Հայերեն   English   Русский  

Մարզպետարաններն արդեն հանձնարարություններ են ստացել հանրաքվեի ժամանակ ցանկալի արդյունք ապահովելու համար. քաղտեխնոլոգ


  
դիտումներ: 636

Ավելի շատ ինտրիգային պայքար է սպասվում ոչ թե իշխանություն-ընդդիմություն առումով, այլ իշխանության ներսում` ուժերի բաշխման ընթացքում:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին, ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

Նա նկատեց, որ քաղաքական մամուլը նույնպես ավելին շատ այդ ինտրիգներին է անդրադառնում, քան ընդդիմության գործունեությանը. «Կարծում եմ` այս պահին ընդդիմության թե՛ քաղաքական, թե՛ մարդկային, թե՛ ֆինանսական ռեսուրսները բավարար չեն, առավել ևս , որ նրանք չեն կարողանում միասնական ճակատով հանդես գալ»,-ասաց Վիգեն Հակոբյանը` ընդգծելով, որ եթե չկարողանան սև ու սպիտակի պայքարի տանել, հաջողության չեն հասնի:

Ըստ քաղտեխնոլոգի` Հայաստանում պետք է հաշվի առնել բողոքական ընտրազանգվածի առկայությունը: Դա մարդկանց մի խումբ է, որը միշտ դեմ է քվեարկում իշխանություններին` անկախ նրանից ներկայացված ծրագիրը լավն է, թե վատը: Նրանք կազմում են ընդհանուր ընտրազանգվածի 60 տոկոսը:

«Խնդիրն այն է, թե արդյոք «Ոչ»-ի ճակատը կարող է դա պահել»,-ընդգծեց Վիգեն Հակոբյանը:

Միաժամանակ Հակոբյանը նկատում է, որ ակտիվ քարոզչությունը դեռևս առջևում է: Դա սկսվում է, երբ սկսվում է հեռուստատեսային պայքարը: Իշխանությունները փորձելու են հետաքրքրություն առաջացնել, իսկ ընդդիմությունը արթնացնել բողոքականներին:

Ըստ Վիգեն Հակոբյանի` իշխանությունները շեշտը դնում են հեռուստաքարոզչության և անհատական քարոզչության մեթոդների վրա: Հայտնի է, որ մարզպետարաններն արդեն հանձնարարություններ են ստացել , որ ռեսուրսներ ապահովեն ցանկալի արդյունքին հասնելու համար:

Հատկանշական է, որ հայաստանիցներն այնքան էլ հետաքրքրված չեն սահմանադրական բարեփոխումներով.

«Մարդկանց անտարբերությունը առաջիկա հանրաքվեի նկատմամբ բացատրվում է նրանով, որ լուրջ արդյունքներ դրանից չեն սպասվում: Հայաստանում Սահմանադրության հետ չեն կապում իրենց ներկան կամ ապագան»,-ասաց Վիգեն Հակոբյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: