Հանրաքվեի դիտարկման արդյունքների վերաբերյալ ՔՀԻ հայտարարությունը
Քաղաքացիական հասարակության ինստիտուտը գրանցել է բազմաթիվ խախտումներ, այդ թվում՝ դիտորդների և լրագրողների աշխատանքի խոչընդոտման դեպքեր, նրանց նկատմամբ ճնշումներ և սպառնալիքներ: Դիտորդներն արձանագրել են ուղղորդման մի շարք դեպքեր, ինչպես նաև՝ կրկնակի քվեարկության փորձեր և ուրիշի փոխարեն քվեարկելու դեպքեր: Հավելենք, որ տեղամասային հանձնաժողովի նախագահները ոչ բոլոր դեպքերում են արձանագրել դիտորդների բարձրաձայնած խախտումները կամ քայլեր ձեռնարկել դրանք վերացնելու ուղղությամբ:
Հրապարակված խախտումների հիման վրա ներկայումս ՀՀ քննչական կոմիտեում և Ոստիկանությունում 30-ից ավելի դրվագներով նյութեր են նախապատրաստվում, և ՔՀԻ դիտորդները բացատրություններ են տալիս:
Քաղաքացիական հասարակության ինստիտուտը հետևողական է լինելու, որպեսզի արձանագրված խախտումները պատշաճ քննվեն, և մեղավորները օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվեն:
Քաղաքացիական հասարակության ինստիտուտ
***