Հայերեն   English   Русский  

​Ծաղիկներ, որոնք կարելի է նաև սննդի մեջ կիրառել (Լուսանկարներ)


  
դիտումներ: 11719

Եթե սամիթի և մաղադանոսի հետ կապված ամեն ինչ արդեն վաղուց պարզ է, ապա մարգարտածաղկով և նաստուրցիայով աղցանները կարող են հյուրասիրության ընթացքում ձեր սեղանի գլխավոր զարդը դառնալ: Գրում է Wday.ru-ն:

Նաստուրցիա

Այս բույսը հարուստ է C վիտամինով, հանքային նյութերով և հատկապես երկաթով: Նարնջագույն այս ծաղիկները հետաքրքիր սուր բույր և թեթևակի կծու համ ունեն, որը նախորդ հարյուրամյակում եվրոպացիների կողմից որպես ախորժակ առաջացնող ծաղիկ է համարվել: Ֆրանսիացիներն առաջինը նաստուրցիան խոհանոցում կիրառեցին և մինչև օրս նրանք այդ ծաղիկը օգտագործում են աղցանների մեջ` դրանց կծվություն հաղորդելու նպատակով: Կնճռոտված ընկույզի տեսք ունեցող խոշոր, չհասած սերմերը խաշում են քացախի մեջ և այդ կերպ փոխարինում թթու դրած կապարին: Այն հիասքանչ կծու համեմունք է ձկան կամ մսի համար: Մարինացված նաստուրցիայի սերմերը ավելացնում են նաև ձկնային աղցանների, բանջարեղենային ճաշատեսակների, կծու սոուսների և մայոնեզի մեջ: Նաստուրցիայի կիրառումը սննդի մեջ հատկապես տարածված է Մեծ Բրիտանիայում և Հարավային Ամերիկայում:

ծաղիկներ 10

Նաստուրցիայի չորացրած և աղացած ծաղիկները և տերևները հիասքանչ համեմունք են առաջին և երկրորդ կերակրատեսակների համար: Չորացրած ծաղիկներն ավելացնում են տնային գինիների մեջ, որից բուրումնավետ թեյ է ստացվում:

Ինչպես աճեցնել

Միամյա և տարատեսակ ձևեր ունեցող բույս է: Լավ աճում է ոչ հարուստ հողում ինչպես լավ լուսավոր պայմաններում, այնպես էլ մասնակի ստվերի դեպքում և ծաղկում է հունիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում: Իսկ ցանքը կատարվում է մայիս ամսին: Սակայն ծաղիկները որևէ կերակրատեսակի մեջ կիրառելիս պետք է վստահ լինել, որ այն էկոլգիապես մաքուր է, մշակված չէ թունաքիմիկատներով և այլ քիմիական միացություններով: Այդ իսկ պատճառով լավագույն տարբերակը բույսերն ինքնուրույն աճեցնելն է:

Կծու աղցան նաստուրցիայով և կանաչ սոխով

Անհրաժեշտ է`

  • 200գ. նաստուրցիայի ծաղիկներ և տերևներ
  • 200գ. կանաչ սոխ
  • բուսական յուղ (թթվասեր)
  • Բույսի ծաղիկներն ու տերևները կտրել և խառնել մանրացված կանաչ սոխին (1:1), որից հետո համեմել բուսական յուղով կամ թթվասերով:

    Վարունգախոտ (գաղտրիկ, ասպիրակ)

    Այս բույսն այդ կերպ անվանվել է իր հոտի պատճառով, քանի որ թարմ վարունգի հոտ է հիշեցնում: Տերևները և ընձյուղը С և А վիտամիններ են պարունակում, կալիումի աղ, շաքար, ճարպային թթուներ, կարոտին, եթերային յուղեր և այլն: Վարունգախոտի կիրառումը վերականգնում է ուժերը, կարգավորում սրտի աշխատանքը: Երիտասարդ տերևներն ավելացվում են աղցանների, խառնախորտիկի, մածնաբրդոշի, ինչպես նաև ապուրների մեջ: Վարունգախոտն առանձնահատուկ կերպով համադրվում է կաղամբի և վարունգի հետ: Աստղի ձև և կապույտ տերեփուկի երանգ ունեցող ծաղիկները կիրառվում են պունշերի, լիմոնադների, օշարակների, սառը ապուրների, պանրային թխվածքաճաշերի, ինչպես նաև ջինի հիմքով կոկտեյլների մեջ: Բացի այդ այս բույսից հանգստացնող թեյ են պատրաստում, ավելացնում գինու մեջ, որը օրիգինալ և թեթևակի սուր հոտ է ստանում:

    ծաղիկներ 10

    Ինչպես աճեցնել

    Միամյա, մեղրաբույս է, որը հարկավոր է տնկել ձմռանը կամ վաղ գարնանը: Այս բույսը քմահաճ չէ` չի վախենում ցրտից և չորությունից և հեշտությամբ է բազմանում:

    Միջնադարում ասպետական զինամրցումների մասնակիցները մարտ էին դուրս գալիս վարունգախոտով թեյ խմելուց հետո և իրենց վրա կապույտ ծաղիկներ զարդարելով: Իսկ Հին Հռոմում արշավների ընթացքում զինվորականների սննդակարգում նրանց ոգու ամրապնդման նպատակով վարունգախոտ էին ավելացնում:

    Վարունգախոտով և քաղցր տաքդեղով աղցան

    Անհրաժեշտ է`

  • 300գ. վարունգախոտի տերևներ
  • 300գ. քաղցր տաքդեղ
  • թթու դրած կաղամբ
  • բուսական յուղ
  • Մանրացված վարունգախոտը խառնել կտրատած տաքդեղի հետ, ավելացնել կաղամբը և համեմել բուսական յուղով:

    Վարունգախոտով, լոլիկով և ընկույզով աղցան

    Անհրաժեշտ է`

  • 100գ. կտրատած վարունգախոտի տերևներ
  • 200գ. լոլիկ
  • 5 մանրացված ընկույց
  • Բոլոր բաղադրիչները խառնել և համեմել բուսական յուղով:

    Ճակնդեղով և վարունգախոտով աղցան

    Անհրաժեշտ է`

  • 0,5լ. ճակնդեղի արգանակ
  • 2-3 եփած կարտոֆիլ
  • 1 եփած ճակնդեղ
  • 200գ. մանրացված ընկույզ
  • ըստ ճաշակի` այլ կանաչեղեն
  • թթվասեր, աղ
  • Բանջարեղենները և կանաչեղենը կտրել, ավելացնել ճակնդեղի արգանակը և համեմել թթվասերով: Այս աղցանի մեջ կարելի է նաև եփած ձու և միս ավելացնել:

    Ծաղիկների շաքարապատման եղանակ

    ծաղիկներ 10

    Հարկավոր է ծաղիկները լվացել և թղթե սրբիչով չորացնել: Թխվածքները ձևավորելու նպատակով զարդարանքներ ստանալու համար թեթևակի հարել ձվի սպիտակուցը և բարակ վրձնի օգնությամբ դրանով ամբողջությամբ պատել ծաղկաթերթերը: Այնուհետև դրանք մաղիկի օգնությամբ շաքարի փոշով պատել: Սննդային ներկանյութերի միջոցով կարելի է նախօրոք շաքարի փոշուն անհրաժեշտ երանգ տալ:

    Մարգարտածաղիկներ

    Այս ծաղիկների թեթև ընկույզի համը յուրահատուկ համ է փոխանցում կանաչ աղցաններին, մակարոնեղենից պատրաստված կերակրատեսակներին և բրնձին: Մարգարտածաղկի վարդագույն և սպիտակ ծաղկաթեթիկները կարելի է օգտագորրծել որպես նախշեր: Դրանցով պատում են աղցանները, բաց բուտերբրոդները, մատուցելուց առաջ եփած բանջարեղենը և այլն:

    ծաղիկներ 10

    Ինչպես աճեցնել

    Այս երկամյա բույսն աճում է ցանկացած հողում, թե արևի լուսավոր պայմաններում և թե մասնակի ստվերում: Ծաղկում է մայիսից հունիս ընկած ժամանակահտվածում և շատ հեշտությամբ էլ բազմանում է:

    Գեղօրաշուշան

    Չինաստանում գեղօրաշուշանը սննդի մեջ վաղուց է կիրառվում, ընդ որում ամբողջությամբ` կանաչը, արմատները և ծաղիկները: Երիտասարդ տերևներն ունեն քաղցր համ և գերազանց համադրվում են կանաչեղենի հետ: Այդիսկ պատճառով դրանք հիմնականում ավելացվում են բանջարեղենային աղցաններին: Սակայն գլխավոր դելիկատեսը գեղօրաշուշանի ծաղիկներն են: Կանաչ կոկոնները աղում են վարունգների նման, որոնց համով շատ նման են: Գեղօրաշուշանից պատրաստված խավիարը համով սմբուկի խավիար է հիշեցնում, սակայն շատ ավելի կծու և համեղ է:

    ծաղիկ 10

    Ինչպես աճեցնել

    Այս բազմամյա բույսի աճի համար հարմար է ցանկացած հող, սակայն լավագույնս այն աճում է լուսավոր պայմաններում: Գեղօրաշուշանը անփոխարինելի է ծույլ և զբաղված այգեպանների համար, քանի որ առանց որևէ խնդրի կարող է աճել:

    Չինացի բժիշկները ցիռոզով և հեպատիտով տառապող հիվանդներին խորհուրդ են տալիս իրենց ամենօրյա սննդակարգում գեղօրաշուշան օգտագործել, քանի որ այն չափազանց օգտակար է լյարդի համար:

    Գեղօրաշուշանով խավիար

    Անհրաժեշտ է`

  • 500գ. նոր բացված գեղօրաշուշանի ծաղիկներ
  • 3 սոխ
  • բուսական յուղ
  • նեխուր, լյուբիստոկ և համեմունքներ
  • Թարմ ծաղիկները հարկավոր է աղալ մսաղացով, ավելացնել նախօրոք տապակած սոխին` ավելացնելով բուսական յուղ և համեմունքներ: Այնուհետև ամբողջովին տապակել 10-15 րոպե:

    Գեղօրաշուշանի տերևներով և նարնջով աղցան

  • 200գ. գեղօրաշուշանի տերևներ
  • 1 նարինջ
  • ուրց
  • բուսական յուղ
  • Գեղօրաշուշանի տերևները և նարինջը մանրացնել և խառնել; Ստացված զանգվածին մի փոքև թարմ ուրց ավելացնել: Աղցանին կարելի է կիտրոնի հյութ ավելացնել և համեմել բուսական յուղով:

    Վաղենակ (կալենդուլա)

    Յուրօրինակ հոտով օժտված նարնջագույն ծաղիկների մանր ծաղկաթեթերը գլխավորապես ավելացնում են մսով և ձկնային ապուրներին, մակարոնեղենից և բրնձից պատրաստված կերակրատեսակներին և բանջարեղենային աղցաններին:

    ծաղիկներ 10

    Անյուտայի աչիկներ (վիոլա)

    Շնորհիվ քաղցր համի և դեկորատիվության այս բույսի ծաղիկները իրենց ուրույն տեղն են գտել դեսերտի սեղանի վրա: Այն ավելացնում են մրգային աղցանների մեջ, կիրառում են տորթեր և պաղպաղակներ զարդարելու համար: Կարելի Է սառեցնել սառույցի պատրաստման տարաների մեջ, ինչպես նաև շաքարապատել:

    Ինչպես աճեցնել

    ծաղիկներ 10

    Բազմամյա բույս է, որը աճում է որպես միամյա կամ երկամյա բույս` ցանկացած հողում: Աճում է ինչպես արևի ճառագայթների ներքո, այնպես էլ ստվերում: Ծաղկում է գարնանը:

    Բուրումնավետ խորդենի

    Գոյություն ունեն բուրումնավետ խորդենիի բազում տեսակներ, որոնցից յուրաքանչյուրը տարբերվում է իր սեփական համով և անկրկնելի բուրմունքով: Կան վարդի, կիտրոնի, անանուխի, նարնջի, խնձորի և անգամ մշկընկույզի հոտ ունեցող խորդենիներ: Բուրումնավետ տերևներն ավելացնում են ամենատարբեր կերակրատեսակների մեջ: Խորդենու տերևներով և ծաղիկներով կարելի է պատել աղանդերները: Խորդենին կարելի է օգտագործել նաև զովացուցիչ ըմպելիքներ կամ կոկտեյլներ պատրաստելիս:

    ծաղիկներ 10








    Բուրումնավետ նարդոս

    Նարդոսի տերևները կիրառում են որպես համեմունք` ավելացնելով աղցանների, խմիչքների, մսային և բանջարեղենային կերակրատեսակների մեջ: Նադոսի ծաղիկներ կարելի է լցնել շամպայնի գավաթի մեջ, զարդարել շոկոլադե աղանդերները, տորթերն ու պաղպաղակը:

    ծաղիկներ 10







    Վարդեր

    Միջին Ասիայի խոհարարները վարդը խոհարարության մեջ վաղուց են կիրառում: Ծաղկաթեթիկները հավաքում են արևածագին և միանգամից այն մշակում` թանկարժեք հոտը չկորցնելու նպատակով: Այնուհետև բուրումնավետ վարդագույն ջուրը օգտագործում են էկզոտիկ ջեմերի մեջ, ինչպես նաև դրանից զոհացուցիչ և թարմացնող ըմպելիքներ ստանում: Բոլորին քաջ հայտնի է վարդի մուրաբան: Վարդի ծաղկաթեթիկները կարելի է ավելացնել մրգային աղցանների մեջ, որը կարող է ազնվամորու կամ մեղրի համ հիշեցնել: Վարդը կարող է յուրահատուկ համ փոխանցել պաղպաղակին և ըմպելիքներին: Վերջապես ծաղկաթեթերով կարելի է զարդարել սպագետին:

    ծաղիկներ 10

    Վարդի ծաղկաթեթերով աղդանդեր

  • 50գ. թարմ ծաղկաթերթ
  • 0,75լ. սերուցք
  • շաքարափոշի
  • 6 ձվի դեղնուց
  • 4ձվի սպիտակուց
  • 25գ. ժելատին
  • 0,5լ. սերուցքը վարդի ծաղկաթեթերի հետ միասին եռացնել 15 րոպե: Ստացված զանգվածը քամել քամիչով: Քանի դեռ այն սառում է, մնացած սերուցքը հարել դեղնուցի հետ միասին և ավելացնել եռացրած զանգվածին: Ստացված զանգվածը դնել մարմանդ կրակի վրա և պահել այնքան, մինչև այն չսկսի բարձրանալ: Կրակի վրայից հեռացնելուց հետո ավելացնել լուծված ժելատինին և հարած սպիտակուցին, այնուհետև լցնել տարաների մեջ և սառնարան տեղադրել:

    Վարդի լիկյոր

  • 125գ. վարդի ծաղկաթերթիկ
  • 0,5լ. ջուր
  • 0,5լ. կոնյակ
  • 250գ. շաքարափոշի
  • ½ թեյի գդալ դարչին
  • Վարդի ծաղկաթերթերը լցնել ջրի մեջ և թողնել 2 օր, սակայն պարտադիր կերպով փակ տարայի մեջ: Այուհետև ստացված հեղուկը քամել և ավելացնել կոնյակը: Ավելացնել դարչինը և շաքարափոշին և թողնել 14 օր: Այուհետև քամել և լցնել փոքրիկ շշի մեջ:




    Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: