Հայերեն   English   Русский  

ՌՈՒՍՏԱՄ ՌԵԶԱ


  
դիտումներ: 2415

Օտար բանակներում ծառայած, օտար դրոշի համար կռված շատ հայտնի հայեր կան: Նրանցից է նաև Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի թիկնապահը՝ Ռուստամ Ռեզան, որ հետագայում գրեց իր ինքնակենսագրական գիրքը՝ «Նապոլեոն Առաջինի մամլուք Ռուստամի հուշերը», որով մեծ ծառայություն մատուցեց նաև պատմագիտությանը:

Ռուստամը՝ Ռոստոմ Հունանի Խաչատուրյանը, ծնվել է 1782 թ. Թիֆլիսում: Նա արցախցի առևտրական Հունանի ընտանիքի վեցերորդ զավակն էր: Ռուստամը 13 տարեկան էր, երբ նրան ու մորը՝ Վարիին, Շուշիի Իբրահիմ խանի և Ջրաբերդի մելիք Մեջլումի միջև ընթացող պատերազմի ժամանակ Գանձակում թուրքերն առևանգեցին և որպես ստրուկ վաճառեցին Կոստանդնուպոլսում: Հետագայում մայրն ազատվեց գերությունից, իսկ պատանու ճակատագիրն այլ ընթացք ստացավ:

Ռուստամն այլևս չտեսավ իր մորը, քույրերին ու եղբայրներին: Երբ հասավ իր փառքի գագաթնակետին, տասնյակ նամակներ գրեց նրանց, բայց պատասխան չստացավ: Անգամ Նապոլեոնի խորհրդով մի հայ վաճառականի վարձեց, որ գտնի նրանց, Փարիզ բերի, բայց՝ դարձյալ ապարդյուն:

Պատանի գերյալին գնում է Սալա-բեյ անունով իսլամացած վրացի, մամլուք դարձնում, ապա վաճառում Եգիպտոսում: Մամլուքները Եգիպտոսում հատուկ դասակարգ էին: Դեռևս միջնադարում արաբ տիրակալները ռազմագերիներից կամ ստրուկներից առանձնացնում էին ամրակազմ, ճարպիկ պատանիներին, նրանց ռազմական գործ սովորեցնում և գործի դնում բանակում:

Ռուստամը ծառայության անցավ շեյխ ալ-Բաքրիի մոտ: Նա հսկում էր շեյխի հարեմի պահպանությունը: Շուտով երիտասարդը սիրահարվում է շեյխի դստերն ու ցանկանում ամուսնանալ նրա հետ: Շեյխը սկզբում տալիս է իր համաձայնությունը, ապա իր դստեր համար այլ փեսացու ճարում մամլուքներից: Եվ երբ խանդոտ հայորդին ծեծում է իր ախոյանին, շեյխը ստիպված էր ազատվել Ռուստամից:

1799 թ. Նապոլեոնի եգիպտական արշավանքի ժամանակ շեյխն իր մամլուքին նվիրում է գեներալ Բոնապարտին:

Ռուստամն աչքի ընկավ իր հավատարմությամբ, քաջությամբ, և շուտով Նապոլեոնը նրան կարգեց իր անձնական թիկնապահ, հետագայում՝ թիկնազորի հրամանատար: Իր արտասովոր հանդերձանքով, վեհ ու խրոխտ կերպարով նա առանձնահատուկ շուք ու հմայք էր հաղորդում Նապոլեոնին:

Դեռևս Ֆրանսիա նոր ոտք դրած ժամանակ, երբ Նապոլեոնը հիմնական զորքով փութաց Փարիզ, Ռուստամի հսկողությամբ Կոնսուլի գումակն էր շարժվում: Ճանապարհին ավազակներ են հարձակվում, որոնց դիմագրավելու համար առանձնակի փայլում է հայազգի մամլուքը:

Նա այն աստիճանի հավատարիմ ու աչալուրջ էր, որ ապահովության համար քնում էր իր շարժական մահճակալը Նապոլեոնի ննջասենյակի դռանը հենած:

Այսուհանդերձ, Նապոլեոնի արքունիքը շուրջ երեք տարի «մոռանում» է Ռուստամին ռոճիկ վճարել: Նա ստիպված էր կարիքները հոգալու համար վաճառել ունեցած-չունեցածը: Երբ կայսրն իմանում է դրա մասին, նրան առատորեն վարձատրում է և ամենամսյա ռոճիկ նշանակում:

Իսկ դա լրիվ պատահական է բացահայտվում: Մի անգամ թղթախաղի ժամանակ Նապոլեոնը նրանից պարտքով գումար է խնդրում: Երբ Ռուստամը նրան առաջարկում է իր մոտ եղած գրոշները՝ 20 լուիդոլ, նոր միայն պարզվում է, որ մինչ օրս անբասիր ծառայության համար կայսերական գանձարանից Ռուստամին վարձատրել են ոչնչով:

Նապոլեոնը, ինչպես նաև կայսրուհի Ժոզեֆինան, շատ սիրեցին Ռուստամին և նրան վստահում էին ամեն ինչ: Հետագայում կայսրն անգամ ընդդիմացավ Ռուստամի ամուսնությանը` վախենալով, որ ընտանեկան կյանքը նրան հետ կպահի ծառայությունից: Ամեն դեպքում Նապոլեոնը ոչ միայն տվեց իր համաձայնությունը, այլև իր վրա վերցրեց հարսանիքի բոլոր ծախսերը:

Սակայն, երբ կայսրը վերջապես տվեց ամուսնության համաձայնությունը, այլ խնդիր ծագեց. համաձայնություն չտվեցին նոտարը և պալատական արքեպիսկոպոսը ասելով, որ Ռուստամը քրիստոնյա չէ: Նա չկարողացավ համոզել կղերին, որ ինքը հայ է և հայերը քրիստոնյա ազգ են: Ի վերջո, գործին միջամտեց անձամբ կայսրը:

Ռուստամն ամուսնացավ Ժոզեֆինա կայսրուհու ավագ նաժիշտի դստեր՝ Ալեքսանդրա Դյուվիլի հետ, որը նրան որդի և դուստր պարգևեց: Նա անսահման սիրում էր կնոջն ու նվիրված էր նրան: Ռուստամի ընտանիքին կապված էին նաև Նապոլեոնն ու Ժոզեֆինան: Քանի որ արշավանքների ժամանակ Փարիզից եկող փոստն առաջինը Նապոլեոնն էր բացում, հաճախ իրեն թույլ էր տալիս նախքան Ռուստամի կնոջ նամակն ամուսնուն հանձնելը՝ ընթերցել այն, ինչը մամլուքին բնավ չէր անհանգստացնում, նա ներողամտորեն էր վերաբերվում կայսեր այդ թուլությանը: Նապոլեոնը հետևում էր, որ Ռուստամը կատարի կնոջ բոլոր ցանկություններն ու նրան առատ նվերներ ուղարկի Եվրոպայի տարբեր քաղաքներից:

Ռուստամը Նապոլեոնի հետ չմեկնեց Էլբա: Դրա համար ֆրանսիացի շատ պատմաբաններ մեղադրում են նրան: Իր ինքնակենսագրական գրքում Ռուստամը գրում է, որ պատրաստվում էր կայսեր հետ Էլբա մեկնել: Նա անգամ հրաժեշտ է տվել կնոջը՝ Ալեքսանդրային, երեխաներին և մեկնել կայսեր մոտ՝ նրանից թույլտվություն վերցնելու, որպեսզի նախապատրաստի նաև իր ընտանիքի մեկնումը Էլբա կղզի: Սակայն Նապոլեոնի շուրջ ստեղծված խառնաշփոթում նա չի կարողացել այդ մասին խոսել կայսեր հետ, և այդպես էլ չի հաջողվել նրա հետ մեկնել:

Բացի այդ, կայսեր մերձավորները նրան պարզ հասկացրել են, որ Էլբայում Նապոլեոնը մամլուքի կարիքը չունի և նա սոսկ սպասավոր է աշխատելու այնտեղ:

Իսկ հանգուցալուծումը եղավ այնժամ, երբ Նապոլեոնը մամլուքից զենք խնդրեց: Քանի որ մերձավորները գիտեին Նապոլեոնի ինքնասպան լինելու որոշման մասին, Ռուստամը զենք չտվեց նրան ու տուն գնաց: Դա զայրացրեց կայսերը, և նա կարգադրեց մամլուքին Էլբա չտանել:

Նապոլեոնի հարյուր օրվա ժամանակ, երբ նա վերագրավեց գահը, Ռուստամն իր ծառայություններն առաջարկեց, բայց կայսրը զայրացած պատռեց նրա դիմումն ու կրակը նետեց:

Վաթեռլոոյի ճակատամարտից հետո հալածանքներ սկսվեցին Նապոլեոնի զինակիցների նկատմամբ, և Ռուստամը ստիպված էր թողնել ընտանիքն ու ծպտված ապրել գավառներում: Նա անգամ ստիպված էր հեռանալ Ֆրանսիայից և վերադառնալ Ռուսական կայսրություն: Ռուստամը նախ ուղևորվեց Թեհրան, ապա՝ Թիֆլիս:

Կովկասի կառավարչապետ Երմոլովի զորագնդում 1826-1828 թթ. նա մասնակցում է ռուս-պարսկական պատերազմին և հաղթական ավարտից հետո բնակություն է հաստատում Շուշիում:

Բայց Ռուստամը չկարողացավ երկար բնակվել Շուշիում: Նրան կանչում էր ընտանիքը, զավակների կարոտը, և 1840 թ. նա վերադարձավ Ֆրանսիա: Նույն թվականին, հագնելով մամլուքի համազգեստը, կայսեր աճյունն ուղեկցեց մինչև հանգստարան:

Ռուստամն ընտանիքի հետ տեղափոխվեց ու հաստատվեց կնոջ հայրենի քաղաքում՝ Դուրդանում: Նա զուրկ էր բոլոր միջոցներից. նպաստ չէր ստանում, աշխատանք չուներ: Նապոլեոնի մամլուքը մահացավ չքավորության մեջ, 1845 թ. դեկտեմբերի 7-ին:

Դուրդանի գերեզմանատանն է գտնվում նրա շիրիմը, իսկ տապանաքարին արձանագրված է. «Աստ հանգչի Ռուստամ Ռազան` կայսր Նապոլեոնի նախկին մամլուքը` ծնված Թիֆլիսում, մեռած Դուրդանում, 64 տարեկան հասակում: Նա իր հետ տարավ իր ընտանիքի կսկիծները, որ իր համար չափազանց թանկ էր: Թող խաղաղությամբ հանգչի նրանց մեջ, ովքեր նրան հարգել ու սիրել են»:

Հետագայում նրա կողքին ամփոփվեց սիրելի կնոջ դին:

Մագդա Նեյմանն իր «Հայերը» գրքում հավաստում է, որ Ռուստամի թոռն էր ֆրանսիացի ականավոր թատերագիր և բանաստեղծ Էդմոն Ռոստանը, որ ծնվել է 1866 թ. և մահացել 1923-ին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: