Հայերեն   English   Русский  

Ապագային միտված ներդրումներ, ահա հայ գործարարի հաջողության գաղտնիքը


  
դիտումներ: 2086

Գրեթե երկու տարի է անցել, ինչ առաջին անգամ հայտարարվեց, որ Հայաստանում պլանշետներ ու հեռախոսներ կարտադրվեն` «ԱրմԹաբ» ու «ԱրմՖոն»: ԱՄՆ-ում հայ գործարար Վահան Շաքարյանն իր«Minno» պլանշետներ արտադրող «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը հիմնել էր 1998 թ. և 2013 թ. որոշեց, որ այն պետք է տեղափոխվի Հայաստան: Հենց այդ տարվա դեկտեմբերի 19-ին էլ նրա ընկերությունը Հայաստանում` ազատ տնտեսական գոտում, գործունեություն իրականացնելու իրավունք ստացավ ու ձեռնամուխ եղավ արտադրամաս հիմնելու գործին:

Արդեն այս տարվա մարտ ամսից արտադրությունը սկսվեց, ու մինչ օրս Հայաստանում արտադրվել է ավելի քան 1000 պլանշետ: Ընկերությունը զանգվածային սպառման արտադրանք չի թողարկում, միայն «բի թու բի»` բիզնեսը բիզնեսի համար սկզբունքով, հատուկ պատվերով: Յուրաքանչյուր պատվիրատու ինքն է որոշում, թե ինչ պարամետրեր, ինչ ծրագրեր, ինչ աշխատանքի համար, ինչ լրակազմով սարքեր են իրեն պետք ու պատվիրում է` իր ցանկություններին ու հնարավորություններին համապատասխան:

Չնայած «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը Հայաստանում ճանաչում են որպես ԱրմԹաբ, իսկ արտասահմանում` որպես բիզնեսի համար լավագույն պլանշետների` Minno-ի արտադրող, խելացի սարքերի արտադրությունն այսօրվա դրությամբ ընկերության թողարկած արտադրանքի ընդամենը 15-20 տոկոսն է կազմում: Իսկ ընկերության հիմնական գործունեության ուղղությունն ու նպատակը ֆորենզիկ գիտության (մոտավորապես` պետական կառավարման մարմինների կամ ընկերությունների կորպորատիվ կառավարման համակարգեր ու ծրագրեր.-Գ.Ա) ու էլեկտրոնային բարձր տեխնոլոգիաների ստեղծումն է:

«Այսօր ֆորենզիկ գիտության ու ֆորենզիկ բարձր տեխնոլոգիաների համաշխարհային շուկան 700 մլրդ դոլարը գերազանցող շուկա է, որտեղ մասնագետների կարիքն ավելի քան 90 տոկոս է կազմում, առաջիկա 5-7 տարում կկարողանանք պատրաստել ֆորենզիկ գիտության մասնագետներ, բարձր տեխնոլոգիաների արտադրություն կազմակերպել Հայաստանում ու տարեցտարի ավելացող համաշխարհային հսկա շուկայի մի փոքրիկ մասը բերել Հայաստան: Պատկերացնո՞ւմ եք, թե դա ինչ կնշանակի…Դա ահռելի մեծ աշխատանք է, ահռելի գումարների մասին է խոսքը»,- մեզ հետ զրույցում նշեց ընկերության ղեկավար Վահան Շաքարյանը:

Նրա Mino պլանշետները պատրաստվում էին որոշակի պատվիրատուի պատվերով. նման բան մինչ այդ ոչ ոք չէր ձեռնարկել: Եվ ամերիկյան շուկան, ինչպես պատմում է Վահան Շաքարյանը, բավական լավ արձագանքեց այդ մոտեցմանը, ծրագիրը հաջողություն ունեցավ:

Շաքարյանն աշխատել է հայ երիտասարդների հետ, որոնք ֆորենզիկ ծրագրեր են ստեղծել արևմտյան պատվիրատուների համար: Ու ընկերության ամենահաջող, ամենապահանջված ու ամենից շատ սպառված ֆորենզիկ գործիքներից մեկը` «Տարանտուլան», հենց Հայաստանում է ծնունդ առել: Դա էլ առիթ եղավ, որ Վահան Շաքարյանը որոշեր բիզնեսը Հայաստան տեղափոխել: Դա արդեն հաջողված է, Շաքարյանն էլ գոհ է արդյունքներից. այսօր նրա հիմնած գործարանում 8 -ժամանոց մեկ հերթափոխով աշխատելու դեպքում հնարավոր է ամսական արտադրել մոտ 25-30 հազար սարք: Բայց Շաքարյանի բիզնեսի դեպքում թվերը ոչինչ էլ չեն հուշում. որքան պատվեր լինի՝ այնքան էլ կարտադրի: Ընդ որում հնարավոր է, որ ընկերությունը արտադրի 100 սարք, բայց դրանից ստացված եկամուտը գերազանցի զանգվածային սպառման համար հազարավոր խմբաքանակներով արտադրողների եկամուտը:

Անցյալ տարվա դեկտեմբերին ընկերությունն ունեցել է 23, իսկ այս տարի արդեն 127 բարձր վարձատրվող աշխատող: Կառավարությունն էլ, նշում է Շաքարյանը, ամեն կերպ փորձում է օժանդակել ընկերությանը բյուրոկրատական ու մնացած բոլոր ատյաններն անցնելիս:

Շաքարյանը տեղեկացնում է, որ իր հաշվարկներով` 3-5 տարի կտևի, մինչև իր կատարած ներդրումները վերադարձվեն: Բայց դրան նա պատրաստ է ու գնում է` առանց այս փուլում եկամուտների ակնկալիքի: Այս պահին նրա համար ամենակարևորն այն է, որ Ժամանակի ընթացքում բարձրացնի աշխատողների մասնագիտական մակարդակը, որ մենք համաշխարհային մակարդակով լինենք մրցունակ: Իսկ 3-5 տարվա ընթացքում, նրա կարծիքով, պետք է անընդհատ սնուցել բիզնեսը, նորանոր ներդրումներ անել, մարդկային կապիտալը զարգացնել:

«Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ կարող է բիզնես բացել ու ասենք` 6-7 ամիս կամ 1 տարի հետո կսկսի եկամուտ ստանալ, ինձ թվում է` դա միայն հեքիաթ է, եթե, իհարկե, այդ բիզնեսը կապված չէ սննդի հետ, որն ամենօրյա օգտագործման կարիք ունի, կամ բժշկության հետ,- նշում է Շաքարյանն ու հավելում:- Առանց չարչարանքի ոչինչ չի լինում, իհարկե: Եթե ես այսօր ասեմ, թե «եկա, տեսա, հաղթեցի», դա Գյուլնազ տատի հեքիաթը կլինի, այդպիսի բան չկա: Հաջողության հասնել ու կայանալ նշանակում է անքուն գիշերներ, 24 ժամ աշխատանք, նյարդային իրավիճակ, մտածմունք, ֆինանսական դժվարություններ, ռիսկ, վարկեր, վարկեր և այլն: Այսինքն` այնքան էլ հեշտ չէ: Բայց ամենակարևորը` պետք է հավատաս, պիտի ձգտես: Եվ մյուս կողմը. պիտի հարցնես, մտածես, հետո նորից պետք է հարցեր տաս, հետո նորից մտածես, հետո ավելի շատ հարցեր պիտի տաս, պիտի խորհրդակցես մասնագետների հետ, լինի իրավաբան, հոգեբան թե ինժեներ: Միայնակ որոշում ընդունելը դժվար է, կարող ես նաև սխալվել: Բայց չեմ ասում` ամեն ինչ անես ուրիշի կարծիքով, այլ քո կարծիքն ունենալով, բայց երբ խորհրդակցես, դա քեզ կօգնի վերջնական որոշում կայացնելիս»:

Վահան Շաքարյանը համոզված է` բիզնեսում հաջողության հասնելու համար գաղտնիքներ կան, իսկ Հայաստանում այդ գաղտնիքն այն է, որ բոլորը սպասում են, թե համալսարանն ավարտած երիտասարդ մասնագետը պետք է գա, ընդունվի աշխատանքի, նստի համակարգչի առջև ու անի այն, ինչ պետք է ձեռնարկատերին: Ոչ, այդպես չի լինում: Դրա համար պետք է կադրեր պատրաստել, բարձրացնել նրանց կրթական մակարդակը, սովորեցնել, վերապատրաստման ուղարկել և այլն, արդյունքում՝ ստանալ անհրաժեշտ կադրը: Սա ապագային միտված ներդրում է, վստահեցնում է Շաքարյանը, որը տարիների ընթացքում է արդյունք տալու: Բիզնես սկսել ցանկացողներին Շաքարյանը խորհուրդ է տալիս անպայման սկսել. չշտապել, մտածել, լավ ուսումնասիրել, բայց անպայման սկսել:

Անձամբ ինքն իր բիզնեսը սկսել է ԱՄՆ-ում 15 հազար դոլար մեկնարկային միջոցներով: Նա նշում է, որ առանց գումարների, իհարկե, հնարավոր չէ, բայց միշտ պետք է փորձել սկսել փոքրից, չպետք է շտապել ու պետք է ճիշտ հաշվարկել: Նա խորհուրդ է տալիս նաև պլանավորել բոլոր քայլերն ու յուրաքանչյուր քայլն անելիս՝ ճկունություն դրսևորել:

«Սա պրոցես է, իրականություն է և կյանք է, որ պետք է անցնես քայլ առ քայլ: Ոչ ոք չի ասում չէ՞, դուրս եմ գալիս փողոց ու հենց մի սիրուն աղջիկ տեսնեմ՝ կամուսնանամ նրա հետ: Նույնն էլ բիզնեսն է: Եթե մի գաղափար ունես՝ դա չի նշանակում, թե առավոտյան հենց զարթնեցիր, պիտի վազես բանկ, գումարներդ հանես ու սկսես բիզնես գաղափարդ»,- եզրափակեց Շաքարյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: