Աշխատանքային պայմանագիր
Ի սկզբանե աշխատանքային իրավահարաբերությունները ենթադրում են որոշակի ենթակայություն, աշխատողի և գործատուի միջև ոչ հավասար պայմանների առկայություն, ուստի աշխատանքային պայմանագիրը ծառայում է որպես գործիք այդ անհավասարությունը հավասարակշռելու նպատակով:
Աշխատանքային պայմանագիրը սահմանվում է հետևյալ կերպ. «Աշխատանքային պայմանագիրը համաձայնություն է աշխատողի և գործատուի միջև, ըստ որի` աշխատողը պարտավորվում է գործատուի համար կատարել որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ աշխատանք` պահպանելով աշխատավայրում սահմանված աշխատանքային կարգապահությունը, իսկ գործատուն պարտավորվում է աշխատողին տրամադրել պայմանագրով որոշված աշխատանքը, վճարել նրա կատարած աշխատանքի համար պայմանավորված աշխատավարձը և ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ պայմանագրով, կողմերի համաձայնությամբ նախատեսված աշխատանքային պայմաններ»:
Աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր աշխատանքային պայմանագիրը կնքվում է երկու օրինակից` կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով: Աշխատանքային պայմանագիր կնքելուց հետո գործատուն պարտավոր է ընդունել աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտ (հրաման), որում նշվում են աշխատողի անունը, ազգանունը, նրա ցանկությամբ` նաև հայրանունը, պաշտոնի անվանումը և (կամ) աշխատանքային գործառույթները, հիմնական աշխատավարձի չափը և (կամ) այն որոշելու ձևը և այլն:
Օրենսդրությունը նախատեսում է աշխատանքային պայմանագրի հետևյալ երկու տեսակները.
1. անորոշ ժամկետով ( երբ աշխատանքային պայմանագրում դրա գործողության ժամկետը նշված չէ),
2. որոշակի ժամկետով (երբ աշխատանքային պայմանագրում դրա գործողության ժամկետը նշված է):
Շարունակությունը հաջորդիվ
Վարազդատ Հարությունյան