Ամեն ինչ անելու եմ որպեսզի ավելի բարձր կարգի մեդալով վերադառնամ Հայաստան.Նարեկ Մանասյան
-Նարեկ Դու տարբեր մակարդակի մրցաշարերի ես մասնակցել, այդ թվում Եվրոպայի և աշխարհի առաջնությունների, բայց վստահ եմ Օլիմպիական խաղերը քո կյանքի ամենակարևոր մրցաշարն էր:
-Այդպես էլ կա: Աննկարագրելի զգացողություններ ապրեցի օլիմպիական խաղերի ժամանակ, որը մինչ այս ոչ մի մրցաշարի ժամանակ չէի ապրել: Ուրախ եմ , որ մասնակցեցի օլիմպիական խաղերին: Կարծում եմ դա յուրաքանչյուր մարզիկի երազանքն է:
-Ինչպիսին էր Օլիմպիական ավանը, ինչ էր կազմակերպվում, որպեսզի մարզիկների առօրյան հագեցած անցնի:
-Չինացիներն ամեն ինչ արել էին մասնակիցների առօրյան հետաքրքիր դարձնելու համար: Ամենուր ուրախ ու տոնական տրամադրություն էր: Ինձ հատկապես դուր եկավ բացման և փակման արարողությունը: Մրցումներից ազատ օրերին մենք մասնակցում էինք տարբեր միջոցառումների, նույնիսկ մեր ձեռքով հուշանվերներ էինք պատրաստում:
-Նարեկ Դու վստահ հաղթանակ տարար քո առաջին մենամարտում: Ի՞նչը խանգարեց, որպեսզի զարգացնես հաջողությունդ:
-Երկրորդ մրցելույթիս ժամանակ՝ Ղազախստանը ներկայացնող մարզիկի հետ պայքարում ես առավելություն ունեի, իմ հարվածներն ավելի նպատակային էին, բայց մրցավարները չգիտես ինչու չէին տեսնում իմ հարվածները: 3-րդ ռաունդում ես վնասվածք ստացա, մրցակցի հարվածը դիպավ աչքիս, բայց անգամ այդ պարագայում ես առավելություն ունեի, չնայած մրցավարները հաղթանակը տվեցին ղազախ մարզիկին:
-Այնուհանդերձ հաջորդ մենամարտում վնասվածքով կարողացար հաղթել և բրոնզե մեդալ նվաճել:
-Մրցակիցս անգլիացի Վիդալ Ռայլինն էր, որին հաղթել էի նաև աշխարհի առաջնության ժամանակ: Երկուսս էլ տեղյակ էինք միմյանց հնարավորություններին :Պետք է նշեմ, որ հեշտ մենամարտ չստացվեց : Վնասվածքս զգացնել էր տալիս , hատկապես, երբ հարված էի բաց թողնում, բայց այնուհանդերձ կարողացա հաղթել:
-Նարեկ առջևում Զագրեբում կայանալիք Եվրոպայի առաջնություն է: Ժամանակը չէ մեդալի հարգը փոխելու:
-Այո, ամեն ինչ անելու եմ որպեսզի լավ պատրաստվեմ և ավելի բարձր հարգի մեդալով վերադառնամ Հայաստան: