Փոքրիկ Գառնին Սիրիայի դրոշն է նկարում, որ ծննդավայրի կարոտն առնի
Սակայն կես ճանապարհին նրանք ստիպված էին կանգ առնել. ճանապարհը դեպի հիվանդանոց փակ էր, կրակոցներ էին հնչում… «Դալա՛ր, դիմացիր»,- ասում էր Հակոբը կնոջը:
Իսկ ճանապարհը չէր բացվում ու չէր բացվում: Շտապօգնություն էլ հնարավոր չէր կանչել, քանի որ երբ կրակոցները սկսվում էին, կյանքը Հալեպում կանգ էր առնում: Ի վերջո, երկարատև տանջանքից հետո երիտասարդ ամուսինները հասնում են հիվանդանոց, և Դալարը հաջողությամբ երկրորդ զավակին` Զավենին լույս աշխարհ է բերում:
Սիրիահայ այս ընտանիքն այսօր Հայաստանում է, հայրենիք է տեղափոխվել մոտ մեկուկես տարի առաջ: Իսկ մինչ այդ նրանք փորձում էին կառչած մնալ հայրենի քաղաքին` վառոդի ծխի և արկերի պայթյունների տակ չհավատալով, որ երբեմնի խաղաղ ու բարեկեցիկ Հալեպն այլևս հիշողություն է:
Անիրական երազից նրանց վերջնականապես հանում է 2012-ի օգոստոսին իրենց տան մոտ հնչած պայթյունը, ու երիտասարդ ընտանիքը հենց հաջորդ օրը լքում է սիրելի քաղաքը:
Մինչ Երևան հասնելը, նրանք մեկնում են Դամասկոս` Դալարի հայրական տուն, որտեղ իրավիճակը դեռևս այնքան էլ լարված չէր: Սակայն Դամասկոս հասնելը մի մեծ փորձություն էր: Օդանավակայանի ճանապարհին պարզվում է, որ ընդդիմադիրները պայթեցրել են օդանավերին վառելանյութ մատակարարող բեռնատարները: Կառավարական օդանավակայանն արդեն հրե ճիրաններում էր: Իրավիճակը խիստ լարված էր: Նրանք օդանավակայանի և Հալեպի մեջտեղում էին, բայց ո՛չ առաջ կարող էին գնալ, ո՛չ հետ, երկու ճանապարհներն էլ փակվել էին գրոհայինների կողմից. «Շուտով ամուսնուս մոտեցավ մի մարդ, որն իր վրա պատասխանատվություն առավ մեզ գյուղերի միջով օդանավակայան հասցնել»,- պատմում է Դալարը:
Ավտոմեքենաները կանգնեցնում են և այդ մարդու ուղեկցությամբ ոտքով շարժվում առաջ. մի կողմում կառավարական զորքերն էին, մյուս կողմում` գրոհայիները, իսկ երկնքում ժամանակ առ ժամանակ պայթյուններ էին որոտում:
Ի վերջո, հասնում են օդանավակայան. ինքնաթիռը, որ թռիչք պետք է կատարեր ժամը 15:00-ին, օդ է բարձրանում ժամը 21:30-ին: Բարեբախտաբար, այդ ծանր փորձություններից հետո նրանք հասնում են Դամասկոս:
8 ամիս անց են կացնում Դամասկոսում: Նրանց դուստրը` 7-ամյա Գառնին, ընդունվում է հայկական դպրոց, Հակոբը, որ մասնագիտությամբ ոսկերիչ է, աշխատանք է գտնում, բայց այլ բնագավառում: Սպասում են, մինչև Հալեպում իրավիճակը կայունանա` վերադառնան: Բայց ոչ միայն Հալեպում չէր խաղաղվում, այլև պայթյունները կամաց-կամաց հասնում էին Դամասկոս: «Մի օր հենց աղջկաս դպրոցի մոտ պայթյուն եղավ, դպրոցի ամբողջ ապակիները կոտրվեցին, թափվեցին: Հասկացանք, որ այստեղ էլ այլևս ապահով չէ, և որոշեցինք տեղափոխվել Հայաստան»,- ասում է Դալարը:
Եվ օրեր անց, երբ գնում են հայկական դեսպանատուն, վիզաները վերցնում և տաքսի նստած տուն վերադառնում, հանկարծ երկնքում մեծ ծուխ են նկատում: Վարորդը պատմում է, որ քիչ առաջ մի քանի թաղամաս այն կողմ մեծ պայթյուն է եղել:
Երբ Դալարը լսում է թաղամասի անունը, մի պահ քարանում է, հետո բացականչում. «Գառնին, Հակո՛բ, Գառնին»,- ապա ինքնամոռաց տաքսու դուռն ընթացքի մեջ բացում է, որ իրեն դուրս նետի:
Թաղամասում, որտեղ պայթյունը եղել էր, դստեր դպրոցն էր գտնվում: Հետո պարզվում է, որ պայթյունը հենց դպրոցի կողքին է եղել, և ուսուցչուհին պատմել է, որ եթե այն 10 վայրկյան առաջ լիներ, հետևանքները շատ ծանր կլինեին, քանի որ երեխաների դպրոցից դուրս գալու պահին է եղել: «Երեկոյան ամուսնուս ասացի` վերջ, այլևս անհնարին է մնալը, պետք է Հայաստան գնանք: Իսկ այդ օրվա վախը ինձի մնաց»:
Մեկ շաբաթ անց նրանք արդեն Հայաստանում էին:
Երեխաների անվտանգությունն ապահովում են, բայց սոցիալական խնդիրը գնալով ավելի ու ավելի է ծանրանում: Հակոբն աշխատանք չունի: Իր մասնագիտությամբ ցանկացել է գործ ձեռնարկել, սակայն մի շարք դժվարությունների առաջ է կանգնել: Փորձել է անգամ շինարարության բնագավառում աշխատել, սակայն այստեղ էլ նրան խաբել են` խոստացած գումարի փոխարեն մի քանի անգամ քիչ գումար տալով: Հիասթափվել է, երդվել, որ այլևս Հայաստանում որևէ գործ չի անի: Հակոբի եղբայրները 10 տարուց ավելի է` Ֆրանսիայում են ապրում: Որոշել է եղբայրների մոտ գնալ:
«Մենք Սիրիայում շատ լավ կապրեինք, որևէ խնդիր չունեինք, կյանքը շատ հեշտ էր: Այստեղ 100 դոլարը կմանրես, մեկ օր էլ չի բավականացնի: Կյանքն այստեղ շատ թանկ է, չհաշված, որ ամսական 400 դոլար միայն տան վարձ կվճարենք,- ասում է Դալարը:-Սիրիայում էդքան աղքատություն կար, բայց անկարելի բան էր, որ մարդ մուրացկանություն աներ կամ աղբամանները մտներ, նման բաներ մենք տեսած չէինք: Այստեղ ահավոր է»:
Ընտանիքն ապրում է խնայողությունների և եղած ոսկին վաճառելու հաշվին: Սակայն ապրուստի այդ միջոցն էլ շուտով կսպառվի: Իսկ այս պահին նրանց վարձակալած բնակարանում ապրում է 9 հոգի. օրեր առաջ նրանց են միացել նաև Հակոբի մայրը, քույրը ամուսնու և երկու երեխաների հետ: Վերջիններս Հալեպից տեղափոխվել էին Եվրոպա, սակայն նրանց արտաքսել են: Ընտանիքի բոլոր անդամներն առայժմ անգործ ու անորոշ վիճակում սպասում են, իսկ թե ինչի` իրենք էլ չգիտեն:
Դալարին մի քիչ տխրեցնում է նաև տեղացիների վերաբերմունքը իրենց նկատմամբ, չնայած չի ժխտում` լավ վերաբերմունքով մարդիկ էլ շատ կան: Պատմում է, որ օրեր առաջ գնացել է հագուստ գնելու, և վաճառողներից մեկը դժգոհ տոնով ասել է, թե մենք ղարաբաղցիներից չէինք ազատվել, դուք եկաք:
Չնայած սոցիալական ծանր վիճակին, մարդկանց հետ դեռևս անսովոր հարաբերություններին` Դալարը գերադասում է Հայաստանում մնալ: «Ամենակարևոր զգացումը, որ սա իմն է, չէ՞ որ Հայաստանը մեզի համար միշտ երազ էր: Այստեղ շատ լավ է, միայն գործն է, որ մեզի համար խնդիր է»:
Դալարն անգամ համաձայն է, որ ամուսինը միայնակ մեկնի Ֆրանսիա, աշխատի, իսկ ինքը երեխաների հետ մնա Հայաստանում: Նա չի ուզում, որ երեխաները Եվրոպայում մեծանան. «Հիմա այստեղ, որ կտեսնեմ, թե Գառնին ինչպես օրինավոր հայկական դպրոց կերթա, մաքուր հայերենով կխոսե, հայ ընկերուհիներ, ընկերներ ձեռք կբերե, ինձի համար ուղղակի հարստություն է»:
Փոքրիկ Գառնին, որն արդեն մաքուր արևելահայերենով է խոսում, նույնպես սիրում է Հայաստանը, Երևանը: Բայց հարցին` կուզե՞ս վերադառնալ Սիրիա, ասում է. «Այո, շատ եմ կարոտել մեր տունը, մեր բակը, կուզեմ գնալ, կարոտս առնել ու նորից հետ գալ»:
Քիչ անց Գառնին ցույց է տալիս իր նկարած նկարներից մեկը. Սիրիայի դրոշն է. «Երբ Սիրիայի դրոշը տեսնում եմ, լաց եմ լինում»,- ասում է կարոտած աչքերով փոքրիկը: