Հայերեն   English   Русский  

50 ընտանիքների ճակատագիրը ծեծ ու ջարդից, ասֆալտապատումից ավելի կարևոր է


  
դիտումներ: 1419

Օրերս մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում բարձրաստիճան պաշտոնյաների` մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ու Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի մասնակցությամբ միջադեպ է եղել` պայմանավորված Սիսիանի ավագանու անդամ Սրբուհի Գրիգորյանի` ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին հասցեագրված նամակով, որով ավագանու անդամն իր մտահոգություններն է հայտնել Սիսիանին և Գորիսին հրատապ ծրագրերով հատկացվող միջոցների անհամաչափության հետ: «Անկախը» կապ հաստատեց Սրբուհի Գրիգորյանի հետ` տեղեկանալու ոչ թե միջադեպի մասին, որի եղելությունը հերքեցին թե՛ մարզպետը և թե՛ քաղաքապետը, այլ բուն նամակում արծարծված խնդիրների, որոնք այդքան հնչեղություն ստացան:

- Տիկի՛ն Գրիգորյան, եթե կարելի է, անդրադառնանք նամակի բովանդակությանը, ի՞նչ խնդիրներ էիք տեսել ու ի՞նչ հարցերի պատասխան էիք փորձել ստանալ վարչապետից:

- Նախ` շնորհակալություն եմ հայտնել, որ Սիսիան-Դաստակերտ ճանապարհը նորոգվում է, բայց խնդրել եմ վարչապետին ուշադրություն դարձնել հատկացումների, այսինքն` հրատապ, առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների լուծման համար կառավարության հատկացումների վրա, որոնց մասին կարդացի ինտերնետում, և այնքան էլ հաճելի չէր, երբ տեղեկացա, որ Գորիսին նման ծրագրեր իրականացնելու համար հատկացվում է 130 մլն դրամ, իսկ Սիսիանին` 36 մլն: Խնդրեցի ուղղակի վերանայել կառավարությունում հրատապ ծրագրերով հատկացումները, որպեսզի սուբյեկտիվ մոտեցումները բացառվեն:

- Եվ ինչո՞վ է, ըստ Ձեզ, պայմանավորված այդ սուբյեկտիվ մոտեցումը:

- Ես միշտ ասել եմ, որ մենք` հայերս, տեղային հայրենասերներ ենք. Ամենքս կփորձենք մեր տարածաշրջանը, մեր ծննդավայրը շենացնել, բայց 100 մլն դրամի տարբերությունը մի քիչ աբսուրդային է: Քանի որ մարզպետը Գորիսից է, դրանով պայմանավորված` այդ հատկացումների ծավալների տարբերությունը կարող է նման սուբյեկտիվ դրսևորում ունենալ: Այլ բացատրություն չկա: Որովհետև մենք Սիսիանում ունենք ֆիզկուլտուրնիկների մի վթարային շենք, որտեղ ապրում է 50 ընտանիք: Հանձնաժողովն ուսումնասիրություն է կատարել ու պարզել, որ այդ շենքն այլևս ամրացման ենթակա չէ, բնակիչները պետք է անպայման օր առաջ տարհանվեն այդ շենքից: Իմ կարծիքով` դա ավելի հրատապ է, քան մի որևէ քաղաքի, թեկուզ Սիսիանի մի որևէ փողոցի ասֆալտապատումը: Որովհետև այդտեղ երեխաներ են ապրում, ծերեր են ապրում, և նրանք ամեն օր իրենց բնակարանի դռնից ներս են մտնում` չիմանալով` դուրս կգա՞ն տնից, թե՞ ոչ, կլուսացնե՞ն գիշերը, թե՞ ոչ: Այսպիսի դրամատիկ պատմություն: Թե չէ որոշ լրատվամիջոցներ ներկայացրին Սյունիքը որպես կռիվների, ծեծ ու ջարդի թատերաբեմ:

- Ի՞նչ պատասխան ստացաք Ձեր բարձրացրած հարցերին:

- Իմ նամակը մակագրվել է Սյունիքի մարզպետին, վերջինիս հանձնարարությամբ կատարվել է ուսումնասիրություն, պատասխանը ստացել եմ օրենքով սահմանված ժամկետներում, սակայն, անկեղծ ասած, դրա մեջ իմ նամակում բարձրացված հարցերի պատասխանները չկային: Ուղղակի հերթական մի «պլյուսն» էր դրված, և փաստեր են բերվում, թե 2012-2015 թթ. Սիսիանի տարածաշրջանին ավելի շատ հատկացումներ են արվել, քան Գորիսի տարածաշրջանին: Սիսիանի տարածաշրջանն ամենամեծն է մարզում թե՛ տարածության առումով, թե՛ գյուղերի թվաքանակի: Ու բնականաբար պետք է ավելի մեծ գումարներ ներդրվեին, քանի որ ավելի շատ համայնքներ կան: Դպրոցաշինությանն են գումարներ ուղղվել, ես ինքս լրագրող եմ և շատ լավ գիտեմ, թե որտեղ է դպրոց կառուցվել կամ վերանորոգվել, որքան գումարով և այլն: Իհարկե, ողջունելի է դպրոցաշինությունը, դա լավ է: Բայց դա քաղաքին, ասֆալտին, նույն ֆիզկուլտուրնիկների վթարային շենքին ընդհանրապես չի առնչվում:

- Ձեր հարցադրումների պատասխանն, այսպիսով, չեք ստացել. Իսկ մտադի՞ր եք շարունակել ձեր հարցապնդումները:

- Իհա՛րկե, փորձելու եմ ինչ-որ կերպ հանդիպել վարչապետի հետ: Հույս ունեմ, որ դա ինձ կհաջողվի, ուղղակի կքննարկենք այդ հարցն ու իմ նամակի պատասխանը կփորձեմ ստանալ կառավարության առաջին դեմքից:

- Որպես Սիսիանի ավագանու անդամ ի՞նչ եք կարծում, հրատապ համարված խնդիրների լուծման համար հատկացված միջոցները հրատապ լուծում պահանջող քանի՞ խնդիր կարող են լուծել: Արդյոք Սիսիանը 36 մլն դրամի՞ հրատապ լուծում պահանջող խնդիրներ ունի:

- Ոչ, բայց կառավարությունն այդպես է նպատակահարմար գտնում ու հատկացումներ կատարում: Այստեղ ավագանին ու նրա անդամները չեն կարող այդ հատկացումներով ստացվող միջոցները կառավարել: Մենք կարող ենք միայն համայնքի բյուջեն կառավարել:

- Անկախ նրանից, թե կառավարությունը քանի ծրագիր կամ միջոցառում է համարել հրատապ ու դրանցից քանիսի համար է որոշել միջոցներ հատկացնել, Ձեր դիտարկմամբ, թեկուզ գումարային արտահայտությամբ, որքա՞ն գումարի հրատապ խնդիրներ ունի համայնքը:

- Կոնկրետ չենք հաշվարկել, բայց օրինակ` իմ հիշատակած ֆիզկուլտուրնիկների շենքի բնակիչների համար նոր բնակարաններ կառուցելը մի քանի հարյուր մլն-ի խնդիր է: Բայց դրա լուծումն էլ կա. կարելի է մաս-մաս այդ հարցը լուծել: Սիսիանում մենք ունենք բազմաթիվ կիսակառույցներ, որոնցից մի քանիսը կարելի է այդ 50 ընտանիքներից մի մասի համար կառուցել` մի անգամ 100 մլն դրամ հատկացնելով, մեկ այլ անգամ` մի ինչ-որ այլ գումար, ու այդ 50 ընտանիքներին տարհանել ոչ թե միանգամից, այլ մաս-մաս: Օրինակ` նայել, թե որ ընտանիքներում շատ երեխաներ կան, ու նրանց առաջին հերթին տարհանել, և այլն: Բոլոր խնդիրները կարելի է լուծել, եթե միջոցներ լինեն:

- Քանի որ արդեն նշեցիք, որ փորձելու եք հանդիպել վարչապետի հետ, ի՞նչ եք պատրաստվում ասել նրան:

- Հիմա չեմ կարող ասել, թե ինչ բնույթի զրույց կարող է ծավալվել իմ և պարոն Հովիկ Աբրահամյանի միջև, բայց, ամեն դեպքում, պետք է հանգենք նրան, որ համայնքներին տրամադրվող գումարները չպետք է միջնորդավորված տրամադրվեն:

- Նկատի ունեք, որ պետք է շրջանցվեն մարզպետարաննե՞րը:

- Այո: Այստեղ ես ընդհանրապես մարզպետարանի առաքելությունը չեմ հասկանում:

- Ինչո՞ւ: Երբ միջնորդավորված են հասնում այդ հատկացումները, ինչ-որ խնդիրնե՞ր են առաջանում:

- Խնդիրը սա է. Գորիսին պետք է հատկացվի 130, իսկ Սիսիանին` 36 մլն դրամ: Ընդ որում, այդ 36 մլն-ից 20-ը պետք է հատկացվի հիվանդանոցի նորոգմանը: Այսինքն` այլ համայնքային խնդիրների լուծման համար հատկացվել է ընդամենը 16 մլն դրամ: Մինչդեռ Գորիսի միայն մեկ թաղամասին հատկացվում է 60 մլն դրամ: Դե համեմատե՛ք` մի թաղամասի` 60 մլն, իսկ մի ամբողջ քաղաքի` 16 մլն դրամ:

- Ձեր կարծիքով` հատկացումները միջնորդավորված տեղ հասնելու պատճառո՞վ է այդպես ստացվել:

- Այո: Ես այդպես եմ կարծում: Պետք է ուսումնասիրվի, չէ՞, Սիսիանի քաղաքապետարանը հստակ ներկայացրել է իր առաջնահերթ խնդիրները` այսինչ-այսինչ փողոցները պետք է նորոգվեն, այսին-այսինչ բակերը, այսինչ վթարային շենքի բնակիչները պետք է տարհանվեն… Հիմա տեսեք, մենք քառամյա ծրագիր ենք հաստատել, բայց այդ ծրագիրը իրականացնել հնարավոր չէ, քանի որ համայնքների միջև միջոցների ոչ համաչափ բաշխում է տեղի ունեցել: Իսկ ոչ համաչափ բաշխումը հանգեցնում է համայնքների ոչ համաչափ զարգացման: Մենք Գորիսի հետ շատ մոտիկ ենք` ընդամենը մի քանի տասնյակ կիլոմետր ենք հեռու, բայց եկեք ու անցեք Գորիս: Ամեն օր բնակիչներն ասում են` Գորիսում ասֆալտի վրայից ասֆալտ է արվում: Հասկացանք, որ այնտեղ մայրուղի է և այլն, բայց պետք է խորքային ուսումնասիրվի այս հարցը: Նայենք նաև նախորդ տարիների հատկացումների բաշխվածությանը: Ճիշտ է` տարբերությունը այսքան` 100 մլն դրամ չէր, բայց էլի ահռելի էր: Եվ եթե այս տարի ես այս աղմուկը չբարձրացնեի, միգուցե եկող տարի 200 մլն լիներ այդ տարբերությունը: Բայց չէ՞ որ մենք ենք հարկատուները, մենք ասում ենք` ՀՀ բյուջեն մեծ չէ, ու մենք ինքներս պետք է սահմանենք մեզ համար առաջնահերթ խնդիրները: Ի՞նչ է, մեզ համար ասֆալտից ու բակից ավելի թանկ չե՞ն այդ 50 ընտանիքները: Միայն անցյալ տարի սիսիանցի 4 զինվոր ենք հուղարկավորել, որ զոհվել են երկրի սահմանները պաշտպանելիս: Այդ 50 բնակարաններում էլի ապագա զինվորներ են ապրում: Մտահոգությունս, որպես կնոջ ու որպես ավագանու անդամի, սա է: Իսկ այդ սենսացիաները, թե ով ում ծեծեց և այլն, երկրորդական են:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: