Հայերեն   English   Русский  

Հանրային խորհրդում տեղի ունեցած նիստի օրակարգում Իրաքի եզդիների հարցն էր


  
դիտումներ: 2079

Այսօր տեղի ունեցավ Հանրային խորհրդի Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովի կոլեգիայի ընդլայնված նիստ: Օրակարգում Իրաքի եզդիների հարցն էր: Նիստին մասնակցեցին նաև ՀՀ արտգործնախարարության ներկայացուցիչներ, փորձագետներ, ինչպես նաև եզդի համայնքի ներկայացուցիչներ:

“Հայ ժողովուրդը Ցեղասպանություն է տեսել, ուստի մենք զգայուն ենք աշխարհում տեղի ունեցող համանման երևույթների նկատմամբ: Հանրային խորհուրդն էլ չէր կարող անտարբեր թողնել խնդիրը: Հարցը բարձրացվել է ՀԽ-ի նիստերից մեկում և առաջարկվել է հարցի խորը ուսումնասիրություն՝ պարզելու, թե ինչպե ՞ս կարող է Հանրային խորհուրդը օգնել եզդիներին իրենց բողոքի ձայնը բարձրացնել կատարվող հանցագործության վերաբերյալ”,-իր խոսքում նշեց Հանրային խորհրդի Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ, արևելագետ-թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Վերջինս քննարկման առանցք դարձրեց հետևյալ նկատառումը. աշխարհի պետությունները, միջազգային կառույցները կարծես անուշադրության են մատնում եզդիների խնդիրը, իսկ աշխարհում գործող ավելի քան 70 Հանրային խորհուրդները կարող են ներազդել թե հասարակության, թե պետական մարմինների ցուցաբերած վերաբերմունքի վրա:

“Եթե ՀԽ-ն դիմի աշխարհի բոլոր ՀԽ-ներին, մենք կկարողանանք ողջ աշխարհում բողոքի մեծ ալիք բարձրացնել, մանավանդ, որ նախադեպ արդեն եղել է”,-նշեց Սաֆրաստյանը: /ՀԽ-ի նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ Հանրային խորուրդը Քեսաբի հարցերով նամակ էր ուղարկել աշխարհի ՀԽ-ներին՝նրանց ուշադրությունը կենտրոնացնելով Սիրիայում, Քեսաբում ստեղծված իրադրության նկատմամբ: Արձագանքները չէին ուշացել, հատկապես գնահատելի էր Բրազիալիայի ՀԽ նախագահի պատասխան նամակը, որով իր զորակցությունն էր հայտնել խնդրի առնչությամբ:

Այս փորձառությունը հնարավոր է կիրառել նաև եզդիների խնդիրների լուծման համար:

Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը եզդիների անցած ճանապարհի պատմական անդրադարձը կատարեց՝ ցավով ընդգծելով, որ վերջին 1-1,5 ամիսների ընթացքում, աշխարհին ճանաչելի դարձան իրենց նկատմամբ կատարված սպանդի հետևանքով: Սակայն առաջին անգամը չէ, որ եզդիները ենթարկվում են սպանդի:Հարևան մահմեդական ժողովուրդների կողմից շուրջ 72 անգամ հարձակման են ենթարկվել եզդիները, սակայն հավատարիմ են մնացել իրենց ազգային նկարագրին, լեզվին ու կրոնին:

Այսօր աշխարհում սփռված եզդիներն ակնկալում են միջազգային հանրության աջակցությունը՝ իրենց բնակավայրերը վերադառնալու հարցում, քանի որ համարում են, որ միայն իրենց բնօրրանում կարող են գոյատևել:

Արևելագետ Վարդան Ոսկանյանն էլ նշեց, որ Իրաքի հյուսիսում եզդիների կոտորածների համար մեղավոր են ահաբեկչություն իրականացնող իսլամական կառույցը, Իրաքի կենտրոնական կառավարությունը, Քրդական ինքնավարությունն ու միջազգային հանրությունը: Իսկ ԱՄՆ-ը հնարավորություն ունի զինելու քրդերին: Հենց զինված ինքնապաշտպանության դիմելու խորհուրդ տվեց եզդիներին էլ Վարդան Ոսկանյանը: Ոսկանյանը նշեց, որ եզդիները տեղաբնակ ժողովուրդ են և իրենց ինքնավար միավորումն ունենալու իրավունքն ունեն:

Նիստում որոշվեց ՀԽ-ի աջակցությամբ մշակել նամակ-դիմում աշխարհի բոլոր ՀԽ-ներին, միջազգային հանրությանը ոչ թե ազգային փոքրամասնությանը, այլ տեղաբնակ ժողովրդին օգնելու կոչով:

Հենց տեղում էլ մշակվեց տեքստի հիմնական բովանդակությունը: ՀԽ Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովը, եզդիների ներկայացուցիչները, մասնագետները իրենց համատեղ աշխատանքն են տանում այդ ուղղությամբ:

Իսկ Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը տեղեկացրեց նաև, որ եզդիներին օգնելու համար հաշվեհամար է բացվել, որով ցանկացողները իրենց օգնությունը կարող են փոխանցել Իրաքի եզդիներին:

«Յունիբանկ»

Հաշվեհամար՝ 24129012800800





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: