Ֆրանսիայի դիմադրության շարժման մարտիկն ու Գանձասարի փրկիչը
Հետո մեկնում է Օդեսա: Իսկ երբ ծանր մարտերից հետո սովետական զորքերը ստիպված էին թողնել Օդեսան, Հովհաննեսն իր ընկերների հետ ձկնորսական նավով հասնում է Սևաստոպոլ և մտնում 95-րդ դիվիզիա:
1942 թ. հուլիսի 3-ին Սևաստոպոլի հայտնի ճակատամարտում Հովհաննես Ասրյանի գնդացիրը ջարդվում է, իսկ ինքն ուշագնաց վիճակում դուրս է շպրտվում մեքենայից: Ուշքի է գալիս մտրակի հարվածներից: Գերմանացիներն էին…
Նրան սպասում էր ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների տաժանակրությունը:
Համակենտրոնացման ճամբարում մի օր գերմանացիները սպանում են աշխատել չկարողացող բոլոր հիվանդ ու վիրավոր գերիներին: 1943 թ. հուլիսին կազմակերպվում է 30 հոգանոց գերիների խմբի անհաջող փախուստը, որի մեջ էր նաև Հովհաննեսը: Խմբին տանում են «Մահվան ճամբար»: Սակայն նրանք նորից են փախուստի դիմում, հետո նորից բռնվում: Եվս մի քանի անհաջող փախուստներից հետո, ի վերջո, 1943 թ. նրան հաջողվում է հասնել Փարիզ՝ այդ ճանապարհին ենթարկվելով ահավոր փորձությունների, մեկ շաբաթ ստիպված լինելով սոված ու ծարավ ապրել ճահճում:
Երիտասարդ փախստականը Փարիզ է հասնում հիվանդ, հյուծված և ուժասպառ վիճակում: Սակայն արագ վերագտնում է իրեն և ծանոթանալով հայ համայնքի ներկայացուցիչների հետ` միանում Ֆրանսիական դիմադրության շարժմանը: Այստեղ նա ծանոթանում է հայ բանաստեղծ, Ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի ու նրա կնոջ՝ Մելինե Մանուշյանի հետ, մտերմանում նրանց հետ, դառնում նրանց ամենահավատարիմ զինվորներից մեկը:
Ստալինգրադի ազատագրումից անմիջապես հետո, Միսակ Մանուշյանի գլխավորությամբ և Հովհաննես Ասրյանի անմիջական մասնակցությամբ ստեղծվում է «Ստալինգրադ» ջոկատը, որն էլ հետագայում դառնում է սովետական առաջին պարտիզանական գնդի կորիզը:
1944 թ. հուլիս-օգոստոս ամիսներին աշխատավորությունը պայքար էր մղում Փարիզի ազատագրման համար, և Հովհաննեսը մասնակցում էր այդ պայքարին՝ ֆրանսիական դրոշը ձեռքին:
Փարիզի և Մարսելի տարբեր թաղամասերում նա կազմակերպում էր հանդիպումներ հայ բնակչության հետ, Դիմադրության շարժման մեկ այլ անդամ Մովսես Խաչատրյանի հետ, որը նույնպես ղարաբաղցի էր, կազմակերպում է քննարկումներ սովետական բանակի հաղթանակների կամ Հայաստանում կրթության ոլորտի վերաբերյալ:
Հովհաննես Ասրյանը դառնում է Ֆրանսիայի կոմկուսի անդամ և 1945 թ. Սեն Ժերմենում նրան է հանձնվում կուսակցական տոմսը` Մորիս Թորեզի ստորագրությամբ:
Փարիզաբնակ հայերը պատրաստվում էին տոնել Սովետական Հայաստանի 24-րդ տարեդարձը: Ֆրանսիական դիմադրության շարժման ուժերի սեկցիայի ուժերով Սորբոնի համալսարանի դահլիճում կազմակերպվում է մեծ տոնակատարություն, որում մեծ ներդրում ուներ Հովհաննես Ասրյանը: Տոնակատարությունից հետո նրա և Երվանդ Վանյանի (նույնպես Ղարաբաղցի) կողմից պատրաստված երկու թառ և երկու քամանչա նվիրվում են համալսարանի թանգարանին:
Դիմադրության շարժման անդամ Մովսես Խաչատրյանը վկայել է. «Հովհաննեսը շատ համարձակ էր: Նրան տրված էր հանձնարարություն` ղեկավարելով ջոկատը, հանել Էյֆելյան աշտարակի վրա տեղադրված գերմանական «Արծիվը»: Հովհաննեսն անձամբ է հանում «Արծիվը» և դրա փոխարեն կանգնեցնում Ֆրանսիայի պետական դրոշը»:
Պատերազմի ավարտից հետո նա շտապում է հայրենի Վանք գյուղ, որտեղ նրան սպասում էր
սիրած աղջիկը՝ Հասան-Ջալալյանների տոհմի ժառանգ Ծաղկուհին: Նրանք ամուսնանում են:
Հայրենի գյուղում սկսվում է Հովհաննես Ասրյանի երկրորդ՝ ոչ պատերազմական կյանքը, որը նույնպես լի էր պայքարով, խիզախությամբ ու հաղթանակներով:
Սկսվում է հալածանքների նոր շրջան: Գյուղի «կոմունիստ ակտիվիստները» նրան հանգիստ չեն թողնում: Նույնիսկ շրջկոմի քարտուղարին բողոք են գրում, թե ինչու է թույլատրվում, որ նախկին գերին ու բեկի փեսան աշխատի` փոխանակ աքսորվելու: Հետագայում պարզվում է, որ նրան աքսորից փրկել է Ֆրանսիայի կոմկուսի անդամ լինելու փաստը:
Ուր էլ նա անցնում էր աշխատանքի, մեղադրանքներ էին գտնում և ազատում աշխատանքից, այդպես նա ազատվում է դպրոցից, գյուղսովետից, փայտամշակման կոմբինատից, կոոպերատիվ առևտրի կենտրոնից և այլն: Իսկ Մշակույթի տունը նրա ղեկավարման ժամանակ դառնում է իսկական մշակութային օջախ, որտեղ գյուղի բնակչությունն աշխատանքից հետո անց էր կացնում իր հանգիստը: Նա կազմակերպում էր սպորտային և ժողովրդական խաղեր, բեմադրում պիեսներ` ներգրավելով գյուղի գրագետ մարդկանց, կազմակերպում ազգային-ժողովրդական համերգներ, ֆիլմերի ցուցադրություններ: Սակայն, հերթական անգամ, նրան ազատում են աշխատանքից:
1950-ական թվականներն էին: Հայկական հոգևոր օջախները վերացնելու նպատակով Բաքվի կարգադրությամբ և գյուղի «ակտիվիստ կոմունիստների» ջանքերով որոշվում է պայթեցնել Գանձասարի վանքը, որը Վանք գյուղի մոտ էր: Այդ սարսափելի գործը հանձնարարում են Հովհաննեսին, քանի որ նա լավ էր տիրապետում պայթուցիկ սարքերին և կարող էր «հաջող գործը գլուխ բերել»:
Նա գնում է շրջկենտրոն՝ Մարտակերտ, հանդիպում շրջկոմի քարտուղարի հետ և հայտնում, որ եթե հանկարծ իրեն ստիպեն դա անել, ապա ինքը կգերադասի ինքնասպան լինել: Իսկ եթե մեկ ուրիշին հանձնարարեն այդ գործը, կյանքի գնով թույլ չի տա:
Քարտուղարը հուզվում է, ուրախանում, քանի որ Բաքվի որոշումը որևէ հայի սրտով լինել չէր կարող: Փոխադարձ վստահության շնորհիվ պայմանավորվում են, որ Հովհաննեսը բացահայտ չպետք է հրաժարվի վանքը պայթեցնելու հրահանգը կատարելուց, որպեսզի մեկ ուրիշին չհանձնարարեն, սակայն տարբեր պատճառներով պետք է հետաձգի դրա իրականացումը, մինչև մարզային ղեկավարության միջոցով որոշումը կասեցվի:
Այդպես էլ արվում է: Կասկածելով, որ կան վանքը պայթեցնել ցանկացողներ, ամբողջ տարածքը գաղտնի վերահսկվում է Հովհաննեսի ու Ծաղկուհու ծնողների կողմից: Իսկ Ծաղկուհու մայրը` Սաթենիկ Հասան-Ջալալյանը, հայտարարում է. «Եթե իմ պապերի կառուցած եկեղեցուն մի բան պատահի` ինձ կկախեմ»:
Այդպիսով, հնամյա եկեղեցին փրկվում է, իսկ հետո Գանձասարը պայթեցնելու որոշումը կասեցվում է: Հովհաննես Ասրյանը քարտուղարի միջոցով առաջարկում է ստանձնել վանքի պահպանությունն ու խնամքը` դառնալով Գանձասարի Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բարենորոգիչը:
Վանքի դռները բացվում են:
Նա սկսում է խնամել եկեղեցու տարածքը, մաքրել, բարեկարգել, քարակույտերից ազատել, ծաղկապատել, դարձնել մի չքնաղ վայր: Մինչ այդ ժողովուրդը կտրվել էր եկեղեցուց, թաղման արարողությունները տանն էին կազմակերպվում: Ժողովրդի հոգևոր հավատը վերականգնելու, եկեղեցու հետ կապն ամրապնդելու նպատակով նա եկեղեցու բակի հյուսիսային հատվածում կառուցում է սեղաններ ու նստարաններ, որպեսզի գյուղացիներն այդ արարողություններն անեն եկեղեցու բակում:
Իսկ կինը՝ Ծաղկուհին, ձեռագործներ էր գործում, նվիրում եկեղեցուն, փռում տաճարի բեմի քարե սեղանին: Նա մոր, քույրերի, սկեսրոջ հետ միասին պատրաստում էր մոմեր ու բաժանում եկեղեցի գնացողներին:
Սակայն այդ ամենը կոմունիստ ակտիվիստների աչքից չէին վրիպում: Մի օր էլ նրանց պատասխանատվության են կանչում եկեղեցուն նվերներ մատուցելու համար,.այդ խոսակցություններն այնքան են խորանում, որ ի վերջո թույլ չեն տալիս զբաղվել եկեղեցու խնամակալությամբ: Փոխարենը, այդ աշխատանքները հանձնարարում են վարձու աշխատողների:
Սակայն Հովհաննեսն անդրդվելի էր: Մի օր էլ նա ղեկավարությանն առաջարկում է թույլատրել իրեն վերակառուցել Գանձասար տանող պատմական ճանապարհը, որը նեղ ու դժվարանցանելի էր, և վերջին անգամ` 1850-60-ական թթ. այն վերանորոգել էր Բաղդասար մետրոպոլիտ Հասան-Ջալալյանը: Առանց տեխնիկայի, ձեռքի գործիքներով, նա կառուցում է բլուրների գագաթով դեպի Գանձասար ձգվող միակ ճանապարհը (մոտ 3 կմ):
Այսօր այդ ճանապարհին քարեր են թափված, ու մեքենաները չեն կարողանում անցնել:
Հովհաննեսը նաև հայրենի գյուղի և հարակից գյուղերի աղբյուրների ջրագծերն է անցկացնում, հուշարձան-աղբյուրներ հիմնում, միայն Վանքում՝ երեքը:
Դունայի, Օդեսայի, Սևաստոպոլի հերոսը, Ֆրանսիական դիմադրության շարժման խիզախ մարտիկը 1969 թ. մահանում է սրտի կաթվածից:
Հովհաննես Ասրյանը կոչումներ ու մեդալներ չունի, ինչպես հաճախ է լինում իրական նվիրյալների դեպքում: Փոխարենը, նրա կատարած սխրանքը, որի շնորհիվ փրկվեց Գանձասարի հոյակերտ վանական համալիրը, մեծագույն նվեր է հայ ժողովրդին: