Հայերեն   English   Русский  

ՏԻԳՐԱՆ ՄԵԾ


  
դիտումներ: 41673

Աշխարհում Տիգրան Մեծին նվիրված ավելի շատ օպերա է գրվել, քան մեկ այլ գահակալի: Եվրոպայի կոմպոզիտորները Տիգրան Մեծին նվիրել են 24 օպերա, բացի այդ, 17 օպերա նվիրված է Միհրդատ Եվպատորին, որոնց մեջ Տիգրանը գլխավոր հերոսներից է:Հայ կոմպոզիտորներից Տիգրան Մեծին անդրադարձել է միայն Տիգրան Չուխաջյանը:

Տիգրան Մեծ արքան (մ.թ.ա. 95-55), հայոց ամենասիրելի, ամենափառաբանված հերոսներից է: Նրա անվան հետ են կապված հայոց փառքը, հայոց աշխարհակալության ծնունդը:

Տիգրան Երկրորդի հայրը` հայոց թագավոր Տիգրան Առաջինը (մ.թ.ա. 115-95), իր գահակալության սկզբում բախվեց հզոր պարթևական թագավորությանը, պարտվեց և ստիպված եղավ իր ավագ որդուն` Տիգրանին պատանդ ուղարկել պարթևաց արքունիք:
Տիգրան արքայազնի կյանքի այդ շրջանի մասին քիչ բան է հայտնի. միայն այն, որ նա իր պատանդության մեջ ամուսնացել էր պարթևաց արքայադուստրերից մեկի հետ: Ունե՞ր նրանից զավակներ` հայտնի չէ:
Մ.թ.ա. 95 թ. մահանում է Տիգրան Ա արքան: Նրա զավակներից Գուրասը Հայաստանում էր, սակայն ավագության կարգով գահը հասնում էր պատանդ Տիգրանին: Եվ հայոց ավագանին, պարթևական թագավոր Միհրդատ Երկրորդին զիջելով հայոց Յոթանասուն հովիտներ երկրամասը, արքայազն Տիգրանին ազատեց գերությունից ու բազմեցրեց հայոց գահին: Թվում էր` պարթևների համար հայոց գահի լավագույն թեկնածուն հենց Տիգրան Երկրորդն է, քանզի մեծացել էր պարթևական արքունիքում, յուրացրել նրանց բարքերը, ամուսնացել պարթև արքայադստեր հետ, և հետևաբար, Հայաստանը պիտի գտնվեր պարթևների գերիշխանության տակ: Սակայն պարթևների հաշվարկները սխալ էին:
Ժառանգելով հայոց գահը 45 տարեկանում` Տիգրանն արագորեն վերակազմավորեց հայոց բանակը և ձեռնամուխ եղավ հայոց հեղինակության վերականգնմանն ու պետության հզորացմանը: Նա սկսեց այնտեղից, որտեղ կանգ էր առել իր պապը` Արտաշես Ա Բարեպաշտ արքան (մ.թ.ա. 189-160): Տիգրանի զորքերը արագ երթով մտան Ծոփքի թագավորություն, գրավեցին հայոց այդ հնամենի երկրամասը, գլխատեցին Արտանես արքային ու միացրին Մեծ Հայքի թագավորությանը:
Միաժամանակ հայոց երկրի հյուսիսում հզորանում էր Պոնտոսի թագավորությունը: Նրա հանճարեղ գահակալ Միհրդատ Զ Եվպատորը (մ.թ.ա. 111-63), որ Հռոմի ոխերիմ թշնամին էր, լինելով հմուտ զորավար ու դիվանագետ, անմիջապես հասկացավ Տիգրանի հավակնություններն ու ուժը և նրան դաշինք առաջարկեց: Մ.թ.ա. 94 թ. կնքվեց հայ-պոնտական դաշինքը, որով երկու թագավորները միմյանց միջև բաժանեցին ապագա նվաճումների տարածքները: Դաշինքն ամրապնդելու համար Տիգրան Բ կնության առավ Միհրդատի երիտասարդ, գեղանի դստերը` Կլեոպատրային:
Հաջորդ տարին` մ.թ.ա. 93 թ., Տիգրան Բ-ի բանակը մտնում է Կապադովկիա: Սրանով, փաստորեն, Տիգրան արքան պատերազմ հայտարարեց Հռոմին: Նա գահազրկեց Արիոբարզան Ա արքային, նրա տեղը գահ բարձրացրեց Գորդեոսին և հարուստ ավարով ու գերիներով վերադարձավ Հայաստան: Սակայն Հռոմը Տիգրանի դեմ ուղարկեց անվանի զորավար Լուցիուս Կոռնելիուս Սուլլային, որը վերականգնեց իրերի նախկին վիճակը:
Մի քանի տարի անց Պարթևստանում վախճանվում է Միհրդատ Բ արքան: Պարթևաց երկրում ծայր են առնում երկպառակտչական պատերազմները: Առիթից չի հապաղում օգտվել Տիգրան Բ-ն: Մ.թ.ա. 87 թ. հայոց երկնակամարում փայլում է Հալլեի գիսաստղը: Դա հաջողակ նշան է համարվում Տիգրանի համար, նա պատերազմ է հայտարարում Պարթևստանին ու նվաճում այդ հզոր երկիրը: Տիգրանը ոչ միայն ազատագրում է պարթևաց պետության տարածքում գտնվող հայոց երկրամասերը, այլև հարկատու է դարձնում պարթևական հզոր թագավորությանն ու պարթև Արշակունիներից խլում արքայից-արքա տիտղոսը: Սրանով Տիգրան Մեծի պետությունը դառնում է Առաջավոր Ասիայի հզորագույն տերությունը: Նա իր սրին է ենթարկում նաև Միկդոնիան, Օսրոենեն, Ատրպատականը, Ադիաբենեն, Կորդուքը...
Տիգրանը Մեծ Հայքին է միացնում նաև Հյուսիսային Միջագետքն ու նրա կենտրոն Մծբինում կառավարիչ նշանակում իր կրտսեր եղբայր Գուրասին:
Նվաճելով վերը նշված երկրները` Տիգրան Մեծն այնտեղ չվերացրեց թագավորական իշխանությունը, ուղղակի վասալական կախման մեջ դրեց նրանց: Ոմանց հետ անգամ խնամիացավ` փորձելով դրանով ձեռք բերել դաշնակիցներ: Նա իր դստերը կնության տվեց Ատրպատականի Միհրդատ արքային: Հետագան ցույց տվեց, թե որքան սխալ էին հայոց արքայի հաշվարկները: Միհրդատի ու հայոց արքայադստեր ամուսնությունից ծնված Մար Արտավազդը հետագայում լուրջ մրցակից դարձավ հայոց Արտավազդ Բ արքայի համար:
Հաստատվելով արևելքում` Տիգրան Մեծն իր հայացքը հառեց դեպի հարավ: Իսկ Ասորիքում հետաքրքիր զարգացումներ էին: Երբեմնի հզոր Սելևկյան թագավորությունը փլուզվում էր: Եվ սելևկյան պետության ավագանին, հոգնելով շարունակական երկպառակտչական պատերազմներից, օտար գահակալ էր որոնում` բազմեցնելու սելևկյան գահին, դրանով իսկ կարգի գցելու ներքին խնդիրները երբեմնի հզոր թագավորության մեջ: Եվ ահա ավագանին հրավիրեց Տիգրան արքային` զբաղեցնելու Անտիոքի գահը նույնպես:
Տիգրան Մեծի պլանների մեջ, բնականաբար, մտնում էր Ասորիքի նվաճումը: Ասորիքն իր հարստություններով, նավահանգիստներով չէր կարող դուրս մնալ հայոց արքայի հետաքրքրությունների ոլորտից: Եվ ահա առիթ է ներկայանում նվաճելու Ասորիքն առանց պատերազմի` խաղաղ ճանապարհով: Տիգրան Մեծը մ.թ.ա. 83 թ. բազմում է Սելևկյան գահին: Դրանով, փաստորեն, պատմության թատերաբեմից հեռանում է հին Արևելքի ևս մեկ հզոր պետություն` Սելևկյան թագավորությունը: Տիգրանը Անտիոքում կառավարիչ է նշանակում հայոց Բագարատ զորավարին և գրավում Դաշտային Կիլիկիան և Գամիրքը` դառնալով Հռոմի Հանրապետության անմիջական հարևանը: Տիգրանի ու Հռոմի բախումն անխուսափելի է դառնում: Մինչ վճռական գործողությունների անցնելը, կողմերը ակտիվ հետախուզություն են ծավալում: Օգտվելով Սպարտակի ապստամբության հետևանքով Հռոմում առաջացած խուճապից` հայոց արքան աջակցում է Միջերկրական ծովում ծովահենների ակտիվ գործունեությանը Հռոմի դեմ:
Ավարտելով իր նվաճումները` Տիգրան Մեծն իր հսկայական տերության աշխարհագրական կենտրոնում` Մեծ Հայքի Աղձնիք նահանգում, կառուցեց նոր մայրաքաղաք` Տիգրանակերտը: Արտաշատը համարվում էր Տիգրանի տերության հյուսիսային, Անտիոքը` հարավային մայրաքաղաքը:
Ժամանակակիցների վկայությամբ` Տիգրանակերտը կարճ ժամանակում դարձավ Հին աշխարհի մեծ, փարթամ ու ճոխ քաղաքներից մեկը: Սակայն հայոց արքան այստեղ թույլ տվեց իր լուրջ մարտավարական սխալներից մեկը. նա հայոց մայրաքաղաքը բնակեցրեց նվաճված երկրներից բերված հույն ու հրեա գերիներով:
Մեծ Հայքի համար տարածաշրջանում միակ ռեալ հակառակորդ ուժը դառնում է Հռոմը: Հենց Հռոմի դրդմամբ մ.թ.ա. 73 թ. Տիգրանի դեմ ըմբոստանում է Սելևկյան Սելենե թագուհին, որ ամուր կայազորով ամրանում է Պտղոմայիս ամրոցում: Տիգրանը շուրջ չորս տարի պաշարում է Պտղոմայիսը, ի վերջո գրավում և մահապատժի ենթարկում Սելենե թագուհուն: Այս դեպքերից հետո Տիգրանին հպատակություն է հայտնում նաև Իսրայելի թագավորությունը:
Սակայն հայոց արքայի հսկայական տերության մեջ էլ ամեն ինչ հարթ չէր ընթանում:
Նրա դեմ շարունակ ապստամբում էին նվաճված երկրների տիրակալները: Տիգրանը դաժանորեն ճնշում է ապստամբությունները: Նա անողոք գտնվեց անգամ իր երկու ապստամբ որդիների նկատմամբ, որոնց մահապատժի ենթարկեց: Պատմությունը մեզ է ավանդել նրանցից մեկի անունը` Զարեհ, մյուսին ենթադրաբար կոչել են Արտաշես:
Այս պայմաններում կամա, թե ակամա Տիգրան Մեծը ներքաշվում է պատերազմի մեջ: Աշխարհակալ Հռոմը, բնականաբար, չէր կարող հաշտվել Հայաստանի աշխարհակալական ձգտումների հետ: Մ.թ.ա. 73 թ. սկսվում է նոր պատերազմ Պոնտոսի և Հռոմի միջև: Չնայած նախնական հաջողությանը` Միհրդատ Եվպատորն այս պատերազմում գլխովին ջախջախվում է և ապաստանում Հայաստանում: Հռոմեացի զորավար Լուկուլլոսը, որ վարում էր պատերազմը Պոնտոսի դեմ, Տիգրանից պահանջեց իրեն հանձնել Միհրդատին:
Տիգրան արքան մերժում է Լուկուլլոսի ապօրինի պահանջը: Օգտվելով առիթից` հռոմեացին, առանց պատերազմ հայտարարելու, մեծաքանակ զորքով մտնում է Հայաստան: Արագ երթով անցնելով Ծոփքի վրայով` Լուկուլլոսի բանակը հայտնվում է մայրաքաղաք Տիգրանակերտի պարիսպների տակ: Տիգրանը, որ իր բանակով գտնվում էր Փյունիկիայում, Լուկուլլոսի դեմ է ուղարկում Մեհրուժան Ծոփեցուն 3000-անոց բանակով: Մեհրուժանի բանակը արագ ոչնչանում է` բախվելով Լուկուլլոսի զորքի հետ:
Հավանաբար, հայոց արքային շլացրել էին գլխապտույտ հաջողությունները...
Տիգրանակերտի տակ հայոց արքան թույլ է տալիս հերթական սխալը. նա փոքրիկ զորաջոկատով ճեղքում է հռոմեացիների պաշարման շղթան ու մտնելով քաղաք` նույն անակնկալ ճեղքումով քաղաքից հանում է իր կանանոցն ու գանձերը:
Սա որպես ռազմական գործողություն փայլուն էր, սակայն սխալ էր ռազմավարական տեսանկյունից, քանզի մինչ այդ քաջաբար պաշտպանվող մայրաքաղաքի բնակչությանը բարոյազրկեց ու հուսահատեցրեց:
Ինչևէ, մ.թ.ա. 69 թ. հոկտեմբերի 6-ին Տիգրանակերտի մատույցներում տեղի ունեցավ գլխավոր ճակատամարտը, որն ավարտվեց հայկական բանակի կատարյալ պարտությամբ:
Ճակատամարտից հետո Տիգրան արքան նահանջում է Արտաշատ, իսկ Լուկուլլոսը շարունակում է Տիգրանակերտի պաշարումը, ի վերջո գրավում և թալանում այն:

Տիգրանակերտի պարտությունը ծանր հարված էր հայկական աշխարհակալությանը:
Չբավարարվելով ձեռք բերածով` Լուկուլլոսը մ.թ.ա. 68 թվականի գարնանն անցնում է Հայկական Տավրոսն ու արշավում Արտաշատի վրա: Սակայն Արածանի գետի անցման ժամանակ նրան կազմ ու պատրաստ դիմավորում են հայկական զորքերը: Արածանիի ճակատամարտում Հռոմը ծանր պարտություն է կրում: Լուկուլլոսը ստիպված էր նահանջի հրաման տալ: Բայց Տիգրան Մեծը հերթական սխալը թույլ տվեց. նա չհետապնդեց նահանջող թշնամուն: Հռոմեական բանակը նահանջի ճանապարհին գրավեց նաև Մծբինը:
Մ.թ.ա. 67 թ. նոր միայն հայոց բանակը ռազմարշավ ձեռնարկեց արևելքում` փորձելով վերացնել Լուկուլլոսի արշավանքի հետևանքները և հայոց տերությանը միացնել ապստամբած ու Տիգրանի կայսրությունից անջատված երկրամասերը: Միաժամանակ, Տիգրանի բանակի աջակցությամբ Պոնտոսում իրերի նախկին վիճակն էր վերականգնում Միհրդատ Եվպատորը:
Այսպես անփառունակ ավարտվեց Լուկուլլոսի արշավանքը արևելք: Սակայն տիգրանյան կայսրության հիմքերը խարխլված էին այլևս: Մ.թ.ա. 66 թ. մեծ բանակով Արևելք է արշավում հռոմեացի հայտնի զորավար Գնեոս Պոմպեոս Մեծը:
Նա կարողացավ համոզել պարթևաց արքա Հրահատ Գ-ին, որ պատերազմ սկսի Հայաստանի դեմ: Ինքը` Պոմպեոսը, արագ երթով արշավեց Պոնտոս և ջախջախեց Միհրդատ Եվպատորին: Տիգրան Մեծը չօգնեց իր աներոջը և երբեմնի դաշնակցին, քանզի Միհրդատը աջակցել էր Տիգրան Կրտսերի ապստամբությանը: Տիգրան Կրտսերը` հավակնոտ մի երիտասարդ, ապստամբելով հոր դեմ, նախ միացավ պարթևաց բանակին, սակայն հայ-պարթևական բախման ժամանակ հաջողությունը պարթևների կողմը չէր: Դրանից հետո հայոց դավաճան արքայազնը հայտնվեց Պոմպեոսի ճամբարում և առաջնորդեց հռոմեական լեգեոնները հայոց մայրաքաղաք: Տիգրան արքան ստիպված էր հաշտություն խնդրել Պոմպեոսից: Նա միայնակ, առանց թիկնազորի գնաց հռոմեական ճամբար ու թագը հանձնեց Պոմպեոսին: Հուզված հռոմեացին բարձրանալով իր գահավորակից` թագը դնում է հայոց արքայի գլխին: Համենայն դեպս, այս դեպքերի մասին այսպես են ավանդում հռոմեացի պատմիչները: Գուցե սա հորինված պատմություն է...
Ինչևէ, մ.թ.ա. 66 թ. աշնանը Արտաշատում կնքվում է պայմանագիր Հռոմի և Հայաստանի միջև: Պայմանագրի համաձայն` Տիգրանը Հռոմի օգտին հրաժարվում է իր նվաճումներից: Հայաստանը պահպանում է իր անկախությունը և տարածքային ամբողջականությունը, բացառությամբ Ծոփքի, որտեղ թագավոր է հռչակվում Տիգրան Կրտսերը: Հայաստանը հռչակվում է «Հռոմեական ժողովրդի դաշնակից և բարեկամ» և Հռոմին մեծ ռազմատուգանք է վճարում:
Տիգրան արքան 6000 տաղանդ ռազմատուգանքը ցանկացավ վճարել հենց Ծոփքի գանձարաններից, ինչի համար ըմբոստացավ նրա որդին` Տիգրան Կրտսերը: Ի վերջո Պոմպեոսը նրան կալանավորեց և որպես գերի ցուցադրեց Հռոմի հաղթահանդեսին: Հետագայում, երբ Տիգրան Կրտսերը փորձեց փախչել Հռոմից և վերադառնալ Հայաստան, սպանվեց Հուլիոս Կեսարի հրամանով:
Արտաշատի պայմանագրից հետո Տիգրան արքան անդրադարձավ պարթևական գործերին: Հռոմի օգնությամբ նա Հյուսիսային Միջագետքից դուրս մղեց պարթևական զորքերն ու երկրամասը կրկին միացրեց Մեծ Հայքին: Տիգրան Մեծը թագավորեց մինչև մ.թ.ա. 55 թ. և մահացավ խոր ծերության հասակում` հայոց գահը հանձնելով արժանավոր զավակին` Արտավազդ Երկրորդին:

Ֆրանսիացի արևելագետ Ռընե Գրուսեն այսպես է արտահայտվել Տիգրան Մեծի մասին.
«Տիգրան թագավորը՝ այս դեռևս չճանաչված հզոր տիրակալը, շատ ավելի մեծ արժանիքներ ունի, քան նրա ժամանակակից Միհրդատը, որով հիացած է պատմությունը, եթե մանավանդ նկատի ունենանք, որ Միհրդատը փայլուն կերպով ինքնասպանության մղեց իր պետությունը, մինչդեռ Տիգրանն իր ժողովրդի ապրելու իրավունքն ապահովեց հավերժության համար»:

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: