվանդանոց: Օլիմպիադայի ամենախառանաշփոթ վիճակն էր: Վերջին տուրն էր, մի շարք մրցակիցներ, չշարունակելով պայքարը, անմիջապես հաշտություն կնքեցին: Մահացածի հակառակորդը պարտիայում շահած դիրք ուներ, սակայն հանձնվեց: Եվ այնպես ստացվեց, որ մահացած շախմատիստը հաղթեց մրցակցին: Սա այս մարզաձևում եզակի դեպք է: Մահվան մյուս դեպքը գրանցվեց արդեն վերջին տուրի ավարտից հետո, այն հյուրանոցում, որտեղ ես էի իջևանել: Կյանքին հրաժեշտ տվեց Ուզբեկստանը ներկայացնող խաղացողը, որը հանդես էր գալիս խուլ և համր շախմատիստների աշխարհի հավաքականի կազմում:

- Դժգոհություններ շատ են հնչել, նաև այդ մասին մեր առաջատար շախմատիստներից Լևոն Արոնյանը և էլինա Դանիելյան են հայտնել, որ խաղասրահում տոթ, անտանելի վիճակ էր: Մի՞թե հնարավոր չէր ավելի հարմար մրցավայր ընտրել:

- Բոլորի համար էլ պարզ էր, որ մարզասրահը չի համապատասխանում օլիմպիադայի պահանջներին: Այդ մասին շատ է ասվել: Բայց նախկինում ավելի վատ պայմաններում է Շախմատի համաշխարհային օլիմպիադա անցկացվել: Օրինակ` 2004-ին Մալյորկայում կայացած ստուգատեսում առաջատար հավաքականները շատ ավելի անտանելի վիճակում էին խաղում: Իսպանիայում պատկերը մի քանի անգամ ավելի տխուր էր, քան Նորվեգիայում: Տրոմսյոյում էլ ամենավատ դրության մեջ առաջատար թիմերն էին: Բանն այն է, որ տարածքը նեղ էր: Ընդ որում, երեք մրցամարտ` 12 պարտիա, ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվում էր հեռուստատեսությամբ: Թերևս դա բացասական էր անդրադառնում: Մի շարք տեսախցիկներ էին տեղադրվել և տարածքը գրեթե անանցանելի էր: Իսկ առաջատարների թիմի խաղին հետևելու ցանկություն ունեցողներն անհամեմատ շատ էին: Միակ տրիբունան առաջատարի հատվածի մոտ էր սարքավորվել, նեղվածք էր: Այնպես էր ստացվել, որ առաջատարներն ավելի վատ վիճակում էին մրցում, քան մյուսները: Ամոթ էր, որ այդ շինությունն օգտագործվում էր որպես օլիմպիադայի մրցավայր: Այն օլիմպիադայի մեկնարկից մի քանի ամիս առաջ ծառայել էր որպես գարեջրի գործարանի դատարկ տարաների պահեստ: Թեև բետոնե պատերը հապճեպ ներկվել էին, որոշ հատվածներ ծածկվել էին պաստառներով, բայց անհրապույր պատկերը չէր փոխվել: Երբ տարածքից դուրս էիր գալիս, անմիջապես համոզվում էիր, որ անկապ տեղում ես: Դրսում մեծ թվով զուգարաններ էին տեղադրվել: Ժամանակավոր ջրի և կոյուղու գծեր էին միացվել: Բայց և այնպես, զուգարանները չէին բավականացնում, մարդիկ անհարմար վիճակում էին, քանի որ գնալ-գալու համար մեծ տարածք պետք էր անցնել: Դահլիճում օդափոխություն չէր կատարվում: Առաջին օրերին դրսում օդի ջերմաստիճանը ցածր էր: Եվ եթե դարպասներին մոտ խաղացողների համար ցուրտ էր, ապա խորքում շոգ էր: Մարզասրահի վերջում ոչ մի օդափոխություն չկար:

Ի դեպ, նորվեգացիները պարտավորվել էին, որ օլիմպիադայի համար հատուկ մարզասրահ են կառուցելու, որի խաղասրահը 10 հազար քմ տարածք է զբաղեցնելու: Մինչդեռ, այն բազան, որը ծառայում էր որպես մրցավայր, օժանդակ կառույցների հետ մասին ընդամենը 6 հազար քմ էր: Ծրագրի իրականացմանը հավանաբար խանգարել էր ֆինանսական միջոցների պակասը: Նորվեգացիները պարտավորվել էին առանձին շինություն կառուցել, որի միայն հիմքն էր դրվել: Կազմակերպիչները խնդիրներ ունեին նաև մասնակիցներին տեղավորելու հարցում: Հարյուրավոր մրցավարներ իջևանել էին Տրոմսյոյից 70 կմ հեռու գտնվող մի հյուրանոցում, որը հանգստի հիանալի պայմաններ ուներ: Բայց մրցավարներն այդտեղ միայն գիշերում էին, քանի որ առավոտյան դուրս էին գալիս և շատ ուշ հոգնած վերդառնում: Տրոմսյոն ակնհայտորեն պատրաստ չէր հյուրընկալելու օլիմպիադայի բոլոր մասնակիցներին: Օլիմպիադայի ղեկավարությունը, նաև ես ու Հայաստանի պատվիրակությունը իջևանել էինք Տրոմսյոյի «Ռեդիսոն բլյու» հյուրանոցում: Այն մրցավայրին մոտ էր, ոտքով կարելի էր հասնել 8-10 րոպեում: Նույն հյուրանոցում էին մի շարք երկրների, նաև Ադրբեջանի, ԱՄՆ-ի հավաքականները: Վերջինիս կազնում էին Վարուժան Հակոբյանը, Տաթև Աբրահամյանը և Մելիքսեթ Խաչիյանը, որը ԱՄՆ-ի կանանց հավաքականի գլխավոր մարզիչն է: Սնունդը միօրինակ էր, քանի որ հիմնականում ձկնեղեն էր մատուցվում: Մսի սիրահարները խնդիր ունեին:

- Օրինաչա՞փ էր Չինաստանի տղամարդկանց և Ռուսաստանի կանանց հավաքականների հաղթանակը:

- Ռուսաստանի կանանց հավաքականն ամբողջ մրցաշարը վերելքով անցկացրեց և պարտվեց միայն Ուկրաինայի թիմին: Հոգեբանական խնդիրներ կային ու ոչ միայն Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայիս հակամարտության պատճառով: Ուկրաինայի թիմից Ռուսաստանի հավաքական է տեղափոխվել բարձրակարգ շախմատիստուհի Եկատերինա Լահնոն: Իսկ Չինաստանի տղամարդկանց հավաքականը երիտասարդական կազմով էր խաղում, և հաղթանակն անակնկալ էր, թեև այդ երկրի ներկայացուցիչներից լավ արդյունք էր սպասվում: Ինչ վերաբերում է Հայաստանի տղամարդկանց հավաքականին, ապա հանգիստ էինք և հավատում էինք, որ ամեն ինչ լավ կլինի, բայց թիմում կայծ չկար: Խնդիրն այն է, որ մերոնք չեն խաղացել այնպես, ինչպես կարող են: Մեր շախմատիստները ոչ թե պայքարում էին, այլ ուղղակի պարտիաներ էին անցկացնում: Թե ինչու բռնկում չկար, պետք է մարզիչները կամ պատասխանատուները պարզեն: Մտածելու առիթ կա: Թիմում ընդգրկված էր Հայաստանի չեմպիոն Տիգրան Քոթանջյանը, սակայն նրան մեկ պարտիայից ավելի չվիճակվեց խաղալ: Այդ պարտիայում Տիգրանը դժվարին պայքարում հաղթեց: Մինչդեռ թիմին անհրաժեշտ է շախմատիստ, որը դժվարին պահերին կկարողանա փոխարինել, սատարել խաղընկերներին: Ստացվում է, որ Հայաստանի չեմպիոնը ձևական է հավաքականում, նա կխաղա, թե ոչ, որոշում է գլխավոր մարզիչը: Եթե մեր չեմպիոնին չենք վստահում, ուրեմն ամեն ինչ կարգին չէ:

- Օլիմպիադայի օրերին կայացան Շախմատի միջազգային ֆեդերացիայի և Եվրոպայի ֆեդերացիայի համաժողովները, ընտրվեցին նախագահներ: Հայաստանից ո՞վ էր մասնակցում դրանց:

- Մեր երկիրը որպես պատգամավոր երկուսում էլ ներկայացնում էր ՖԻԴԵ-ի պատվավոր փոխնախագահ Վանիկ Զաքարյանը: Ընտրություններում անսպասելի ոչինչ չեղավ: ՖԻԴԵ-ի նախագահ ընտրվեց Կիրսան Իլյումժինովը: Նրա մրցակից Գարրի Կասպարովը պարզապես փորձեց ստվեր գցել և չպայքարեց: Մինչև համաժողովը պարզ էր, որ Իլյումժինովը կվերընտրվի: Նա նախապատրաստական մեծ աշխատանք էր կատարել: Կասկած չկար, որ կպարտվի բուլղարացի Սիլվիո Դանաիլովը, և նրա փոխարեն Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ կընտրվի վրացի Զուրաբ Այզմարփարաշվիլին, քանի որ բուլղարացու դիրքերը թույլ էին: Նա սխալ քայլեր արեց, երբ սկսեց սատարել Կասպարովին: Եվրոպայի ներկայացուցիչների մեծ մասն աջակցում էր Իլյումժինովին: Դանաիլովը չորս տարի շարունակ հակամարտում էր ՖԻԴԵ-ի հետ, որը շախմատի ներկայացուցիչների համար ձեռնտու չէր: Ի դեպ, ես ընտրվեցի ՖԻԴԵ-ի կանոնների հանձնաժողովի նախագահ և փոխարինեցի աշխարհահռչակ հոլանդացի մրցավար Գերտ Գեյսենին, որը, դառնալով 80 տարեկան, ինքնակամ ազատել է զբաղեցրած պաշտոնը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: