Էլինար Վարդանյանին ԲՀԿ-ից հեռացնելու պատճառը նրա խիստ պասիվ գործունեությունն է. ԲՀԿ խմբակցության քարտուղար
«Ամիսներ շարունակ պատգամավոր Էլինար Վարդանյանը խորհրդարանում վարել է մեղմ ասած շատ պասիվ գործունեություն»,-այսօր լրագրողների հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի կուսակցական անդամակցությունը կասեցնելու ԲՀԿ որոշմանն ու դրա հետ կապված խոսակցություններին անդրադառնալով՝ նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:
«ԲՀԿ կենտրոն տարածքային կառույցում Էլինար Վարդանյանին կուսակցության անդամակցությունից զրկելու հարցի քննարկման ժամանակ մանրամասն փաստեր են ներկայացվել կուսակցական աշխատանքներին նրա մեղմ ասած պասիվ մասնակցության առնչությամբ»,-ասաց Էնֆիաջյանը:
Վերջին օրերին մամուլում տեղ էին գտնում հրապարակումների այն մասին, թե ԲՀԿ-ն բաժանվել է 3 մասի՝ սարգսյանականներ, աբրահամյանականներ և քոչարյանականներ, և, այդպիսով, ԲՀԿ-ն իր շարքերից հեռացնում է Քոչարյանի համախոհներին՝ ի դեմս Էլինար Վարդանյանի, ով դեմ էր արտահայտվում սահմանադրական փոփոխություններին, ինչպես դեմ էր արտահայտվել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Վահե Էնֆիաջյանը հերքեց այս պնդումները՝ նշելով, որ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը Էլինար Վարդանյանին ԲՀԿ-ից հեռացնելու և Ստեփան Մարգարյանին հանձնաժողովներում ներկայացվելու հնարավորությունից զրկելու մասին որոշման հետ որևէ կապ չունի, պարզապես հրապարակումներն են համընկել:
Լրագրողների այն հարցարդրմանն ի պատասխան՝ թե գուցե Էլինար Վարդանյանը պարզապես սկզբունքա՞յին մարդ է և դեմ է սահամանդրական փոփոխություններին, Էնֆիաջյանը պատասխանեց, որ սկզբունքային կարծիքը կարելի է հայտնել նիստերին ներկայանալով, սեփական կարծիքն արտահայտելով:
«Եղել են գործուղումներ որոնց Էլինար Վարդանյանը մասնակցել է և կուսակցության նախագահին, քարտուղարին տեղյակ չի պահել: Եթե գնում է գործուղման և տեղյակ չի պահում, նորմա՞լ եք համարում, չե՞ք կարծում, որ այսկերպ աշխատանքային կուլտուրան ոտնահարվում է»,-ասաց Էյֆիաջյանը:
Երբ լրագրողներըն կատեցին, թե Գագիկ Ծառուկյանն էլ է բացակայում, պասիվ է, Էնֆիաջյանը պատասխանեց. «Ես նրա խոսնակը չեմ, պարոն Ծառուկյանի խոսնակից ճշտեք»: