Հայերեն   English   Русский  

​Նախքան աշխարհի առաջնության խաղերը, ըմբշամարտի Հայաստանի հավաքականը կանցկացնի մի քանի ուսումնամարզական հավաք


  
դիտումներ: 2443

«Միկա» մարզադահլիճում անցկացված ազատ ըմբշամարտի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (Սեուլ), աշխարհի եռակի գավաթակիր և Եվրոպայի չեմպիոն Ստեփան Սարգսյանի անվան մրցանակակիրների հոբելյանական` 20-րդ միջազգային մրցաշարում Հայաստանի ըմբիշները հաջող մասնակցություն ունեցան:

Միջազգային մրցաշարին մասնակցում էին շուրջ 15 երկրների ուժեղագույն ըմբիշներ:

Երկու օր տևած գոտեմարտերում Հայաստանից մրցագորգ մտան մոտ 50 ազատ ոճի ըմբիշներ՝ նվաճելով 3-ական ոսկե և բրոնզե մեդալ: Հայաստանի ներկայացուցիչներից ոսկե մեդալ նվաճեցին 61 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանը, 65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը և 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն: Ի դեպ, Վոլոդյա Ֆրանգուլյանն այս տարի հաղթել էր և պատվո առաջին պատվանդանին էր կանգնել Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում:

Բրոնզե մեդալակիրներ դարձան Գարիկ Բարսեղյանը` 57 կգ, Գոռ Թորոսյանը՝ 61, Լևոն Հովհաննիսյանը՝ 70, Գրիգոր Գրիգորյանը՝ 74, Մուսա Մուրթազալիևը՝ 86 և Վահե Սիմոնյանը 125:

Ստեփան Սարգսյանի անվան այս մրցաշարը, ինչպես մյուս մասնակիցների, այնպես էլ մեր ըմբիշների համար աշխարհի առաջնության նախապատրաստության լավ փուլ էր: Մեր ըմբիշների գրանցած արդյունքները հույս են ներշնչում, որ Հայաստանի հավաքականը կարող է սեպտեմբերին ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի առաջնությունում հաջող հանդես գալ և մրցանակային տեղեր գրավել: Իսկ աշխարհի առաջնությունը հնարավորություն է ընձեռում ճանապարհ հարթելու դեպի 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղեր:

Լրագրողների հետ հանդիպման ընթացքում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը, կարևորելով վերոնշված միջազգային ստուգատեսի անցկացումը, նշեց, որ մրցաշարն անցավ առանց լուրջ վնասվածքների ու ծրագրվածի պես ուժեղ մրցակցությամբ, հայ մարզիկների լավ ելույթներով:

«Նախօրոք հայտարարել էինք, որ այս մրցաշարի արդյունքների հիման վրա կձևավորվի սեպտեմբերին ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի առաջնությանը մեկնող ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը: Իհարկե, առանձնացրել ենք անուններ, որոնք կհայտարարենք ավելի ուշ: Մեր տղաների մոտ առաջընթաց եմ նկատում: Կարելի է ասել, որ վերջապես դուրս եկան Եվրոպական խաղերի ընթացքում ձեռք բերված ընկճվածությունից: Բաքու մեկնած հայ ըմբիշներից վեցը մեդալ նվաճեցին այս մրցաշարում, որտեղ մասնակցում էին 15 երկրների ըմբիշներ, այդ թվում՝ օլիմպիական խաղերի մրցանակակիրներ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ: Այստեղ կային քաշային կարգեր, որտեղ, համեմատած Եվրոպական խաղերի, ավելի բարդ մրցակցություն կար: Բոլոր մեդալակիրները Հայաստանի մեծահասակների հավաքականի անդամներ են, բացառությամբ 61 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճած Գոռ Թորոսյանի, որը, լինելով երիտասարդ, ցույց տվեց, որ ի վիճակի է պայքարելու մեծահասակների հետ: Միանշանակ, Գոռը չի անտեսվի: Ընդհանուր առմամբ, գոհ եմ մեր մարզիկների ելույթներից, բայց կան թերություններ, որոնց վրա պետք է աշխատենք մինչև աշխարհի առաջնությունը»,- հավելեց Արայիկ Բաղդադյանը:

Իր հերթին Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը նշեց, որ համեմատած նախորդների հետ՝ այս մրցաշարը թե՛ մասնակից երկրների ու ըմբիշների քանակով, թե՛ վարպետության մակարդակով, նաև մրցանակային ֆոնդով անհամեմատ բարձր էր, և վստահաբար կարելի է ասել, որ չէր զիջում Եվրոպայի առաջնությանը:

Մասնագետների կարծիքով` մեր մարզիկները հանդես եկան իրենց հնարավորությունների սահմաններում, ցուցադրեցին այն, ինչին այս պահին ունակ են: Ճիշտ է, թերացումներ ևս եղան, և դրանք հարկավոր է շտկել մինչև աշխարհի առաջիկա առաջնությունը:

Նախքան սեպտեմբերին կայանալիք աշխարհի առաջնության խաղերը, մեր հավաքականը կանցկացնի ուսումնամարզական մի քանի հավաք` համապատասխան մարզավիճակ ձեռք բերելու համար: Մասնավորապես, առաջիկայում հավաքականը կմեկնի Կիսլովոդսկ` համատեղ ուսումնամարզական հավաք անցկացնելու Ռուսաստանի լավագույն ըմբիշների հետ: Այնուհետև, Բորժոմում համատեղ հավաք է նախատեսված Վրաստանի ընտրանու հետ:

Ամենայն հավանականությամբ, Վրաստանի հավաքից առաջ կհրապարակվեն աշխարհի առաջնություն մեկնողների անունները:

Իսկ օգոստոսի 2-8-ը Սերբիայի Սուբոտիցա քաղաքում կանցկացվի ըմբշամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը կներկայացնի 19 ըմբիշ՝ ազատ ոճի 10 ըմբիշ և հունահռոմեական ոճի 9 ըմբիշ:

Հունահռոմեկան ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն արդեն հայտնի է.

Աշոտ Մխիթարյան (42 կգ)

Սերգեյ Սիմոնյան (46 կգ)

Հայկ Մելիքյան (50 կգ),

Տիգրան Մինասյան (54 կգ)

Էդգար Թամազյան (58 կգ)

Մալխաս Ամոյան (63 կգ)

Ոսկան Հախոյան (69 կգ)

Հակոբ Բաղդասարյան (76 կգ)

Հակոբ Թադևոսյան (100 կգ)

Նշենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտիկները փայլուն են հանդես գալիս միջազգային մրցաշարերում, և այս դեպքում մենք մեդալների պակաս չունենք: Վառ օրինակն է այն, որ Մադրիդում կայացած Իսպանիայի Գրան Պրիում Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականի բոլոր 7 ըմբիշներն էլ Հայաստան վերադարձան մեդալներով:

Հայաստանի ընտրանին նվաճեց 3 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ: Թիմային հաշվարկում հայ ըմբիշները 57 միավորով 1-ին տեղը զբաղեցրին:

Մասնավորապես, ոսկե մեդալ նվաճեցին Վարշամ Բորանյանը (71 կգ), Էդուարդ Սարգսյանը (80 կգ) և Արթուր Ալեքսանյանը (98 կգ):

Արամ Ջուլֆալակյանը (66 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ) և Արթուր Շահինյանը (85 կգ) նվաճեցին արծաթե մեդալ, իսկ Ռաֆայել Ալեքսանյանը (71 կգ)՝ բրոնզե:

Արմինե ԲԵԳԼԱՐՅԱՆ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: