Հայերեն   English   Русский  

​Նոր բացահայտումներ Նեֆերտիտի թագուհու գերեզմանի մասին


  
դիտումներ: 5104

Ելնելով Թագավորների հովտում իրականացված սկանավորման տվյալներից` Եգիպտագետները հույս են հայտնում, որ Թութանհամոն արքայի դամբարանի ետևում շուտով կարող է ևս մեկ սենյակ հայտնաբերվել: Հնագետներից մեկը ենթադրություն է հայտնել, որ երկրորդ սենյակի հայտնաբերման դեպքում կարող է պարզվել, որ այն Նեֆերտիտի թագուհու կորուսյալ դամբարանն է: Նեֆերտիտին պատմության թատերաբեմից անհետացել է 3000 տարի առաջ: Նրա կյանքի պատմությունը մինչ այսօր շարունակում է առեղծված մնալ ողջ աշխարհի փորձագետների համար, որոնցից ոմանք ներգրավվել են նրա գերեզմանի որոնման ընթացիկ աշխատանքներում:

Բրիտանացի գիտնական Նիկոլաս Ռիվսը այս տարվա օգոստոս ամսին տեսություն է հրապարակել այն մասին, որ եգիպտական թագուհու վերջին հանգստավայրը կարող է գտնվել Եգիպտոսի ամենահայտնի փարավոնի` Թութանհամոնի դամբարանում: Նրա տեսությունը մեծ ոգևորություն է առաջացրել աշխարհի եգիպտագետների շրջանում` նրանց դրդելով նոր ուսումնասիրություններ կատարել տարածքում: Իր տեսությունն ապացուցելու համար Ռիվսը ռադիոլոգիական և ջերմային հետազոտություն է իրականացրել: Դրա նախնական արդյունում հնարավոր է եղել եզրակացնել, որ դամբարանի հյուսիսային պատի ետևում տարածք կա, որը հնագետների համոզմամբ վկայում է մեկ այլ դամբարանի առկայության մասին:

Ըստ Եգիպտոսի հնագիտության նախարար Մամդուհ Էլդամաթիի` դամբարանի ներսում աշխատանքները կսկսվեն միայն այն բանից հետո, երբ ռադիոլոգիական և ինֆրակարմիր ճառագայթներով անցկացված հետազոտություններից ստացված տվյալները վերլուծվեն ճապոնացի փորձագետների կողմից:

Նեֆերտիտին, ով պատկանում էր 18-րդ թագավորական ընտանիքին, Եգիպտոսում իշխել է Ք.ա. 14-րդ դարի կեսերին իր ամուսնու` Ամենհոտեպ թագավորի հետ: Թագուհու ոչ այնքան համեստ անունը նշանակում է «գեղեցկուհին եկավ»: 12 տարի կառավարելուց հետո Նեֆերտիտին այլևս չի հիշատակվում պատմության մեջ: Որոշ եգիպտագետներ կարծում են, որ նա շարունակել է կառավարել այլ անվան տակ, մյուսներն էլ կարծում են, որ թագուհին պարզապես մահացել է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: