Եվրոպական 1-ին մարզական խաղեր. սպորտում կարևորագույնը հաղթանակն է
Անհրաժեշտ է, որ Եվրոպական 1-ին խաղերը դիտարկվեն մարզական ու քաղաքական տեսանկյուններից, միաժամանակ հարկ է քննարկել առաջ եկած մրցավարական խնդիրները:
Հենց խաղերի մեկնարկից սուլոցներն ու վիրավորական կանչերն ընդգծեցին թշնամական մթնոլորտը: Ակնհայտ էր, որ շիկացած մթնոլորտում մրցելիս հաջողություն կարելի էր ակնկալել միայն հոգեբանորեն պատրաստ մարզիկներից:
Ադրբեջանի իշխանությունները, հսկայական գումարներ ծախսելով, ամեն ինչ անում էին Եվրոպական խաղերն իրենց հեղինակության բարձրացմանը ծառայեցնելու համար: Սակայն նրանց սպասելիքներն այնքան էլ չարդարացան:
Նախքան խաղերի մեկնարկը բազմիցս նշվեց, որ այդ խաղերն Ադրբեջանի սեփականությունը չեն, անցկացվում են Եվրոպական օլիմպիական կոմիտեի հովանու ներքո: Չմասնակցելու դեպքում մեր նկատմամբ պատժամիջոցներ էին կիրառվելու, Հայաստանը զրկվելու էր վարկանիշ և օլիմպիական ուղեգրեր ձեռք բերելու հնարավորությունից, հետևաբար, մեր մասնակցությունն էլ պարտադիր էր: Եվ այս ամենը հաշվի առնելով և խաղերը չքաղաքականացնելով՝ Բաքու մեկնեց Հայաստանը ներկայացնող պատվիրակությունը:
Հայաստանը Եվրոպական խաղերին մասնակցեց 6 մարզաձևում՝ բռնցքամարտ, սամբո, ձյուդո, հրաձգություն, թհեքվանդո և ըմբշամարտ: Մեր երկիրն իր նվաճած 1 արծաթե մեդալով (հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյան) թիմային հաշվարկում զբաղեցրեց 36-37-րդ տեղերը Կիպրոսի հետ միասին:
Պետք է նշել, որ մեր մարզիկներից մի քանիսը մոտ էին մեդալ նվաճելուն: Հրաձիգ Հրաչյա Բաբայանը եզրափակչում զբաղեցրեց 5-րդ տեղը: 18-ամյա հայ մարզիկը, որակավորման փուլի 6 կրակահերթերում վաստակելով 629.3 միավոր, սահմանեց երիտասարդների Եվրոպայի ռեկորդ, գրավեց առաջին տեղն ու մտավ եզրափակիչ: Հրաչիկը շատ մոտ էր օլիմպիական ուղեգիր նվաճելուն:
Հաղթանակի պատվանդանին կանգնելուն շատ մոտ էր նաև բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը: Նրան 3 րոպե բաժանեց մեդալից: Երրորդ ռաունդում և վերջնարդյունքում 2:1 հաշվով հաղթանակը շնորհվեց սլովակ բռնցքամարտիկին: Ի դեպ, ընդհանուր հաշիվը, ըստ մեր ունեցած տեղեկության, եղել է 3:2՝ հօգուտ Նարեկի: Սակայն բռնցքամարտում հանդիպման ելքը որոշվում է համակարգչի միջոցով, որը հատուկ ծրագրով առանձնացնում է մենամարտը դատող 5 մրցավարներից 3-ի գնահատականները: Այս դեպքում մեր դեմ գործեց հենց այդ հանգամանքը:
Եվրոպական 1-ին խաղերում Հայաստանը ներկայացնում էին ազատ ոճի 6 ըմբիշներ: Նրանք ոչ մի մեդալ չնվաճեցին: Ազատ ոճի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը հայ մարզիկների անհաջողությունները բացատրեց հոգեբանական գործոնով:
«Մեր տղաների վատ մասնակցության պատճառը հոգեբանական էր: Շատ խոսվեց Բաքվում չպարտվելու, լավ մասնակցություն ունենալու, այդ երկրում հաղթանակ տոնելու մասին: Մեր մարզիկները Բաքու մեկնեցին հոգեբանական լարվածությամբ՝ նրանցից հաղթանակ էին սպասում: Իրականում մերոնք գնում էին գորգ չպարտվելու նպատակով: Հաղթանակի մասին չէին մտածում, չպարտվելու նպատակ կար: Յուրաքանչյուրն էլ շատ էր ցանկանում մեդալ նվաճել, բայց ստացվեց հակառակը: Շատ ծանր մրցումներ էին մերոնց համար: Գորգը ցույց տվեց, որ մերոնք հոգեպես պատրաստ չէին Բաքվում հանդես գալուն»,- նշեց Բաղդադյանը:
Սպորտի անբաժան մասն են կազմում մրցավարական սխալներն ու վրիպումները, և բնավ կարևոր չէ` մրցումներն անցկացվում են Բաքվո՞ւմ, թե՞ որևէ այլ երկրում: Եվրոպական 1-ին խաղերը բացառություն չեղան:
Մեր դեմ կողմնակալ մրցավարության հանդիպեցինք բռնցքամարտում: Ինչպես արդեն նշվեց, մրցավարությունն իրականացվում էր վերջին շրջանում ընդունված նոր կանոններով, և հաղթողին որոշում էր համակարգիչը: Կողային մրցավարները մարտի ավարտին սեղմում էին կարմիր կամ կապույտ կոճակը, իսկ վերջնական որոշումը կայացնում էր համակարգիչը՝ հինգ կողայինների ձայներից անհասկանալի սկզբունքով ընտրելով երեքը, որը շատ հաճախ չէր համապատասխանում մարտի իրական պատկերին:
Ինչ վերաբերում է 1 արծաթե մեդալ նվաճելուն, ապա մենք կողմ չենք «կարևորը մասնակցությունն է և ոչ հաղթականը» ձևակերպմանը: Այն կարող է վերաբերել ցանկացած բանի, բայց ոչ սպորտին, որտեղ կարևորագույնը հաղթանակն է և արդյունքը, առավել ևս` այս դեպքում:
Ուշագրավ է, որ Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Իսրայելի, Բելառուսի, Շվեդիայի, Ֆրանսիայի դրոշների ներքո Բաքվում հանդես է եկել հայազգի 17 մարզիկ: Այդ երկրները ներկայացնող հայ մարզիկներին հաջողվեց նվաճել 3 ոսկե, 2-ական արծաթե ու բրոնզե մեդալներ: Ոսկե մեդալներ են նվաճել Ելենա Քոթանջյանը (Ռուսաստան, ջրագնդակ), Ստեփան Մայրանյանը (Ռուսաստան, հունահռոմեական ոճի ըմբշամարտ), Սեդա Թութխալյանը (Ռուսաստան, մարմնամարզություն՝ թիմային պայքար), արծաթե մեդալներ՝ Սեդա Թութխալյանը (Ռուսաստան, մարմնամարզություն՝ հենացատկ), Գևորգ Մանուկյանը (Ուկրաինա, բռնցքամարտ), բրոնզե մեդալներ՝ Դուխիկ Զանազյանը (Ռուսաստան, մարզական աերոբիկա), Ռազմիկ Տոնոյանը (Ուկրաինա, սամբո):
Նշենք, որ Եվրոպական 1-ին խաղերը Բաքվում անցկացնելու որոշումը կայացվել է 2012-ի դեկտեմբերի 8-ին, Իտալիայի մայրաքաղաք Հռոմում կազմակերպված Եվրոպայի օլիմպիական կոմիտեի 41-րդ համաժողովում: Քվեարկությանը մասնակցած 48 երկրների պատվիրակներից 38-ը ձայնը տվել էին ստուգատեսը Բաքվում անցկացնելու օգտին, 8-ը դեմ էին արտահայտվել, իսկ 2-ը՝ ձեռնպահ: Հայաստանի պատվիրակները քվեարկությանը չէին մասնակցել: Ի դեպ, հոբելյանական 45-րդ համաժողովն անցկացվելու է Երևանում:
Մի բան ակնհայտ է, որ Բաքվում անցկացված Եվրոպական 1-ին խաղերին մասնակցած մեր մարզիկները չպետք է կոտրվեն, հոգեբանորեն ընկճվեն, քանի որ առաջիկայում ավելի պատասխանատու ստուգատեսներում` Եվրոպայի, աշխարհի առաջնություններում պետք է հանդես գան և պետք է դասեր քաղեն պարտություններից: Մասնավորապես, օգոստոսին կայանալու է Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունը, որի ժամանակ խաղարկվելու են համաշխարհային ստուգատեսի վարկանիշային միավորներ: Իսկ աշնանն անցկացվելիք աշխարհի առաջնության մասնակիցները վիճարկելու են արդեն հաջորդ տարվա օլիմպիական խաղերի ուղեգրեր: Ինչ վերաբերում է ըմբշամարտին, ապա սեպտեմբերի 6-ին ԱՄՆ-ում մեկնարկելու է աշխարհի առաջնությունը:
Արմինե Բեգլարյան