Ուկրաինայում ապստամբները ազատ են արձակել գերի վերցված զինվորների
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Twitter-ի իր էջում նշել է, որ Դոնեցկում 73 զինվոր է ազատ արձակվել:
Չնայած հրադադարին՝ բռնությունները շարունակվում են արևելյան Ուկրաինայում: Կիրակի օրը քաղաքում ռմբակոծություններ են տեղի ունեցել, իսկ տեղի պաշտոնյաները իրավիճակը ճգնաժամային են համարել:
Երկուշաբթի օրը Դոնեցկի քաղաքապետարանից հայտնել են, որ ռմբակոծությունների ընթացքում վեց խաղաղ քաղաքացի է զոհվել, ևս 15-ը վիրավորվել է:
Պորոշենկոն հրադադարի խախտումների վերաբերյալ խոսել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Նրանք համաձայնության են եկել իրավիճակը խաղաղ կերպով լուծելու ջանքերի շուրջ:
Շաբաթ օրը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Մինսկում ձեռք բերված հրադադարի հաստատման համաձայնությունը ընդհանուր առմամբ պահպանվում է, իսկ Մոսկվան պատրաստ է տևական խաղաղության հաստատման շուրջ աշխատանքներ տանել: