Դավիթ Սաֆարյանը շատ լավ գոտեմարտեր անցկացրեց. Արայիկ Բաղդադյան
«Գոհ եմ տղաների ելույթներից: Ի տարբերություն 2014 թվականի, այս տարի Նուսուևի հուշամրցաշարին մասնակցում էին բավականին ուժեղ ըմբիշներ: Աշխարհի չեմպիոններ կային, և ոչ բոլորին հաջողվեց ոսկե մեդալ նվաճել: Դավիթ Սաֆարյանն աշխարհի չեմպիոն դառնալուց հետո, արտերկրի ոչ մի մրցաշարում չէր հաղթել: Այս տարի Հայաստանում Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարում էր չեմպիոն դարձել: Սաֆարյանը շատ լավ գոտեմարտեր անցկացրեց: Ինքներդ էլ տեսաք, թե ինչ բարդ մրցակիցներ կային Դաղստանից, Օսեթիայից: Գարիկ Բարսեղյանը նույնպես լավ մասնակցեց, սակայն տակտիկական սխալ թույլ տվեց Գեբեկովի հետ պայքարում, վերջինս պատահական ըմբիշ չէր: Ինչ վերաբերում է Նուրմագոմեդովին՝ նրանից դժգոհ չեմ: 2-3 տարի ամբողջովին հեռացել էր սպորտից, այժմ վերսկսել է մարզումները և այդ կարճ ժամանակահատվածում հասել այնպիսի մարզվիճակի, որ առավելության է հասնում երկու մրցակցի նկատմամբ: Քառորդ եզրափակչում էլ կարող էր հաղթել, սակայն այստեղ խոսեց այդ տարիների բացթողումը: Նա լավ ըմբիշ է, եթե իրեն արդարացնի, աչքաթող չենք անի»,-ՀԱՕԿ լրատվության բաժնի հետ զրույցում ասաց Բաղդադյանը:
Ռուս վաստակավոր մարզիչ Շևալյե Նուսուևի հուշամրցաշարում, որը կայացել է դեկտեմբերի 4-5-ը Մոսկվայի ԲԿՄԱ-ի մարզապալատում, ոսկե մեդալ էր նվաճել աշխարհի և Եվրոպայի 2013 թվականի չեմպիոն, 65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, իսկ 2014 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 57 կգ քային Գարիկ Բարսեղյանը դարձել էր մրցաշարի երրորդ մրցանակակիր: