Արամ Ա կաթողիկոսը Սիսի կաթողիկոսարանի պահանջով հայցի վերաբերյալ հարցազրույց է տվել New York Times-ին
«Սա առաջին իրավական քայլն է: Դրան կհաջորդեն մեր պահանջները` վերադարձնելու բոլոր եկեղեցիները, վանքերը, եկեղեցապատկան հողերը և, ի վերջո, անհատական սեփականությունները: Մենք պետք է առաջ գնանք քայլ առ քայլ»,- ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը:
Արամ Ա կաթողիկոսը տեղկացրել է նաև, որ Թուրքիայի սահմանադրական դատարանը դեռևս որևէ պատասխան չի տվել իրենց ներկայացրած հայցադիմումին, և գուցե դատավորներն այն պարզապես անտեսել են:
Այդուհադերձ թուրքական Քոզանի (Սիս) քաղաքապետ Մուսա Օզթուրքը հայկական կողմի ներկայացրած դիմումին անմիջապես արձագանքել էր` նշելով. «Անգամ մի փոքր հողակտոր չի տրվի որևէ մեկին»:
Արամ Ա կաթողիկոսը, որը երբեք չի այցելել Սիսի կաթողիկոսարանի տարածք, նշել է, որ մտավախություն ունի, թե թուրքական իշխանությունները իրենց գործողություններով վերացրել են այդտեղից հայկական ինքնության հետքը: Նա նաև հայտնել է, որ իրենց դիրքորոշումը դատական գործընթացում հակառակ է քրիստոնեական արժեքներից մեկին` ներողամտությանը: «Ներողամտությունը գալիս է, երբ կա խոստովանանք, զղջում, մեղքի ընդունում: Հաշտեցումը մեր համամարդկային արժեքների և հավատի մի մասն է, բայց նախ և առաջ Թուրքիան պետք է հաշտվի սեփական անցյալի հետ»,- ասել է Արամ Ա կաթողիկոսը:
Եկեղեցու առաջատար փաստաբան Փայամ Ախավանը, որը ևս տվյալ գործում ներգրավված իրավաբաններից է, ամերիկյան պարբերականի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ թուրքական դատարանի կողմից մերժում ստանալու դեպքում հայցը տեղափոխելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: «Մենք սեփականության պահանջ ենք ներկայացրել: մենք չենք խնդրում, որ ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Մեր պահանջը շատ պրագմատիկ է»,- նշել է նա: