Հայերեն   English   Русский  

Գերմանիան հիասքանչ երկիր է, բայց միայն գերմանացիների համար


  
դիտումներ: 2735

Վայրէջք կատարող ինքնաթիռի պատուհանից նայելիս թվում է, թե քաղաքի մանրակերտին եմ նայում. ամեն ինչ այնքան կարգ ու կանոնով և կատարյալ է դասավորված, որ թվում է` իրական կյանքում այդպես հնարավոր չէ: Թոքերի նմանվող եզրագծով հսկայական անտառներ, ասես քանոնով գծված կանաչ դաշտեր, կոկիկ դասավորված միանման շենքեր ու միագույն կոնտեյներների ու ավտոմեքենաների կանոնավոր դասավորությամբ գործարաններ: Երևանի ու հայաստանյան մյուս քաղաքների անկանոն տեսքին սովոր մարդուս անհավատալի է թվում, որ խոշոր բնակավայրը կարող է ունենալ հստակ դիմագիծ:

Մեկշաբաթյա այցելությունը Արևելյան Գերմանիայի երկու քաղաքներ` Դրեզդեն և Քեմնից, համեմատություններ է թելադրում հայկական իրականության հետ:

Իր շքեղ ճարտարապետության համար «զարդատուփ» անվանումը ստացած Դրեզդենը Սաքսոնիայի երբեմնի թագավորանիստ քաղաքն է, իսկ այժմ` Սաքսոնիա նահանգի մարզկենտրոնը, Գերմանիայի մշակութային կենտրոններից մեկը: Ունի կես մլն-ից ավելի բնակիչ:

Իսկ 200 հազար բնակիչ ունեցող Քեմնիցը համարվում է Գերմանիայի ամենաժամանակակից քաղաքը: Երկրորդ աշխարհամարտից հետո որոշել են չվերականգնել ավերված շինությունները, այլ ավերակների տեղում մոդեռն քաղաք կառուցել:

Երկու քաղաքներն ունեն մի շարք ընդհանրություններ: Նախ` ճարտարապետական ոճն այնքան ընդհանրական է, որ թվում է, թե այդ ամենը մեկ մարդու ձեռքի գործ է: Այստեղ բնակիչներն իրենց հայեցողությամբ չեն կարող փոխել իրենց բնակարանի արտաքին տեսքը. անգամ պատուհանների գույնն ու ձևն է նույնը: Աչքի է զարնում նաև ամեն քայլափոխին տիրող կարգ ու կանոնը: Տպավորություն է ստեղծվում, որ անգամ ծառի դեղնած տերևը նախապես պլանավորված վայրում և սահմանված դիրքով է ընկնում: Ի դեպ, այստեղ փողոցները մեծ մասամբ ոչ թե ասֆալտապատ են, այլ սալապատ, ինչը ևս քաղաքներին ուրույն ոճ և դիմագիծ է հաղորդում: Զարմանալի է նաև այն, թե ինչպես է մի քանի դարի անցյալ ունեցող շենքին սահուն կերպով հաջորդում ժամանակակից շինությունը: Այնքան սահուն, որ արտառոց ոչինչ չես նկատում:

Հիացնում է նաև հասարակական տրանսպորտի վայրկյանի ճշտությամբ աշխատանքը: Կարող ես չվերթի ցուցակում նայել, թե որ ժամին քո նախընտրած կանգառում կլինես և առանց վարանելու, հենց այդ ժամին իջնել ավտոբուսից, տրամվայից կամ գնացքից` առանց շուրջդ նայելու: Հայաստանյան երթևեկությանը սովոր մարդուն զարմանալու աստիճան խորթ է նաև գերմանական երթևեկությունը. ավտոմեքենաների և հեծանիվների համար ճանապարհը նույնն է, և հեծանվորդի հետևից ընթացող վարորդը կարող է րոպեներ շարունակ հանգիստ վարել մեքենան` առանց ազդանշանի ու բարկության որևէ նշույլի: Լուսացույցների տակ հեծանվորդներն էլ, ավտովարորդների պես, կանգնում են ու ճանապարհը զիջում հետիոտնին: Իսկ մեքենաների միջև հեռավորությունն այնքան մեծ է, որ Երևանում լինելու դեպքում այդ արանքում ևս մեկ մեքենա կտեղավորվեր:

Գերմանիա

Տրանսպորտը, փողոցները և շենքերը նաև 100 տոկոսով մատչելի են հաշմանդամություն ունեցող անձանց համար. կարելի է տեսնել անվասայլակով տեղաշարժվող կամ ցուցափայտով կույր մարդկանց, որոնք ինքնուրույն շրջում են քաղաքում` որևէ խոչընդոտի չհանդիպելով:

Թվում է, թե դրախտում ես հայտնվել, քանի դեռ իր մասին չի հիշեցրել «Երկու երնեկ մի տեղում չի լինում» ասացվածքը: Գերմանացիների հետ թեթևակի շփումից իսկ հասկանալի է դառնում, որ գերմանական բարձր ճակատով ու սառը շենքերը հենց տեղի բնակիչների էությունն են արտահայտում: Երևանից հետո, որտեղ սպասարկման ոլորտի ծառայությունների ու հաստատությունների անուններն ավելի շատ անգլերեն են, քան հայերեն, այստեղ զարմանք ես ապրում. ամեն ինչ բացառապես միայն գերմաներենով է: Գերմանիայում գտնվելու մեկ շաբաթվա ընթացքում այդպես էլ որևէ գերմանացուց անգլերեն խոսք չլսեցի. օդանավակայանում, հյուրանոցում, խանութներում, սրճարաններում և ռեստորաններում, բանկերում, գնացքի կայարաններում, փողոցներում բոլորը խոսում են միայն և միայն գերմաներեն: Իսկ անգլերենով ասված «չեմ հասկանում», «գերմաներեն չեմ խոսում», «դուք անգլերեն խոսո՞ւմ եք» արտահայտությունները կարծես չեն էլ լսում: Ավելի ճիշտ լսում են, հետո դեմքին արհամարհական արտահայտություն են տալիս ու շարունակում էլի գերմաներենով խոսել: Երբ չես հասկանում, պահանջը կարող են մի քանի անգամ կրկնել, բայց էլի գերմաներենով և մի փոքր բարկացած տոնով, կարծես ակնկալելով, որ հրաշքով պիտի սկսես գերմաներենը հասկանալ: Անգամ ռեստորաններում մենյուները միայն և միայն գերմաներենով են: Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ անգլերեն հասկանալով հանդերձ` հատուկ են ձևացնում, թե չեն հասկանում` պատժելու համար իրենց մայրենի լեզուն` գերմաներենը չիմանալու համար: Այսպես, երբ գերմանացի տաքսիսիտին որպես վերջնակետ նշում ենք «Բի ընդ բի» հոթել (B&B), որն ի դեպ, 1-2 կմ էր հեռու տվյալ վայրից, զարմացած ասում է, որ նման հյուրանոց չգիտի: Մեծ դժվարությամբ գտնում ենք հյուրանոցի հասցեն ու ցույց տալիս, ինչին ի պատասխան վարորդը զարմացած ասում է. «Ա՜, Բե ունդ բե հոթել», ապա շարունակում է, թե մենք անգլերեն արտասանությամբ ենք ասել, իսկ ինքը անգլերեն չգիտի:

Այնպես որ` գերմաներեն չիմացող զբոսաշրջիկն այստեղ կորած է, եթե օգնության չհասնեն ժամանակակից խելախոսները` օն-լայն թարգմանության հնարավորությամբ:

Գերմանիա

Այստեղ մարդիկ արևմտյան այլ երկրների պես չեն ժպտում, միշտ մռայլ են` դեմքի բարկացած կամ սպառնալից արտահայտությամբ, ճիշտ այնպես, ինչպես Հայաստանում է: Դրան գումարվում է նաև արհամարհական վերաբերմունքը դեպի ոչ գերմանացիները: Ճիշտ է, փախստականների հոսքի ֆոնին թվում է, թե գերմանացիները հանդուրժող են, բայց մի քանի օր այդ երկրում ապրելով ու մաշկիդ վրա ամեն վայրկյան խտրականությունը զգալով` հակառակն ես եզրակացնում: Թարս, արհամարհական, կասկածով ու զզվանքով լի հայացքների արժանանալու համար կարևոր չէ, թե որ ազգի ներկայացուցիչ ես, կարևոր է միայն այն հանգամանքը, որ գերմանացի չես, որ արտաքնապես իրենցից տարբեր ես: Իհարկե, գուցե պատճառն այն է, որ տեղաբնակ օտարերկրացիներ այստեղ հանդիպում են նույն հաճախականությամբ, ինչ գերմանացիներ: Իհարկե, եթե այդտեղ ես ապրում, որոշ ժամանակ անց գուցե հարմարվում ես քեզ ուղղված այդ հայացքներին ու անկոչ հյուրի կարգավիճակին և ապրում ես ստորակարգ, բայց կուշտ փորով մարդ լինելու գիտակցությամբ: Բայց միևնույն է, իրավիճակի տհաճությունը չի փոխվում:

Դրեզդենում հայերեն խոսքին արձագանքում է մի պատահական անցորդ, որն ուրախ-ուրախ բացականչում է` «Բարև ձեզ» ու մոտենում: Գերմանահպատակ մեր հայրենակից Պետրոսը ընտանիքով Գերմանիա է տեղափոխվել դեռ 1993-ին` մութ ու ցուրտ պատերազմական տարիներին: Ասում է, որ ֆինանսապես դժգոհություն չունի, ընտանիքն օրվա ապրուստով ապահովված է, բայց դժգոհում է հանրային ու ընտանեկան հարաբերություններից: Մի փոքր զրուցելուց հետո ասում է, որ եթե իմանար, թե հայրենիքից հեռանալուց 22 տարի անց ինչ արդյունք կունենար` այլ որոշում կկայացներ:

Գուցե շատ-շատերը Հայաստանից հեռանալու որոշում չէին կայացնի, եթե երկարաժամկետ կտրվածքով իրենց ապագան տեսնելու հնարավորություն ունենային: Բայց, ցավոք, նման հնարավորություն չկա: Ու նման մարդկանց սրտի մխիթարանք են դառնում անօգուտ «եթե»-ները:

Մեկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո` ուրախությամբ լքում եմ Գերմանիան` կարգ ու կանոնի, հնի ու նորի համադրության գեղեցիկ երկիրը, որն իմը չէ: Դրեզդենի օդանավակայանում անձնագրումս ելքի կնիք դնող գերմանացին այլևս դեմքի դժգոհ արտահայտությունը չունի: Կարծես խորը շունչ է քաշում. մի օտարերկրացի էլ պակասեց, անկոչ հյուրի պես չմնաց իրենց երկրում:

Հայաստան եմ վերադառնում այն գիտակցությամբ, որ հարուստ ու երջանիկ մարդ եմ, քանի որ ապրում եմ իմ երկրում` Հայաստանում, և հենց իմ երկրում ունեմ այն, ինչ ունեմ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: