Կառավարման նոր համակարգը ժողովրդին ընտրելու իրավունքից զրկելու ձև չի լինի. Կարինե Աճեմյան
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը:
Նա նկատեց, որ այս փոփոխությունների հիմնական դրույթը կիսանախագահական համակարգից անցումն է պառլամենտականի: «Սա գլոբալ փոփոխություն է քաղաքացիների և պետության կյանքում: Դա մի մոդել է, որը Եվրոպական բազում երկրներում է գործում և ժողովրդավարությանը ոչ մի վնաս չի հասցրել: Սա քայլ առաջ է: Անկախության այս տարիների ընթացքում քաղաքական սթրեսների ենթարկվեցինք, որոնցից կարող էինք խուսափել այս համակարգի առկայության դեպքում»,- նշեց պատգամավորը:
Այն հարցին, թե սա ժողովրդին ընտրելու իրավունքից զրկելու ձև չէ, Կարինե Աճեմյանն ասաց. «Այո, հասարակությունը մեկ ուղիղ ընտրության է մասնակցություն ունենում, բայց դրանով կառավարության աշխատանքների նպատակաուղղվածությունը, պատասխանատվությունը մեծանում է: Այս պարագայում կառավարության նկատմամբ վերահսկողությունը մեծանում է, ինչը ժողովրդավար մոտեցում է»:
Նա ընդգծեց, որ այս նախագծին ընդդիմադիր այնպիսի ուժեր են դեմ արտահայտվում, որոնք նախորդ ընտրությունների ժամանակ ճառեր էին արտասանում հօգուտ դրա. «Մի ամբողջ ընթացակարգ գոյություն ունի մինչև փաստաթղթի վերջնական ընդունումը: Ամբողջ փաստաթուղթը կհրապարակվի մի քանի օրից և կուղարկվի նախագահին, այնուհետև նախագահը կուղարկի ԱԺ, կլինեն քննարկումներ և 15-օրյա ժամկետ կտրվի առաջարկների համար, դրանք բոլորը հաշվի կառնվեն և որից հետո ԱԺ-ն որոշում կկայացնի և հանրաքվեի օրը կորոշի և արդեն քաղաքական ուժերը քարոզարշավ կիրականացնեն»,- նշեց Կարինե Աճեմյանը: