Ինչպե՞ս է անցել Հրանտ Դինքի մանկությունը, որն այսօր կդառնար 60 տարեկան
դիտումներ: 3868
Մանկության տարիները
Հրանտի անունը դրել է նրա պապը՝ Օհաննեսը: Դինքը ծնվել է 1954 թվականի սեպտեմբերի 15-ին, Մալաթիայի Սալքյոփրու թաղամասի Բոնջուքլու փողոցում գտնվող տանը: Այստեղ մեծ մի բակ է եղել, որի մեջ մի քանի տներ են միավորված եղել, ընդհանուր առմամբ թաղամասում մոտ 50 տուն, մեկ կամ երկու հարկանի: Ընտանիքները գումար տնտեսելու համար համատեղ կենցաղ էին վարում, բակում թոնիրում հաց էին թխում, բուրդ էին մանում, ծիրանի կորիզներ էին կոտրում: Բակում պղնձե տաշտերի մեջ լողացնում էին երեխաներին, լվացք էին անում ընդհանուր մեծ ավազանի մեջ:
Դինքը` Նվարդի և Սարգիսի առաջնեկը, ժամանակից փոքր-ինչ շուտ է ծնվել, 4 կիլոգրամից ավել քաշով, շիկահեր երեխա է եղել: Հրանտի հայրը թղթախաղով է տարված եղել, այդ պատճառով էլ նրանց ընտանիքում միշտ վեճեր են եղել: Ի վերջո հայրը մեկնել է Ստամբուլ աշխատելու: 1959 թվականի վերջին Օհաննես պապը Նվարդին և երեխաներին նստեցրել է գնացք և ուղարկել որդու` Սարգիսի մոտ: Նրանք սկզբում ապրել են Օրթաքյոյ և Էլմադաղ թաղամասերում, այնուհետև Գումգափը թաղամասում: Սարգիսը աշակերտ է եղել դերձակի մոտ՝ շաբաթական գումարով: Այնուհանդերձ նա չի դադարել խաղալ, նաև խմում էր, ինչն էլ հասցրել է բաժանության: Վիճակը այնքան վատ է եղել, որ Նվարդը մտածել է կրտսեր որդուն՝ Երվանդին տալ մի ամերիկացու որդեգրմանը, սակայն հետո հետ է կանգնել այդ մտքից: 1963 թվականին գործը հասնում է ապահարզանի: Դատարանը երեխաների խնամակալությունը հանձնում է Սարգիսին:
Այս ժամանակ Հրանտը արդեն մեծացել էր, տասը տարեկան երեխա էր, սակայն իրեն մեծ մարդու պես էր պահում, եղբայրների մասին հոգ էր տանում: Մի անգամ հերթական վիճաբանությունից հետո Հրանտը զայրանում է և եղբայրների հետ փախչում: Այս օրը նրանք քնում են ձկնորսական զամբյուղների մեջ, սոված, անտեր, իրար գրկած: Այդ ժամանակ Հրանտը 7 տարեկան էր, Խոսրովը՝ 5, Երվանդը՝ 2: Հրանտը շատ է ազդվել այս դեպքից, մի օր եղբայրներին պատմել է, որ ամենից շատ վախենում է, որ նրանց հետ կարող է մի բան պատահել: Այս դեպքից հետո Հրանտը կարծես առաջին անգամ մարտահրավեր է նետել կյանքին և ողջ կյանքի ընթացքում պահպանել է իր այս էությունը: Սա նրա մանկության ամենահին հիշողությունն է:
Որբանոցում անցկացրած տարիները
Ծնողների բաժանվելուց հետո Դինքը եղբայրների հետ հայտնվում է Ստամբուլի Գեդիկփաշա թաղամասում տեղակայված հայ բողոքական եկեղեցուն առնթեր գործող որբանոցում, որը կոչում էին ժողովարան, կամ Դինքի խոսքերով բույն: Դինքին և եղբայրներին այստեղ է տանում նրանց տատը: Ժողովարանում ապաստան էին գտնում ոչ միայն ծնողազուրկ երեխաները, այլ նաև ծանր սոցիալական պայմաններ ունեցող ընտանիքներից եկած երեխաներ: Դրանք հիմնականում Անատոլիայի տարածքից Ստամբուլ եկած հայ ընտանիքների երեխաներն էին: Ժողովարանում այս երեխաները ոչ միայն ապաստան էին գտնում, այլ նաև կրթություն ստանում:
Հրանտի եղբայրները հիշում են, որ նա միշտ պաշտպանել և հոգ է տարել իրենց մասին, քանի որ մեծ եղբայրն է եղել: Արդեն դպրոցական տարիներին նրանցից յուրաքանչյուրը նոր ընկերներ է ձեռք բերել և որոշակիորեն անջատվել մյուսներից: Հրանտը առաջատար է եղել դասարանում և խմբերում: Եղբայրների խոսքերով՝ նա լավ էր սովորում, շատ խելացի էր, և փոքր տարիքից երևում էին նրա առաջնորդի հատկանիշները: Նա ընկերասեր և ինքնավստահ անձնավորություն է եղել: Որբանոցում ապրած տարիները նրանց սովորեցրել են լինել սրտացավ, կիսել դիմացինի վիշտը և իրար օգնել:
Իրենց մորը օգնելու համար երեխաները սկսեցին մանր գործեր անել: Հրանտը 7-8 տարեկան էր, երբ եղբայրների հետ հացի փռից փոքրիկ բլիթներ էին վերցնում և փողոցներում վաճառում: Եղբայրները հիշում են, որ մի անգամ Դինքը, լսելով իր տարեկից մի երեխայի այն պատմությունը, թե եթե դրամները ցանես հողի մեջ, դրանք կշատանան և բերք կտան: Երեխա Հրանտն էլ, հավատալով սրան, իր ունեցած ողջ գումարը թաղում է հողի մեջ՝ հույս ունենալով, որ այն կշատանա: Մեծ տարիքում նա եղբայրներին պատմել է, որ այս դեպքից հետո առաջին անգամ կյանքում իրեն խաբված է զգացել:
Պատանեկության տարիները
Դինքի պատանեկության շրջանի ամենավառ հուշերը կապված են Թուզլայի ամառային ճամբարի հետ: Նա հիշում է, թե ինչպես մի օր Գեդիկփաշայի ժողովարանից 2-րդից 5-րդ դասարանցիներից 13 հոգու ուղարկում են Թուզլա, որը ծովափնյա մի շրջան է Ստամբուլի ծայրամասում: Այնտեղ երեխաները մասնակցում են ճամբարի կառուցման աշխատանքներին, որը տևում է երեք տարի: Այնուհետև ամեն տարի ամառային արձակուրդները նրանք անցկացնում էին այնտեղ: Ընկերների հուշերով՝ Հրանտը շատ աշխատասեր էր և ճամբարում ամենից շատ նա էր ջանում, խելացի երեխա էր: Դինքը այս ճամբարը կոչել է Ատլանտիդայի քաղաքակրթություն: Այն կոչում էին նաև Քամփ Արմեն:
Դինքի պատանեկության ամենակարևոր իրադարձությունը ապագա կնոջ՝ Ռաքելի հետ հանդիպումն ու նրանց միջև ծնված սերն էր: 1968 թվականին հայ հոգևորական Տեր Կիրակոսը Թուրքիայի Ջուդի լեռան շրջանում բնակվող քրդախոս հայկական ցեղախմբի՝ Վարթո աշիրեթի աղայի դստերը՝ 9-ամյա Ռաքել Յաղբասանին երկու եղբայրների և մի շարք այլ երեխաների հետ բերում է Ստամբուլ և տանում Գեդիկփաշայի որբանոց: Ոչ թուրքերեն, ոչ էլ հայերեն բացարձակ չիմացող նորեկները արագորեն հարմարվում են նոր միջավայրին: Ռաքելի այդ տարիների ընկերուհիները պատմում են, որ նա շատ խելացի, լուրջ, հոգատար երեխա էր, երկար սև մազերով: Դաստիարակչուհու (որին մորաքույր էին կոչում) սենյակում նրա հետ միասին ապրող աղջիկներից Մարիամը հիշում է, թե ինչպես մի գիշեր Ռաքելը սենյակից անհետանում է, հետո իմանում են, որ Հրանտի մոտ է գնացել: Թեև Հրանտը նրանից 5-6 տարի մեծ էր և բոլոր աղջիկները նրան որպես մեծ եղբայր էին ընդունում, այնուհանդերձ բոլորը, այդ թվում և մորաքույրը գիտեին նրանց սիրո մասին: 14-15 տարեկանում նրանց հարաբերությունները արդեն ոչ ոքի համար գաղտնի չէր: Դինքը ամեն տեղ բարձրաձայնում էր այդ մասին, իսկ Ռաքելին դա դուր չէր գալիս, մի անգամ նույնիսկ բարկացել էր: Դինքն էլ նրա սիրտը շահելու համար մանկատան երեխաներից քրդերեն սովորում է «ես քեզ սիրում եմ» արտահայտությունը և այդպես առաջին անգամ սեր խոստովանել Ռաքելին: Այն ժամանակ ով գիտեր, որ Հրանտն ու Ռաքելը միասին մի անբողջ կյանք են անցկացնելու և մի օր էլ Ռաքելը հրաժեշտի նամակ է ընթերցելու իր սիրելիի թաղմանը:
Տաթևիկ Սարգսյան