Հայերեն   English   Русский  

Սահմանադրության նախագիծը քիչ է տարբերվում գործողից. Արման Բոշյան


  
դիտումներ: 1049

Հասարակությունը բաժանելով «Ոչ»-ի և «Այո»-ի ճամբարների` լարվածություն է ստեղծվում: Սա անթույլատրելի է տարածաշրջանային քաղաքական գործընթացների պայմաններում:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումներին, ասաց «Լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը:

Նրա խոսքով` գործընթացի հետևանքով հասարակության շերտերը բևեռացման են գնում. «Անթույլատրելի ենք համարում Սահմանադրության նախագծի շուրջ ներքաղաքական լարումները, քանի որ օտարերկրյա ազդեցության գործակալների և որոշ պետությունների շահերից է բխում ապակայունացնել իրավիճակը Հայաստանում այնպես, ինչպես եղավ արաբական երկրներում և Ուկրաինայում: Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին լինել զգոն, Սահմանադրության նախագծի եւ հանրաքվեի հետ կապված գործողություններն իրականացնել բացառապես օրենքի շրջանակներում՝ ապակայունացումից խուսափելու համար»:

Հայկ Այվազյանը նշեց, որ իրենց առաջարկների հիման վրա մի քանի փոփոխություններ են մտցվել նախագծում, սակայն, այնուամենայնիվ կետեր մնում են, որոնք կասկածի տակ են դնում ՀՀ անվտանգությունը: «Այդպես 8-րդ հոդվածի համաձայն մենք զրկվում ենք ազգային դոմինանտ գաղափարախոսություն ունենալու հնարավորությունից, քանի որ հռչակվում է բազմակարծություն»,- ասաց նա:

Չի փոխվել նաև Կենտրոնական բանկի մասին կետը: Սա զրկում է տնտեսական ինքնիշխանությունից:

Ըստ Այվազյանի` թե՛ գործող Սահմանադրությունը, թե՛ նախագիծը Հայաստանին գաղութի կարգավիճակ են տալիս:

Երևանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար Արման Բոշյանն իր հերթին նշեց, որ նախագծի կարևոր փոփոխություններից մեկը ընդերքի և ջրային պաշարների ազգայնացումն է: Սակայն ԿԲ-ի ներկայիս վիճակը խոշորագույն բացթողում է. «Կենտրոնական բանկը ՀՀ սեփականությունը չէ: Միակ կազմակերպությունը, որի անդամ է ԿԲ-ն, Արժույթի միջազգային հիմնադրամն է: Ինչպե՞ս կարող է այս դեպքում Հայաստանը ապահովել իր տնտեսական անկախությունը»:

Բոշյանն, ի դեպ, հրաժարվեց նշել, թե արդյոք դեմ է նախագծին` ընդգծելով, որ այն էականորեն չի տարբերվում գործողից: Նա կոչ է անում «Ոչ»-ի ճակատին

իրազեկել մարդկանց և կառուցողական ծրագրեր ներկայացնել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: