ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 11-ին մեկնել է ՀՀ ՊՆ N զորամաս, որտեղ, ս.թ. սեպտեմբերի 8-ին, ժամը 01:15-ի սահմաններում, ավտոհավաքակայանի շինության ետնամասում, ծնոտի շրջանում մահացու հրազենային մարմնական վիրավորումով հայտնաբերվել էր պահակախմբում որպես ժամապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեյրանի Հարությունյանը:
Զորամասում ՀՀ պաշտպանության նախարարը անցկացրել է խորհրդակցություն,
որին ներկա են եղել ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ մի շարք վարչությունների պետեր,
զորամիավորման, զորամասի հրամկազմի, ՊՆ ռազմական ոստիկանության և քննչական
ծառայության ներկայացուցիչներ,
բարձրաստիճան այլ զինվորականններ ու քաղաքացիական հատուկ ծառայողներ:
Նախքան խորհրդակցությունը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շրջայց
է կատարել զորամասում, եղել դեպքի վայրում, զորանոցում, հետաքրքրվել անձնակազմի
բարոյահոգեբանական մթնոլորտով և զինվորների ծառայողական պարտականությունների
իմացությամբ, ինչպես նաև ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին:
Խորհրդակցության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին են
ներկայացվել նախաքննության և ծառայողական քննության բոլոր մանրամասները: Լսելով
գործի քննությանն առնչվող զեկույցներն ու դիտարկումները, պաշտպանության նախարարը
նշել է, որ խիստ անթույլատրելի և անհանդուրժելի է, երբ մարտական հենակետերում
զինծառայողները քաջագործություններ են կատարում` կյանքի գնով պաշտպանելով հայրենի
սահմանները, մինչդեռ այդ նույն ժամանակ զորամասերում որոշ սպաների անգործության
մատնվելու պատճառով տեղի են ունենում միջանձնային կանոնադրական հարաբերությունների
կոպիտ խախտումներ, որոնք բերում են մահվան:
Նախարարը հատուկ շեշտել է, որ անկախ նրանից, թե ինչն է դրդել զինվորին
ինքասպանության, զորամասի ղեկավարության պատասխանատվության չափը դրանից ոչ մի կերպ
չի նվազելու և ծառայողական քննության ավարտից հետո օրենքի ամբողջ խստությամբ
պատժվելու են բանակային զորամիավորման հրամկազմից սկսած մինչև դիվիզիոն-մարտկոց
օղակի բոլոր հրամանատարները: Այն զինծառայողները, ովքեր կանցեն քրեական գործով,
կենթարկվեն քրեական պատասխանատվության, իսկ նրանք, ովքեր մեղավոր են ծառայողական
պարտականությունների կատարման թերացման մեջ, կենթարկվեն խիստ կարգապահական
տույժերի կամ կազատվեն զբաղեցրած պաշտոններից:
Խորհրդակցությանը ներկա մի շարք վարչությունների պետեր պաշտպանական գերատեսչության
ղեկավարին են ներկայացրել զորամասում արձանագրված թերությունները և դրանք
հնարավորինս սեղմ ժամկետներում վերացնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
Խորհրդակցության մասնակիցներին տալով մի շարք հանձնարարականներ` Սեյրան
Օհանյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ տեղի ունեցող միջադեպերի մեծ մասը արագ
զարգացող իրավիճակային հանցագործություններ են, որոնք հաճախ ծագում են ամենափոքր
մանրուքից: Ուստի զորամասի հրամկազմի և ռազմական ոստիկանության ջանքերի համադրմամբ
ու փոխհամաձայնեցված աշխատանքով պետք է անել առավելագույնը կանխարգելիչ
միջոցառումների խստացման, իրականացվող ուսումնադաստիարակչական աշխատանքների
արդյունավետության առավել բարձրացման ուղղությամբ, քանի որ միայն այդ կերպ
զորամասերում կարելի է բացառել արատավոր երևույթների սաղմնավորումն ու տարածումը: