Հավաքների ազատություն
Այս համարում կներկայացնենք այն դեպքերը, երբ հավաքն արգելվում է օրենքի ուժով, ինչպես նաև մասնակիցների և ոստիկանության պարտականությունները հավաքների ընթացքում:
Այսպես, հավաքն արգելվում է, եթե`
- հավաքի նպատակը սահմանադրական կարգի բռնի տապալումը, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելը, բռնություն կամ պատերազմ քարոզելն է,
- հավաքն անցկացվելու է հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, կառավարության նստավայրերից, դատարաններից կամ քրեակատարողական հիմնարկներից այնպիսի հեռավորության վրա, որի դեպքում այն սպառնում է դրանց բնականոն գործունեությանը,
- հավաքն անցկացվելու է «Հայաստանի ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ից կամ գազի ստորգետնյա պահեստարաններից կամ դրանց սպասարկման կառույցներից կամ «Օրբիտա 2» վերգետնյա արբանյակային կայանից այնպիսի հեռավորության վրա, որը սպառնում է դրանց անվտանգությանը։
Ի՞նչ պարտականություններ ունի հավաքի մասնակիցը.
- հավաքի ընթացքում չկրել զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ,
- կատարել հավաքի ղեկավարի, կարգադրիչների՝ կարգ ու կանոնի պահպանման վերաբերյալ ցուցումները,
- ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք նպատակաուղղված են հավաքի բնականոն ընթացքը խոչընդոտելուն,
- հավաքից հեռացվելու դեպքում անհապաղ հեռանալ հավաքի վայրից,
- հավաքը դադարեցվելու դեպքում անհապաղ հեռանալ հավաքի վայրից,
- չխոչընդոտել հավաքի անցկացման վայրում գտնվող կամ դրան հարող շենքերի, շինությունների կամ այլ տարածքների ազատ մուտքն ու ելքը։
Ոստիկանությունը պարտավոր է`
- հավաքի մասին տեղեկատվություն ստանալուց հետո անհապաղ նշանակել իր ներկայացուցչին և այդ մասին հայտնել կազմակերպչին ու լիազոր մարմնին,
- ապահովել իր ներկայացուցչի ներկայությունը հավաքին,
- հավաքի անցկացման վայրից հեռացնել այն անձանց, որոնք կոպտորեն խախտում են հավաքի խաղաղ և բնականոն ընթացքը, եթե այլ կերպ հնարավոր չէ ապահովել դա,
- ապահովել հավաքի անցկացման վայրում գտնվող կամ դրան հարող շենքերի, շինությունների կամ այլ տարածքների ազատ մուտքն ու ելքը։
Վերջին դեպքերի հետ կապված` մամուլում, հեռուստատեսային քննարկումներում և տարաբնույթ աղբյուրներում կարելի է հանդիպել այն կարծիքին, որ եթե հավաքը տեղի է ունենում առանց իրազեկման կանոնների պահպանման, ուրեմն այն անօրինական է և անպայման ենթակա է դադարեցման, սակայն «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրնեքը հստակ կարգավորում է իրազեկման պահանջների խախտմամբ իրականացվող հավաքների վերաբերյալ հարաբերությունները և սահմանում, որ անգամ այն դեպքում, երբ չեն պահպանվի վերոնշյալ կանոնները, ոստիկանությունը պարտավոր է բարձրախոսով տեղեկացնել, որ հավաքն անօրինական է, և մասնակիցները ենթակա են օրենքով սահմանված պատասխանատվության: Իսկ եթե այդ հավաքը խաղաղ բնույթ ունենա, ապա ոստիկանությունն իր իրավասությունների սահմաններում պարտավոր է աջակցել հավաքին։
Վարազդատ Հարությունյան