Խոհարարների մասնագիտության վարկանիշը բարձրացել է. Սեդրակ Մամուլյան
«Խոհարարությունը բարդ և պատասխանատու աշխատանք է: Շատ ժամանակ կերակուրից են կախված մարդու տրամսդրությունը և աշխատունակությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման» ՀԿ-ի ղեկավար Սեդրակ Մամուլյանը:
Նրա խոսքով` խոհանոցը ազգային մշակույթի անբաժանելի մասն է: Վերջին տարիներին ազգային խոհանոցի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է: «Ազգային խոհանոցը պահպանելը շատ կարևոր է: Դա մեծ նշանակություն ունի ինքնության պահպանման հարցում»,-ասաց խոհարարը` նշելով, որի ունի ծանոթներ, ովքեր հայերեն չգիտեն, սակայն իրենց հայ են համարում հենց ազգային ուտեստների իմացության շնորհիվ:
Սեդրակ Մամուլյանն ընդգծեց, որ այդ հարցում մեծ նշանակություն ունի իր և իր ընկերների ստեղծած հասարակական կազմակերպության կատարած աշխատանքը:
«Մեր խնդիրն ազգային խոհանոցը զարգացնելն ու պահպանելն է։ Մեր ազգային կերակուրները դեռ բավարար տարածում չունեն, և հանրահռչակումը բարդ գործ է»,- նշեց Սեդրակ Մամուլյանը:
Ազգային կերակուրների բաղադրատոմսերը հավաքում են ոչ միայն գյուղից գյուղ, քաղաքից քաղաք շրջելով, այլ և ուսումնասիրելով հին ձեռագրերը:
Հայաստանում բարձրացել է խոհարարի մասնագիտության հեղինակությունը և շատ երիտասարդներ են այսօր ցանկանում խոհարար դառնալ:
Սեդրակ Մամուլյանը նկատեց, որ 15-20 տարի առաջ մասնագետները մեծ ջանք էին թափում աշակերտ գտնելու համար. ներկայումս այդ խնդիրը չկա: Խոհարարների մասնագիտության վարկանիշը բարձրացել է:
«Այսօր մենք ունենք խոհարարական ձեռնարկների խնդիր։ Դրանց մեծ մասը սովետական շրջանի գրքերի թարգմանություններ են, որտեղ գրեթե չկան ազգային կերակուրներ։ Ինչի համար պետք է հայ խոհարարը սովորի պատրաստել «կիևյան կոտլետ», և չսովորի բազմաթիվ հայկական կերակրատեսակներ»,- ասաց նա։