Հայերեն   English   Русский  

Մտահոգիչ փաստեր Ջավախքում հայության թվի և ծնելիության ցուցանիշների մասին


  
դիտումներ: 941

Թանկագին հայրենակիցներ,

2015 թ. ապրիլին` Հայոց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի օրերին, աշխարհասփյուռ հայությունը մեկ կարևոր հաստատում կատարեց. անցյալում թողնելով արտասուքն ու սուգը` հայը հանձինս իրեն տեսավ որպես հառնող, բռունցքվող, պայքարող, հայրենատեր ու պահանջատեր մեկին: Հառնումի ու վերածննդի խորախորհուրդ ապրիլին, ավելին` հենց 24-ին Հայրենի Ջավախքի Նինոծմինդա (նախկին Բոգդանովկա) քաղաքի Վ. Հովսեփյան փողոցի թիվ 35 տանը, Մերուժան Քաջոյանի երիտասարդ ընտանիքում լույս աշխարհ եկան երկվորյակ դուստրերը` Վերոնիկա և Վիկտորյա Քաջոյանները: Սեփական հայրենիքին ու ազգին առավել մեծ պարգև, քան զավակ ունենալն է, անհնար է պատկերացնել: Իսկ երբ այդ զավակները լույս աշխարհ են գալիս ողջ ազգի համար վերընձյուղվելու խորհրդանիշ դարձած ապրիլի 24-ին, ապա հաստատորեն կարող ենք շեշտել, որ Վերոնիկան և Վիկտորյան ինքնին դարձել են հայության ապրելու և հարատևման առհավատչյան:

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամն իր կազմավորման առաջին իսկ օրերից` 2014 թ. սկզբից, հաստատել և իրականացնում է «Աջակցություն Ջավախքի բազմազավակ ընտանիքներին» խոշորածավալ ծրագիրը, որով մինչ օրս աջակցություն ստանալու հայտ են ներկայացրել Ջավախքի բոլոր շրջաններից շուրջ 230 բազմազավակ ընտանիքներ: Աջակցության հայտ ներկայացրած ընտանիքների շարքում է նաև Մերուժան Քաջոյանի ընտանիքը (եկվորյակ դուստրերի լույս աշխարհ գալով Քաջոյանների ընտանիքում երեխաների թիվը դարձավ 3), որին տրամադրվելիք պարգևավճարի չափը կազմում է 1.000,0 լարի (ներկա փոխարժեքով` մոտ 500 $):

Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ օրերս հրապարակված Վրաստանի պաշտոնական վիճակագրական մարմինների տվյալները ողջ երկրի հայության և հատկապես ջավախահայության մասով ներկայացնում են խիստ տխուր պատկեր, համաձայն որոնց` ջավախահայության թիվը վերջին 13 տարիների համեմատ նվազել է շուրջ 30 %-ով, շուրջ 2-3 անգամ ընկել է նաև ծնելիության գործակիցը` երբեմնի 36-ի փոխարեն դառնալով 13-15 (տարեկան 1.000 մարդու հաշվարկով): Արդյունքում, օրինակ, Ախալքալաքի շրջանի հայության թիվը նվազել է՝ հասնելով մինչև 44,9 հազ. մարդու (նախկին 63.092 մարդու փոխարեն (1989 թ.)), Նինոծմինդայինը՝ 24,5 հազ. մարդու (նախկին 34.000 մարդու փոխարեն (1989 թ.))։ Նվազել է նաև ջավախահայության տեսակարար կշիռը, և եթե նախկինում հայերը կազմում էին Սամցխե-Ջավախք նահանգի և Ծալկայի շրջանի ընդհանուր ազգաբնակչության 65-70%-ը, ապա նոր ցուցանիշներով այն չի հատում 50%-ի սահմանագիծը։

Ելնելով այս հանգամանքից` օրվա հրամայական է դառնում ջավախահայության ծնելիության խթանմանն ուղղված ծրագրերը, որոնցից մեկը արդեն ներկայացրինք վերևում: Ապրիլի 24-ին լույս աշխարհ եկած Վերոնիկան և Վիկտորյան մատնանշում են հայկական շարունակականությունը երկիր մոլորակի վրա:

Յուրաքանչյուր շահառուին հատկացվելիք աջակցության դրամական չափը, կախված երեխաների թվից, կազմում է 500-700 $:

«Աջակցություն Ջավախքի բազմազավակ ընտանիքներին» ծրագրով աջակցություն ստացածների ցուցակը կարող եք տեսնել այստեղ:

Ծրագրով հայտ ներկայացրած և աջակցության սպասող ընտանիքների ցանկը կարող եք տեսնել այստեղ:

Պարգևավճարի տեսքով տվյալ ընտանիքին հանձնված յուրաքանչյուր անհատի նվիրատվություն զետեղվում է կայքում, իսկ համապատասխան ֆինանսական հաշվետվությունը ներկայացվում է նվիրատուին:

Նվիրատվությունը հնարավոր է իրականացնել ինչպես առձեռն, այնպես էլ փոխանցումով, սեղմելով այստեղ:

Աջակցե’նք Հայրենի Ջավախքի բազմազավակ ընտանիքներին, դառնա’նք մասնակիցը աստվածահաճո այս գործի` գիտակցելով, որ Ջավախքում ծնված յուրաքանչյուր զավակ ինքնին հանդիսանում է Ջավախքի և ընդհանրապես հայության հարատևման խորհրդանիշը:

Վահե ՍԱՐԳՍՅԱՆ

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի

գործադիր տնօրենի տեղակալ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: