Ամանորյա սեղանի անբաժանելի մաս կազմող մթերքը 10 տոկոսով թանկացել է
Այս մասին այսօր լրագրողների հետ խոսեց Սպառողների ասոցացիայի նախագահ Արմեն Պողոսյանը: Նա նկատեց, որ եթե նախորդ տարիներին թանկացումներն աստիճանաբար մեղմանում էին, ապա այս տարի կտրուկ աճ են գրանցել:
«Այս տարի ապրանքների գինը աճել է առնվազն 10 տոկոսով: Որպես կանոն թանկացումը սկսվում է Նոր Տարվանից 20 օր առաջ: Թանկանում են հատկապես ամանորյա սեղանի անբաժանելի մաս կազմող մթերքը` ընդեղենը, միսը, քաղցրավենիքը: Խոզի ազդրը 20 տոկոսով է թանկացել: Ընդ որում` տեղական ապրանքն ավելի շատ է թանկանում: Արտասահմանյան ապրանքի դեպքում քիչ թե շատ պահպանում են եվրոպական ավանդույթները և չեն թանկացնում»:
Արմեն Պողոսյանը գտնում է, որ իսկական թանկացումը դեռ առջևում է, որովհետև Ատոմակայանը 6 ամսով կանգնելու է. «Ինչպես կարող է հացը կամ ձուն չթանկանա, եթե էլեկտրաէներգիան կամ գազը թանկանում է: Դա հասկանալի է, սակայն շատերը դրա ֆոնին մեքենայություններ են անում»,- ասաց նա:
Սպառողների ասոցացիայի նախագահի գնահատմամբ` ապրանքները թանկանում են ոչ միայն նախատոնական օրերին, այլև ամբողջ տարվա ընթացքում, սակայն կարճ ինտերվալում նկատելի չեն: Օրինակ, վերջին երեք տարիների ընթացքում հացը 389 դրամից հասել է 470-ի:
Արմեն Պողոսյանն ընդգծեց, որ երկու պետական մարմին կարող են վերհսկել իրավիճակը, սակայն դա տեղի չի ունենում. խոսքը վերաբերում է Կենտրոնական բանկին և Ազգային վիճակագրական ծառայությանը: Ազգային ժողովում համապատասխան հանձնաժողովներ կան, սակայն նրանք նույնպես լռում են:
«Մեր նպատակը խնդրի մասին բարձրաձայնելն է: Վերհսկողություն չկա: Վերջին ժամանակահատվածում ես անձամբ դիմել են դատախազին և վարչապետին, սակայն պատասխանը բավարարող չէ: Հասարակական և պետական կառույցները պետք է ավելի ակտիվ լինի, որպեսզի իրավիճակը շտկվի»,- եզրափակեց Արմեն Պողոսյանը: