Ամեն ինչ սկսել զրոյից. Քեսաբից մինչև Երևան
Չնայած բոլոր դժվարություններին` երիտասարդ գործարարը չի հիասթափվում. «Մենք հիասթավողներեն չենք: Եթե մի բան ձեռնարկում ենք` մինչև վերջ պիտի գնանք»:
Աշոտը ծնվել է Հալեպում 1983 թվականին: Սակայն Սիրիայից նրա լավագույն հիշողությունները կապված են Քեսաբի հետ, որտեղ պապական տուն ու հողատարածքներ ունեին: Նա մանկուց հաճախ էր լինում այնտեղ և այնքան էր սիրում հայկական այդ գողտրիկ գյուղաքաղաքը, որ երբ ավարտում է գյուղատնտեսական համալսարանը, տեղափոխվում է Քեսաբ: Պապական հողատարածքներն ավելի է ընդլայնում, զբաղվում գյուղատնտեսությամբ ու տուրիզմով: «Հատուկ սեր ունեմ դեպի հողը, բույսը, ծառը»,- անկեղծանում է նա:
Անգամ, երբ պատերազմն արդեն հասել էր Քեսաբ, և շատերն այնտեղից հեռանում էին, Աշոտը, ի զարմանս ու հակառակ շատերի, շարունակում էր հողատարածքներ գնել: Նա չէր հավատում, որ այդ դրախտավայրը կարող է մի քանի օրում դժոխքի վերածվել:
2012 թ. Աշոտը կնոջ և որդու հետ տեղափոխվում է Հայաստան` ձեռքին ունենալով ընդամենը մի քանի հարյուր դոլար:
Նա ինչ-որ չափով մեղադրում է սիրիահայերին, այդ թվում նաև իր ծնողներին, որոնք լավ վաստակել են, սակայն որևէ գույք Հայաստանում ձեռք չեն բերել, ու այսօր իրենք ստիպված են աշխատածի մեծ մասով բնակարանի կամ խանութի վարձը վճարել: «Ամեն սիրիահայ Հալեպին մեջ բազմաթիվ կալվածքներ ուներ, ինչո՞ւ, թող մեկն էլ Հայաստանին մեջ առնեին, իսկ այսօր այդ բոլորը զրո են դարձել»:
Ինչպես սիրիահայերի մեծ մասը, Աշոտի ընտանիքն էլ ուներ սեփական բիզնես` շինանյութի խանութ, կահույքի արտադրամաս: Ի դեպ, նրանց շինանյութի խանութը 100 տարվա պատմություն ուներ: Այն հիմնադրել էր հոր պապը` Պետրոսը, որին Դաղդակչի Պետրոս (տախտակ վաճառող) էին կոչում: Խանութը հենց նրա անունով էլ կոչվում էր` Պետրոս: Աշոտը պատմում է, որ Պետրոսը, ջարդի ժամանակ գաղթելով Հալեպ, հիմնել է խանութը և սկսել հայ գաղթականներին շինանյութով օգնել, որպեսզի տուն կառուցեն: Նա այդ բարեգործությունների շնորհիվ մեծ անուն ու պատիվ է վաստակել. «Մենք մինչև էսօր այդ անունով ենք ապրում»,- ասում է Աշոտը:
Ցավոք, այսօր այդ ունեցվածքից ոչինչ չի մնացել:
Տեղափոխվելով Երևան` Աշոտը սկսում է ուսումնասիրել հայաստանյան շուկան, մտնում է խանութները, որպեսզի հասկանա, թե ինչի պահանջարկ կա և ինչ կարող են իրենք առաջարկել: «Տեսանք, որ Սիրիայում պատրաստվող խմորեղենը շատ տարածված չէ և կարող է որպես նորություն հետաքրքրել մարդկանց»:
Եվ այդպես` կինը պատրաստում էր, Աշոտն առաջարկում խանութներին: Սակայն դրանով միայն օրվա հացի խնդիր էին լուծում, քանի որ խմորեղենը թանկ էր նստում, իսկ բարձր գնով վաճառել չէին կարող, մարդիկ այդքան էլ գնողունակ չէին:
Այդ մեկ տարին նա համարում է իրենց կյանքի ամենածանր ժամանակաշրջանը. «Դժվար է լավ կյանքից հետո միանգամից անցնել օրվա հացի խնդիր լուծելուն»,-ասում է նա:
Խմորեղենի գործը չի արդարացնում, բայց շատ այլ դռներ է բացում. նախ` հասկանում են հայաստանյան բիզնեսի նրբությունները, կապեր են հաստատում և մի օր էլ որոշում են Սիրիայից համեմունքներ ներկրել, ինչը նույնպես Հայաստանում պահանջարկ ուներ:
Սկզբում Աշոտը մի փոքրիկ կրպակ է վարձակալում, ապա բացում է երկրորդ կրպակը Սայաթ-Նովա 31 հասցեում: Ճիշտ է, գործն այնքանով է եկամտաբեր, որ առայժմ կարողանում են խանութի, բնակարանի վարձերը տալ և ապրել, սակայն հույս ունեն, որ ապագայում կկարողանան բարեկեցիկ կյանք ապահովել:
Աշոտն այն սիրիահայերից չէ, որոնք կյանքի բերումով հայտնվել են Հայաստանում, սակայն ցանկացած հնարավորության դեպքում արագ կհեռանան: Ճիշտ է, դժվար է, բայց ոչ մի տեղ հեշտ չէ: Երիտասարդ ընտանիքն արդեն հաղթահարել է անցումային դժվարությունները: Դրա վառ վկայությունն է նրանց դստեր ծնունդը: «Երևանցի աղջիկ ունեմ»,- հպարտ ժպիտով ասում է Աշոտը, որը փորձելու է ամեն ինչ անել, որ իր երեխաները Հայաստանում մեծանան:
Որպես գործարար` Աշոտը բազմաթիվ ծրագրեր ունի, որոնցից մի քանիսն արդեն քայլ առ քայլ իրականացնում է իր բավական սուղ ֆինանսական միջոցներով: Օրինակ` ռեստորաններին սկսել է տեղական պղպեղի մածուկ մատակարարել, որն իրենք են արտադրում, և որի պակասը մինչ օրս լրացվել է թուրքական արտադրանքի հաշվին: Ճիշտ է` տեղական արտադրանքը կրկնակի թանկ է նստում, որովհետև մի քանի անգամ որակյալ է, սակայն Աշոտը նպատակադրվել է թուրքական մածուկի ներկայությունը մեկընդմիշտ կտրել Հայաստանից, ու դրա համար պատրաստ է անգամ սկզբնական շրջանում շահույթ չունենալ, միայն թե կարողանա տեղականը թուրքականի գնով մատակարարել ռեստորաններին:
Իսկ տեղական արտադրանքն արդեն հասցրել է մեծ արձագանք ստանալ, քանի որ բոլորն են նկատել, որ այն մի քանի անգամ որակապես գերազանցում է թուրքականին:
«Ես գնացել եմ, խոսել եմ այն գյուղացիների հետ, որոնք ինձ պես են մտածում, և որոշել ենք այդ գործը Հայաստանում սկսել: Հիմա էս մի բանով սկսել ենք, կարելի է կամաց-կամաց մյուս ոլորտներին էլ անցնել»,- ասում է նա:
Չնայած Հայաստանում բիզնես սկսելու բոլոր դժվարություններին` Աշոտը կարծում է, որ Հայաստանը ձեռներեցությամբ զբաղվելու համար ասես հում նյութ լինի. «Այստեղ կարելի է ամեն բան ձեռնարկել, ես զարմանում եմ այն սիրիահայերի վրա, որոնք բավական մեծ գումարով են տեղափոխվել Հայաստան, բայց որևէ բան չեն ձեռնարկում: Մենք չնչին գումարներով ենք սկսել, բայց կամաց-կամաց գնում ենք առաջ»:
Ի դեպ, խանութում վաճառքի գործով զբաղվում է նաև Աշոտի մայրը` տիկին Մարալը, որին որդին անցյալ տարի խաբելով է Հայաստան բերել: Նա մինչև վերջ, ամենօրյա վտանգը հաշվի չառնելով, գնում էր աշխատանքի Հալեպի Կարեն Եփփե ազգային ճեմարան, ուր աշխատում էր որպես տեսուչ: Երբ ամեն անգամ տանը կռիվ էր ընկնում, որ մայրը, կյանքը վտանգի ենթարկելով, չգնա դպրոց, թողնի ու գա զավակների մոտ` Հայաստան, մայրն անդրդվելի էր մնում. «Դուք զավակներս եք, բայց ես այստեղ հարյուրավոր զավակներ ունեմ: Եթե ես թողնեմ դպրոցը, այդ երեխաներն ինչպե՞ս պիտի գան դպրոց, ի՞նչ պիտի զգան»:
Տիկին Մարալն այստեղ էլ շարունակում է հանդիպել իր սաներին, գործընկերներին, ամեն ինչ անում է, որ տասնամյակներով ձևավորված ամուր կապերը, ընկերությունն ու ավանդույթները չանհետանան, այլ արմատներ գցեն հայրենի հողում: