Հայերեն   English   Русский  

Սա ֆունդամենտալ փոփոխություն է , որից հետո մենք մեր երկիրը չենք ճանաչի. կարծիքներ սահմանադրական բարեփոխումների մասին


  
դիտումներ: 1072

Սահմանադրության նոր նախագիծը շարունակում է մնալ հասարակության ուշադրության կենտրոնում: Այսօր այդ հարցին անդրադարձան Գերագույն խորհրդի անդամ Ազատ Արշակյանը և իրավաբան-քաղաքագետ Էդիկ Մամիկոնյանը:

Ազատ Արշակյանը մասնավորապես նշեց, որ կողմ է Սահմանդրական բարեփոխումներին: Կիսանախագահական համակարգը փոփոխությունների կարիք ունի: «Մեր երկրում բնակիչների 30 տոկոսը աղքատ է, սրա համար պատճառներ կան: Ամենալուրջը Սահմանադրությունն է: Այն դարձնում է Հայաստանը թշվառների և աղքատների երկիր: Ուրիշ պատճառներ էլ կան, սակայն հենց Սահմանադրությունը պետք է կարգավորեր դա: Մեր Սահմանադրությունը չի ապահովում երկրի բարգավաճումը: Անհրաժեշտ է այն փոխել»:

Ըստ նրա՝ ընտրության հնարավորությունը լիարժեք չէ: «Դա կլիներ, եթե գործող կիսանախագահական տարբերակը տրվեր ընտրության և առաջարկվողը: Հնից մենք դժգոհ ենք: Նրան պետք է առաջարկեին երկու տարբերակ»,-գտնում է Ազատ Արշակյանը: Է

Նա նաև դեմ արտահայտվեց Սահմանադրությունը մաս-մաս ներկայացնելուն: «Կարող է 10-րդ գլխում գրված է, որ 7 կետում ծաղր է: Մենք պետք է ամբողջական փաթեթը ունենայինք, որպեսզի եղած խնդիրները վերջնական լուծում ունենային»:

Նա նկատեց, որ Բարձրագույն մարմնի անունն է անընդհատ շեշտվում, բայց մենք չգիտենք դա ինչ է: Գործիչը նշեց, որ անհրաժեշտ է լուծել այս տեխնիկական խնդիրները

Էդիկ Մամիկոնյանը նույնպես դեմ է Սահմանադրությունը այս տեսքով ընդունելուն: «Սա այն աստիճան ֆունդամենտալ փոփոխություն է , որ մի քանի տարի հետո մենք մեր երկիրը չենք ճանաչի»,- նշեց նա:

Իրավաբանը մի քանի կետեր առանձնացրեց, որոնք կարող են վնաս հասցնել հանրապետության զարգացմանը:

«Պարզ չէ, թե ինչի համար սկսվեցին այս բարեփոխումները: Ես չգիտեմ՝ ինչ խնդիրներ կային, որ գործող փաստաթուղթը չէր կարող լուծել և ինչու հենց հիմա այս հարցը բարձրացվեց: Ես չգիտեմ, թե ովքեր են աշխատել այս տեքստի վրա: Նախորդի համար այս հարցի պատասխանները կային»:

Նա նկատեց, որ հայտնի չէ, թե ով է ֆինանսավորել այս աշխատանքները: Սա ամենակարևոր հանգամանքներից մեկն է:

Առաջարկվող համակարգը հիմնովին տարբերվում է ԵՏՄ-ի մյու երկրների համակարգերից: Մյուս կողմից, գործող Սահմանադրության լեզուն բավականին հանդիսավոր է, սա ավելի շատ նման է դասագրքի:

«Այս նախագծով հրաժարվում ենք Հայաստանի ինքիշխանությունից: Միջազգային իրավունքի պարտադիր օրենքները ավելի բարձր է ՀՀ պետական օրենքներից: 81 հոդվածի առաջին կետի համաձայն՝ հիմնական օրենքները հաշվի առնելիս միջազգային կառույցների պրակտիկան պետք է հաշվի առնել: Եթե երկիրը չունի իրավական ինքնուրույնություն, ապա զրկված է սուվերենությունից»,-եզրափակեց Էդիկ Մամիկոնյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: