Հայերեն   English   Русский  

Պապիլոմայի վարակն ու բուժման միջոցները


  
դիտումներ: 20520

Պապիլոման վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչը մարդու պապիլոմայի վիրուսն է: Այս հիվանդությունը բժշկությունը որակում է որպես բարորակ նորագոյացություն, որը հիմնականում մարդուն լուրջ հետևանքներով չի սպառնում: Այդուհանդերձ, այն բուժել հարկավոր է:

Գոյություն ունեն այդ վարակի հարյուրավոր տարատեսակներ, ու դրանցից տնային պայմաններում ազատվելն այնքան էլ դժվար գործ չէ:

Պապիլոմայի վարակի դեմ արդյունավետ միջոցներ

1.Ծիծեռնախոտի հյութ

Ծիծեռնախոտը կամ կանթեղախոտը (չիստոտել) պապիլոման վերացնելու ամենաարդյունավետ միջոցն է համարվում: Այդ նպատակով օգտագործվում է բույսի արմատահիմքից 5 սմ հաստությամբ հատված (ծաղիկներով, տերևներով): Պետք է քամել բույսի դեղին հյութը, ապա ստացվածը քսել ախտահարված մասերին, ծածկել բժշկական ծեփուկով կամ ախտահանված թանզիֆով, որոնք նույնպես պետք է տոգորել այդ հյութով:

Մաշկի ախտահարված հատվածին 10-15 րոպե ընդմիջումով քսել այդ հյութը 4 անգամ: Իսկ ամբողջ պրոցեդուրան կրկնել օրական 2-3 անգամ: Տվյալ միջոցի ազդեցությունն արագացնելու համար առաջարկվում է սննդաբաժնից բացառել ալկոհոլն ու յուղոտ մթերքը:

2. Գերչակի ձեթ

Այս ձեթը պարունակում է պապիլոմայի ուռուցքը գրգռող թթու: Ախտահարված հատվածի շուրջը պետք է գերչակի ձեթով պատել: Առաջարկվում է քսել մերսման շարժումներով` 5-7 րոպե, ապա մշակված հատվածի վրա ծիծեռանախոտի հյութով տոգորված ծեփուկ փակցնել: Բուժման տևողությունը 4-8 շաբաթ է:

3.Անուշադրի սպիրտ

Բացի վերը նշված միջոցներից, ժողովրդական բժշկությունը պապիլոմայի վարակի դեմ նաև օգտագործում է անուշադրի սպիրտը: Դրա համար անհրաժեշտ է լուցկու հատիկի վրա բամբակ փաթաթել, ապա այն թրջել անուշադրի սպիրտով ու դնել մի քանի վայրկյանով (5-10) ախտահարված մասին: Չի կարելի թուլ տալ որ այդ սպիրտն առողջ մաշկի վրա հայտնվի:

4.Խոտաթուրմ

Այդ միջոցը պատրաստելու համար պետք է ոչ մեծ ապակյա ամանի մեջ մանրացնել խատուտիկի արմատի, մելիսայի ու ձիաձետի, սովորական եզան լեզվի ու երկտուն եղինջի չորացրած հավասար քանակությամբ բաժինները, ապա այդ խառնուրդից 3 մեծ ճաշի գդալ լցնել կաթսայի մեջ ու վրան 3-5 բաժակ զտված մաքուր ջուր ավելացնել ու մարմանդ կրակին եփել մինչև ջուրը եռա: Դրանից 10 րոպե հետո պետք է այդ խառնուրդը տաք տեղում ծածկած կափարիչով թրմվի մոտ 4 ժամ: Հետո պետք է մի քանի տակ ծալված թանզիֆով քամել: Անհրաժեշտության դեպքում կարելի է եռացրած կամ զտված ջուր ավելացնել ու խմել 3 ճաշի գդալ, օրական 3 անգամ` ուտելուց մեկուկես ժամ առաջ: Բուժման տևողությունը 7-10 օր է:

5. Սխտորի քսուք

Այս քսուքը պատրաստելու համար անհրաժեշտ է սխտորի մաքրած պճեղները լավ մանրացնել (2 գդալ կրեմին` 1 թեյի գդալ ծեծած սխտոր հաշվարկով): Այս նպատակով կարելի է ձեռքի ցանկացած կրեմ օգտագործել:

Ապա այդ բաղադրիչներն ապակյա ամանի մեջ լավ խառնել, ցանկալի է` բնական նյութից պատրաստված խառնիչով: Պատրաստի խառնուրդը դնել թանզիֆի վրա ու ախտահարված հատվածի վրա ամրակապել ծեփուկով: 3-4 ժամից վիրակապը հանել ու մշակված հատվածը զգուշորեն լվանալ հոսող ջրով (կարելի է օճառ գործածել): Բուժման մեկ կուրսի տևողությունը 3-6 շաբաթ է` ամենօրյա կիրառմամբ:

6.Ծիծեռնախոտի թուրմ

Պատրաստելու համար պիտանի է ծիծեռնախոտը ծաղկման շրջանում: Պետք է այն ձեռքով մանրացնել` առանց դանակ գործածելու: Սակայն անպայման ռետինե ձեռնոցներով: Ապակյա տարայի մեջ մանրացրած բույսի վրա որակյալ ձեթ լցնել, ասենք` ձիթապտղի (1:1-ի հարաբերությամբ) ու դնել զով ու մութ տեղ, մոտ մեկ ամիս: Կիրառվում է օրական 1-2 անգամ` պապիլոմայի վրա քսելով: Բուժման տևողությունը մինչև գոյացության լրիվ անհետանալն է:

7.Կանաչ ընկույզի թուրմ

Պատրաստման համար հարկավոր է չհասունացած, կաթնային հասունության, շատ փափուկ կեղևով ընկույզ հավաքել, մսաղացով կամ բլենդերով մանրացնել ու լցնել ապակյա 1-լիտրանոց տարայի մեջ: Ստացված զանգվածը պետք է կազմի տարրայի 2/3-րդ մասը: Հետո պետք է այդ զանգվածի վրա մինչև տարայի վիզը լցնել մաքրված կերոսին:

Պինդ փակած տարան պետք է դնել զով տեղում` թրմվելու համար: Մեկ շաբաթ անց պարունակությունը զգուշորեն պետք է քամել ու ստացվածը լցնել մուգ շշի մեջ: Թուրմը կիրառել ամեն օր` պապիլոմայի վրա քսելով, մինչև այն վերջնականապես անհետանա: Բուժման մեկ կուրսի տևողությունը 10-20 օր է:

8.Կալանխոեի տերևները` պապիլոմայի դեմ

Սա թերևս նշվածներից ամենամատչելին է: Դրա համար պարզապես պետք է կանոնավոր կերպով կալանխոեի տերև դնել պապիլոմայի վրա ու թանզիֆե վիրակապով կամ այլ կերպ ֆիքսել մի քանի ժամով: Լավ արդյունք են տալիս ողջ գիշերն արված վիրակապերը: Որպեսզի այս եղանակով արդյունք ստացվի, պետք է շուրջ 15 պրոցեդուրա կատարել:

9.Խատուտիկի թուրմը

Պետք է խատուտիկի ծաղիկներով բերնեբերան լցնել ապակյա տարան, ապա վրան ավելացնել «Տրոյնոյ» օդեկոլոն: Ի դեպ, մինչև հիմա էլ այն վաճառվում է խանութներում: Ապա ապակյա տարան մութ տեղում 2 շաբաթ թրմվելու դնել:

Այս միջոցի պարագայում շատ կարևոր է, որ անպայման օդեկոլոնը նշվածը լինի:

Երբ լրանա ժամկետը, մի քանի շերտ թանզիֆով քամել այդ լուծույթը մուգ շշի մեջ: Ստացված թուրմով մշակել պապիլոմայի ուռուցքն օրական 3-5 անգամ այնքան ժամանակ, միյնչև այն լրիվ անհետանա:

Ոմանք էլ պապիլոմայի գոյացությունը հեռացնում են` պարզապես խատուտիկի հյութը քսելով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: