Սահմանադրական փոփոխություններն իրենց դրական հետևանքներն ունենալու են. Արարատ Զուրաբյան
Մյուս կողմից, նա ընդգծեց, որ չի կարծում, որ ընդգրկվել ինչ-որ գործընթացի` «այո»-ի կամ «ոչ»-ի, տեղին է: «Մենք մեր տեսակետները ունեցել ենք և արտահայտել ենք: Փորձել ենք նաև սահմանադրական հանձնաժողովի հետ համապատասխանեցնել այդ փոփոխությունները»:
Արարատ Զուրաբյանի խոսքով` Սահմանադրական փոփոխություններն իրենց դրական հետևանքները ունենալու են:
Ըստ նրա` եթե իշխանությունները վերարտադրվելու ցանկություն ունենան, տարբեր միջոցներով կարող են անել: Գործող Սահմանադրությունը նույնպես նման հնարավորություն տալիս է.
«Եթե Սերժ Սարգսյանը, ասենք, Ալեքսանդր Սարգսյանին դներ նախագահ, ինքն էլ դառնար վարչապետ, կլինե՞ր իր իշխանության վերարտադրությունը, թե՞ ոչ: Իմ գնահատմամբ՝ կլիներ, եթե խնդիրը դներ վերարտադրությունը: Վլադիմիր Պուտինը վերարտադրե՞ց իր իշխանությունը, երբ դարձավ վարչապետ, Մեդվեդեւը՝ նախագահ: Այս համակարգերը տարբերություն չունեն: Եթե ուզում ես իշխանությունը բռնազավթես՝ կիսանախագահական է, պառլամենտական է, թե ուրիշ բան է՝ կապ չունի: Վերարտադրվել ցանկացողը ցանկանալու է վերարտադրվել, հասարակությունն էլ պարտավոր է ամեն ինչ անել, որ չլինի այս ոճի իշխանություն»:
Որպես նոր համակարգի առավելություն նա օրինակ բերեց փետրվարյան դեպքերը. «Երբ փետրվարին մեկ անձի էին ճնշման ենթարկում և ասպարեզից հանում, եթե պառլամենտական լիներ, դրա հնարավորությունը չէր լինի. պառլամենտական մեծամասնությունը կփոխեր իշխանությունը»:
Արարատ Զուրաբյանը գտնում է, որ նախագահական համակարգին կողմ են այն մարդիկ, ովքեր գերադասում են կառավարող մեկ ուժեղ ձեռք տեսնել. ՀՀՇ-ի անդամը դրան դեմ է:
«Ցանկացած փոփոխություն ունի իր բարդությունները և մարտահրավերները: Սակայն ես վտանգավոր ոչինչ չեմ տեսնում: Եթե պատերազմ լինի, նախագահի փոխարեն իրավիճակը կհամակարգեն վարչապետը կամ գլխավոր շտաբի պետը»: