Հայերեն   English   Русский  

Ինչ է գործադուլը


  
դիտումներ: 2099

Հայ իրականության մեջ գործադուլ հաճախ չի պատահում, այնուամենայնիվ, այն ենթարկվում է իրավական կարգավորման, և հարկ է տեղյակ լինել դրան:

Համաձայն օրենսդրական սահմանման` գործադուլը կոլեկտիվ աշխատանքային վեճի լուծման նպատակով մեկ կամ մի քանի կազմակերպությունների աշխատողների կամ աշխատողների խմբի աշխատանքի լրիվ կամ մասնակի ժամանակավոր դադարեցումն է:

Փաստորեն, այն աշխատողների կողմից իրենց հարցի լուծման հասնելու եղանակ է, ուստի այդ իրավունքը երաշխավորվում է նախևառաջ ՀՀ Սահմանադրությամբ, որի 32-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն` «աշխատողներն իրենց տնտեսական, սոցիալական և աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով ունեն գործադուլի իրավունք, որի իրականացման կարգը և սահմանափակումները սահմանվում են օրենքով»:

Այնուամենայնիվ, քանի որ այն բացարձակ իրավունք չէ, օրենքը հստակ սահմանում է այդ իրավունքի իրացման սահմանները` նախատեսելով այն դեպքերը, երբ աշխատողներն իրավունք ունեն կազմակերպելու գործադուլ:

Այսպես, գործադուլ հայտարարելու և կազմակերպելու իրավունք ունի արհեստակցական միությունը (կազմակերպությունում արհեստակցական միության բացակայության դեպքում գործադուլ հայտարարելու գործառույթները կազմակերպության աշխատողների ժողովի (համաժողովի) որոշմամբ փոխանցվում են համապատասխան ճյուղային կամ տարածքային արհեստակցական միությանը): Իսկ դեպքերը հետևյալն են.

1) հաշտեցման գործընթացների արդյունքում կոլեկտիվ աշխատանքային պայմանագրի կնքման հետ կապված վեճը չի լուծվել.

2) գործատուն խուսափում է հաշտեցման գործընթաց իրականացնելուց.

3) գործատուն չի կատարում հաշտեցման հանձնաժողովի ընդունած աշխատողներին բավարարող որոշումը կամ նախօրոք կնքված կոլեկտիվաշխատանքային պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները:

Արհեստակցական միությունը գործադուլ է հայտարարում ՀՀ աշխատանքային օրենսգրքի և իր կանոնադրությամբ սահմանված կարգով: Գործադուլը հայտարարվում է այն դեպքում, եթե այդ մասին որոշումը գաղտնի քվեարկությամբ հավանության է արժանացել`

1) կազմակերպության աշխատողների ընդհանուր թվի երկու երրորդի կողմից, եթե գործադուլ է հայտարարվում ամբողջ կազմակերպությունում,

2) և կազմակերպության կոնկրետ ստորաբաժանման աշխատողների երկու երրորդի կողմից, եթե գործադուլ է հայտարարվում կազմակերպության առանձնացված (կառուցվածքային) ստորաբաժանումում:

Արգելվում է գործադուլ հայտարարել հետևյալ մարմիններում և կազմակերպություններում. ոստիկանությունում, զինված ուժերում (դրան հավասարեցված այլ ծառայություններում), պահպանության ծառայություններում, ինչպես նաև կենտրոնացված էլեկտրամատակարարման, ջերմամատակարարման, գազամատակարարման կազմակերպություններում, անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններում: Նման կազմակերպությունների և ծառայությունների աշխատողների առաջադրած պահանջները քննարկվում են սոցիալական գործընկերության հանրապետական մակարդակում` համապատասխան արհեստակցական կազմակերպության և գործատուի մասնակցությամբ:

Արգելվում է գործադուլը նաև տարերային աղետի գոտիներում, ինչպես նաև այն տարածաշրջաններում, որոնցում սահմանված կարգով հայտարարված է ռազմական դրություն կամ արտակարգ իրավիճակ (դրություն): Գործադուլներն արգելվում են մինչև տարերային աղետի հետևանքների վերացումը կամ ռազմական դրության, արտակարգ իրավիճակի (դրության) սահմանված կարգով վերացումը:

Վարազդատ Հարությունյան





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: