Հայերեն   English   Русский  

Պետք չէ գերագնահատել Կալիֆորնիայի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման նշանակությունը. քաղաքագետ


  
դիտումներ: 1384

«Կալիֆորնիայի սենատի բանաձևը Արցախը ճանաչելու մասին իրավական նշանակություն չի կարող ունենալ: Դա ավելի շատ հոգեբանական կողմ ունի: Դա ցույց է տալիս Կալիֆորնիայի հայկական համայնքի ազդեցության մասին: Իհարկե, Կալիֆորնիան մեծ ազդեցություն ունի ԱՄՆ-ում. Սենատում ամենաշատ թվով անդամներ այստեղից են ընտրվում, և նրանք բոլորը հիմանականում դեմոկրատական հայացքների տեր են լինում, սակայն Արցախի ճանաչումը պետք չէ գերագնահատել. դա չի նշանակում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը մեկ այլ պետության կողմից», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ տեղի ունեցած զարգացումներին, ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ըստ քաղաքագետի` Հայաստանի ապագայի վրա ազդեցություն ունեցող գործոներից են նաև Իրաքում և Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները: Միայն այն հանգամանքը, որ Իրաքը Հայաստանից գտնվում է ընդամենը 400կմ հեռավորության վրա, արդեն խոսում է այնտեղ ընթացող զարգացումների նշանակության մասին:

Ուկրաինայում տիրող իրավիճակը գնալով ավելի է բարդանում: «Աշխարհում ամենալուրջ քաղաքական խնդիրը պատերազմն է Ուկրաինայում: Այն կարող է ազդել մեր տարածաշրջանում Ռուսաստանի դերի վրա: Բնական է, որ Մինսկում տեղի ունեցած հանդիպումը ոչինչ փոխեց, Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը ևս չի լուծի այդ ճգնաժամը և այն կշարունակվի»,- նշեց Իսկանդարյանը:

Ուկրաինայի ճգնաժամը ազդեցություն թողեց նաև Մաքսային միության վրա: «Նախատեսված էր այն ստեղծել հիմքը դնելով Ուկրաինայի հետ հարաբերությունների վրա, սակայն վերջին իրադարձությունները փոխեցին ամեն ինչ: Չեմ կարծում, թե հնարավոր կլինի ստեղծել Միությունը մոտ ապագայում», - ասաց նա:

Քաղաքագետի կարծիքով` սխալ է արդեն գնահատականեր տալ Էրդողանի քաղաքականությանը, քանի որ նրա համար պայքարը իշխանության համար դեռևս չի ավարտվել. «Նա դեռ պետք է փոխի 1982 թվականին ընդունված Սահմանադրությունը իր իրավասությունների սահմանը ընդլայնելու համար: Բնական էր, որ նրա առաջին այցելությունը տեղի ունեցավ Բաքվում, սակայն պետք չէ նախօրոք գնահատականներ տալ ու վերլուծություններ կատարել: Ավելի լավ է սպասել, որ ընտրություններից հետո այս ոգևորությունը անցնի. միայն դրանից հետո ամեն ինչ պարզ կդառնա»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: