ԿԼԵՈՊԱՏՐԱ
Եգիպտոսի թագուհի Կլեոպատրա Է Ֆիլոպատորը ծնվել է մ.թ.ա. 69 թ.: Նա Պտղոմեոս XII Ավլետես թագավորի (որ, ի դեպ, գահ բարձրացավ Տիգրան Մեծի զինական աջակցությամբ) ավագ դուստրն էր: Կլեոպատրայից բացի, Պտղոմեոսն ուներ ևս երկու որդի և երեք դուստր: Պտղոմեոս XII-ի որդիներն իրենից հետո գահ բարձրացան որպես Պտղոմեոս XIII և Պտղոմեոս XIV՝ իրենց գահակից ունենալով քրոջը՝ Կլեոպատրային: Կլեոպատրան սիրում էր հորը, այդ իսկ պատճառով ընտրել էր Ֆիլոպատոր մականունը, որ նշանակում է hայրասեր:
Եգիպտոսում տարածված էր «սրբազան ամուսնության» սովորույթը, և Կլեոպատրան ամուսնացավ իր եղբայրների հետ: Սովորույթի նպատակն այն էր, որ արքայական տոհմին այլ արյուն չխառնվի և ուրիշ տոհմերից գահի թեկնածուներ չհայտնվեն:
Պտղոմեոս XII-ը, լինելով կիրթ գահակալ, իր պալատ էր հրավիրել ժամանակի շատ ուսյալ այրերի, որոնք զբաղվեցին նաև արքայազնների կրթությամբ:
Կլեոպատրան, հռոմեացի պատմիչների հավաստմամբ, ժամանակի ամենաուսյալ անձանցից էր: Բացի լատիներենից և հունարենից, նա տիրապետում էր նաև ասորերենին, եբրայերենին, արաբերենին, մարերենին, պարսկերենին, հաբեշերենին, ղպտերենին: Նա հմուտ էր նաև մաթեմատիկայի և քիմիայի ասպարեզներում: Մի անգամ թագուհին հայտարարեց, որ կարող է ճաշի ժամանակ ուտել ահռելի գումարի` մեկ միլիոն սեստերցիումի ուտեստ: Վերցնելով այդ արժեքի մարգարիտներ` նա ճաշից առաջ գցեց դրանք խնձորի քացախով լի գավաթի մեջ: Մարգարիտները շուտով տարրալուծվեցին, և նա, խմելով քացախը, կատարեց խոստումը:
Կլեոպատրայի առաջին ամուսինն ավագ եղբայրն էր՝ Պտղոմեոս XIII-ը: Նրա մահից հետո թագուհին ամուսնացավ մյուս եղբոր՝ Պտղոմեոս XIV-ի հետ և լույս աշխարհ բերեց իր առաջնեկին:
Հետագայում թագուհին ևս չորս զավակ լույս աշխարհ բերեց՝ մի որդի՝ Հուլիոս Կեսարից, երկու որդի և մեկ դուստր` Անտոնիոսից: Անտոնիոսի և Կլեոպատրայի որդիներից մեկը` 6-ամյա Ալեքսանդր Հելիոսը, հայոց գահի հավակնորդներից էր:
Մ.թ.ա. 51 թ. մահանում է Պտղոմեոս XII-ը, և գահն անցնում է Պտղոմեոս XIII-ին ու Կլեոպատրային: Սակայն երիտասարդ ամուսինները չեն կարողանում հաշտ գահակալել, Կլեոպատրան սկսում է դավել եղբորը, որը երկու տարի անց մայրաքաղաքից արտաքսում է Կլեոպատրային: Կլեոպատրան հեռանում է Ալեքսանդրիայից և զորք հավաքում՝ գահին բռնությամբ տիրելու համար: Սակայն բախումը կանխեց Հռոմի կայսր Հուլիոս Կեսարը, որ Եգիպտոս գալով՝ փորձեց հաշտեցնել գահակալներին:
Կեսարը մայրաքաղաք հրավիրեց Կլեոպատրային: Վերջինս, չկարողանալով խարդավանքներով և բռնությամբ իր օգտին լուծել գահակալության խնդիրը, որպես զենք օգտագործեց իր հմայքը՝ դառնալով Կեսարի սիրուհին: Նա, ինչպես հաղորդում է Պլուտարքոսը, հրամայեց իրեն փաթաթել սավանների մեջ, ամուր կապել պարաններով և ներկայացնել Կեսարին որպես գերի: Այսպիսով թագուհին նախ շարժեց Կեսարի գթասրտությունը, ապա՝ գերեց նրան իր հմայքով: Կլեոպատրայի խորհրդով Կեսարը սպանեց ոչ միայն Պտղոմեոս XIII-ին, այլև նրա համակիրներին:
Եգիպտական գահ բարձրացավ Կլեոպատրա VII թագուհին՝ կողքին ձևական գահակից և ամուսին ունենալով կրտսեր եղբորը՝ Պտղոմեոս XIV-ին:
Դառնալով Կեսարի սիրուհին՝ Եգիպտոսի թագուհին մ.թ.ա. 47 թ. նրան որդի պարգևեց՝ Կեսարիոնին: Նա անգամ Հռոմ այցելեց, ուր, շատ ուսումնասիրողների կարծիքով, Հուլիոս Կեսարն ու Կլեոպատրան անգամ ամուսնացել են:
Կլեոպատրան հույս ուներ, որ Կեսարիոնը կդառնա Հուլիոս Կեսարի ժառանգորդը հռոմեական գահին: Կեսարը չէր թաքցնում հայրությունը և Կեսարիոնի նկատմամբ իր գորովանքը, սակայն որդեգրեց իր քրոջ թոռանը՝ Օկտավիանոսին և նշանակեց իր ժառանգորդ:
Մ.թ.ա. 44 թ. Հռոմում սպանվեց Հուլիոս Կեսարը: Կլեոպատրան վտանգ զգալով՝ վերադարձավ Եգիպտոս:
Մի քանի տարի անց Մարկոս Անտոնիոսը, դառնալով Հռոմի եռապետ և կառավարման ոլորտ ընտրելով Արևելքը, ժամանեց Ալեքսանդրիա: Անտոնիոսը մեծամիտ, գոռոզ տիրակալ էր և ձգտում էր հասնել Ալեքսանդր Մակեդոնացու փառքին, նվաճել ողջ Արևելքը: Նրա փառասիրությանը իր հմայքով ու ոգեշնչմամբ հագուրդ տվեց Կլեոպատրան, որ իր դիրքերն ամրապնդելու համար առանց վարանումի Անտոնիոսի սիրուհին դարձավ, իսկ մ.թ.ա. 37 թ. նրանք ամուսնացան: Անտոնիոսին թագուհին դիմավորեց հատուկ այդ նպատակով կառուցած կարմիր մահուդե առագաստներով մի նավով, որ ամբողջովին ծածկված էր վարդի թերթիկներով:
Մ.թ.ա. 36 թ. Անտոնիոսը մեծ արշավանք սկսեց Պարթևստանի դեմ: Հայոց Արտավազդ Բ արքան չկամեցավ մասնակցել այդ արկածախնդրությանն ու չմիացավ Անտոնիոսին: Վերջինս խայտառակ պարտություն կրեց պարթևներից և զորքի մնացորդներով ճողոպրեց Հայաստան: Հայոց արքան ընդունեց հռոմեացիներին՝ փրկելով նրանց վերջնական կործանումից: Հեռանալով Եգիպտոս՝ Անտոնիոսն ու Կլեոպատրան իրենց խայտառակությունը կոծկելու համար դավաճանության մեջ մեղադրեցին հայոց արքային: Նրանք ծուղակ պատրաստեցին Արտավազդի դեմ: Նախ խնամախոսություն ուղարկեցին Արտաշատ՝ առաջարկելով, որ Արտավազդի 11-ամյա դուստրն ամուսնանա Անտոնիոսի և Կլեոպատրայի 6-ամյա որդու՝ Ալեքսանդրի հետ: Հայոց արքան մերժեց:
Անտոնիոսը մեծ բանակով մոտեցավ Հայաստանի սահմաններին: Արտավազդը բանակցելու գնաց նրա ճամբար: Ուխտադրուժ ու նենգ հռոմեացին կալանեց հայոց արքային և իր հետ Ալեքսանդրիա տարավ:
Հռոմեացի պատմիչները Անտոնիոսի այդ արարքի մասին ամոթով են գրում: Նրանք վկայում են, որ ոսկյա շղթաներով կալանված հայոց արքան Ալեքսանդրիայի շքահանդեսն անցավ հպարտ՝ գլուխը բարձր: Անտոնիոսը կյանք խոստացավ Արտավազդ արքային, եթե վերջինս համաձայներ գլուխ խոնարհել Կլեոպատրայի առջև: Հայոց հպարտ ինքնակալը հրաժարվեց խոնարհվելուց եգիպտական հարճի առջև և գլխատվեց նրա իսկ հրամանով: Հույն ժամանակակից պատմիչը գրում է. «Հայերը ցույց տվեցին իրենց ոգու արիությունը և դրանով փառավոր անուն վաստակեցին»:
Անտոնիոսի արևելյան քաղաքականությունը մեծ դժգոհություն առաջացրեց Հռոմում: Նա նաև փորձեց Հռոմում միանձնյա կայսերական իշխանության հասնել: Բախումը Անտոնիոսի և Օկտավիանոսի միջև անխուսափելի դարձավ: Հանգուցալուծումը տեղի ունեցավ մ.թ.ա. 31 թ. սեպտեմբերի 2-ին Հունաստանի մոտ՝ Ակտիումի ճակատամարտում:
Այդ ճակատամարտում Անտոնիոսի և Կլեոպատրայի զորքը թվային առավելություն ուներ Օկտավիանոսի նկատմամբ: Անտոնիոսի հրամանատարության տակ էին 120 հազար լեգեոնական, 12 հազար հեծյալ, 470 նավ: Օկտավիանոսն ուներ ընդամենը 80 հազար լեգեոնական, 15 հազար հեծյալ և 260 նավ: Սակայն Անտոնիոսի զորքը ջախջախիչ հարված ստացավ:
Ճակատամարտի ավարտից հետո Անտոնիոսն ու Կլեոպատրան փախան Ալեքսանդրիա: Ստանալով Օկտավիանոսի բանակի մոտենալու լուրը՝ Անտոնիոսն ինքնասպան եղավ՝ նետվելով իր սրի վրա:
Կլեոպատրան դարձյալ դիմեց իր կանացի հմայքին՝ փորձելով գերել Օկտավիանոսին: Սակայն վերջինս թագուհու բանբերին հստակ պատասխանեց, որ Կլեոպատրան կզարդարի Հռոմում կայանալիք Օկտավիանոսի հաղթահանդեսը:
Դա մահից էլ վատ էր փառատենչ ու գոռոզ եգիպտուհու համար: Եվ Կլեոպատրան վերջ տվեց իր կյանքին՝ ձեռքը մտցնելով այն սրվակը, որում պահվում էր աշխարհի ամենաթունավոր օձերից մեկը՝ աֆրիկյան նայան:
Մինչ ինքնասպանությունը Կլեոպատրան հանգամանորեն նախապատրաստվում էր մահվան. ուսումնասիրում էր հանդերձյալ աշխարհը, անգամ իր ձեռքով դիահերձումներ կատարում, խնջույքներ կազմակերպում ննջեցյալների շիրիմներին: Նա որոնում էր մահվան լավագույն տարբերակը, իր ծառաների, դատապարտյալների վրա փորձեր կատարում: Ի վերջո, կանգ առավ օձի թույնի վրա:
Ինքնասպանության օրը նա արթնացավ զվարթ ու կայտառ: Լոգանք ընդունեց էշի կաթով ու մեղրաջրով լցված ավազանում, մարմինն օծեց անուշահոտ յուղերով ու բալզամով, գնաց իր ննջարան, ուր իրեն սպասում էր մահաբեր օձը: Դա մ.թ.ա. 30 թ. օգոստոսի 12-ն էր:
Իսկ մահից օրեր առաջ Կլեոպատրան գրել էր իր պատգամը, որում մասնավորապես ասվում է. «Իմ հանգուցյալ թագուհի մորը նույնպես Կլեոպատրա էին կոչում, և ես հպարտությամբ եմ կրում նրա անունը, բայց ես իմ անվամբ հպարտանում եմ բոլոր դեպքերում, քանի որ այն գալիս է մեծն Ալեքսանդրի քրոջ անունից, անունս նշանակում է «փառք նրա նախնիներին»: Ես ապրել և գահակալել եմ` այդ պատգամին հավատարիմ մնալով, իմ կատարած բոլոր գործերը եղել են հանուն Եգիպտոսի և հանուն նախնիներիս ժառանգության պահպանման»:
Իսկ հաղթանակած Օկտավիանոսը, մտնելով Ալեքսանդրիա, չխնայեց անգամ Կլեոպատրայի մանկահասակ զավակին՝ Կեսարիոնին, որը կարող էր Հռոմի կայսերական գահի հավակնորդ հանդիսանալ:
Կլեոպատրան պատմությանը հայտնի առաջին խոշոր կին գործիչն է: Նա աշխարհին հայտնի է նաև իր վավաշոտությամբ, տղամարդկանց նկատմամբ անսանձ հակումներով: Ուսումնասիրողները, զննելով Կլեոպատրայի կյանքի մութ կողմերը, հետաքրքիր բացահայտումներ են արել: Նրա կողքով չէր կարող անտարբեր անցնել որևէ տղամարդ: Եվ Կլեոպատրան պատրաստ էր գիշեր անցկացնել կամեցողների հետ՝ պայմանով, որ առավոտյան մահ է նվիրելու նրան: Եվ տարօրինակ է՝ գտնվում էին ցանկացողներ: