Հայերեն   English   Русский  

ՆՈՐ ՊԱՊ ՀԱՄԱԼԻՐԸ` ԱՌԱՆՑ ԼՈՂԻ


  
դիտումներ: 4611

Նախկինում բնակչության տարբեր տարիքի ներկայացուցիչները նորմաներ էին հանձնում ՊԱՊ համալիրի ծրագրով: ՊԱՊ-ը համամիութենական ֆիզկուլտուրային համալիր էր` Պատրաստ աշխատանքի և ԽՍՀՄ պաշտպանության: Այն ֆիզդաստիարակության համակարգի, մարդկանց առողջության ամրապնդման, համակողմանի զարգացման գործում առանցքային դեր ուներ, աշխատանքի, հայրենիքի պաշտպանությանը պատրաստ լինելուն էր նպատակաուղղված:

Համալիրի կազմում մարմնամարզական վարժություններ էին` վազք (կարճ և միջին տարածության), ցատկեր (բարձրացատկ և հեռացատկ), նետումներ (սկավառակի, նիզակի, գնդի և այլն), լող, դահուկավազք (ձյունազուրկ վայրերի բնակիչների համար`վազքարշավ կամ հեծանվարշավ), հրաձգություն (միայն երիտասարդների համար):

«Պատրաստ աշխատանքի և պաշտպանության» կարգախոսը հայտնի էր բոլորին, և երկու կարծիք լինել չէր կարող, որ այն առողջ, ֆիզիկապես ուժեղ լինել, լավ լողալ, դիպուկ կրակել ցանկացողների համար կարևոր է: ՊԱՊ համալիրն արմատավորված էր կրթօջախներում, ֆիզկուլտուրային կոլեկտիվներում: Այլ հարց է, թե նորմաների հանձնումն ինչքանով էր մատչելի, ինչու էին փաստերը խեղաթյուրելով, զանգվածայնության պատրանք ստեղծելու ձգտումով ֆանտաստիկ ցուցանիշներ արձանագրում: Փաստորեն, ամեն ինչ թղթի վրա էր: Պատճառները տարբեր էին: Հիմնականում փորձում էին տպավորություն ստեղծել, որ խորհրդային երկրի ֆիզկուլտուրան աշխարհում ամենաբարձր մակարդակն ունի:
ՊԱՊ-ը գոյություն է ունեցել 1931-ից մինչև 1991-ը, ներգրավված էին 10-60 տարեկանները:
2014-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել համալիրը վերականգնելու մասին: Ռուսաստանում այն կիրառվելու է 11 տարիքային խմբերի համար: Նորմաներ են հանձնելու 6 տարեկանից սկսած: Աշխատանքը սկսվել է սեպտեմբերից: Համալիրը կրկին ֆիզդաստիարակության հիմնաքարն է դառնալու:
Եվ ահա, խորհրդային տարիների ոգով, նորմաներ հանձնելը Հայաստանում ևս վերականգնվելու է: Այդ մասին վերջերս հրապարակավ հայտնեց Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը: Դժվար է ասել, թե որն է շարժառիթը, հին ժամանակների կարոտա՞խտը, Ռուսաստանում այդ համալիրի վերակենդանացման փորձե՞րը, թե՞ մեկ այլ բան: Կարելի է չբացառել նաև, որ դա երկրի նախագահի հանձնարարականն է:
Արդեն սպորտի գերատեսչությունում հանձնախումբ է ստեղծվել, որն այդ ուղղությամբ աշխատանք է կատարում: Հայաստանի սպորտի նախարարության վարչության պետ Եղիշ Դավթյանը տեղեկացրեց, որ ծրագրում նախատեսվում են աթլետիկայի տարբեր վարժություններ, հրաձգություն:
Լողի մասին խոսք լինել չի կարող: Թերևս ավելորդ գլխացավանքից հեռու մնալու համար ամենից հեշտն այն նորմաների ծրագրում չընդգրկելն է: ՊԱՊ անվանումն էլ կփոխվի, թեև Ռուսաստանում այն պահպանել են: Հնարավոր է, որ այն կոչվի պարզապես մարզական առողջարարական համալիր, կարճ ասած` ՄԱՀ:
Նախկին անվանումը ժամանակին համահունչ չէ: Բանն այն է, որ ներկայիս Հայաստանում աշխատանքով շատ քչերն են ապահովված, իսկ պատրաստ լինել մի բանի, որի հնարավորությունը չկա, անիմաստ է: Երկրի պաշտպանությանը պատրաստ լինել կարելի է, բայց քանի որ սպորտի նախարարությունն է այս հարցով զբաղվում, մտավախություն կա, որ «պաշտպանություն» բառը Հայաստանի ՊՆ-ի ղեկավարների սրտով չլինի, նաև այն, որ իրենց վստահված խնդիրներով որևէ այլ գերատեսչություն էլ զբաղվի: Այդ է պատճառը, որ «պաշտպանություն» բառն էլ նոր համալիրի անվանման մեջ չի լինի:
Դեռևս պարզ չէ, թե երբ նոր ծրագրով նորմաներ կհանձնեն: Դրա համար ֆինանսներ են անհրաժեշտ, մասնագետներ, տեխնիկական սարքեր: Ի վերջո, նախկինում ՊԱՊ համալիրի տարբեր աստիճանների հաձնողները կրծքանշաններ էին ստանում, դա էլ պետք է վերականգնվի: Իսկ թե համալիրը կրկին կյանքի կոչելու համար անհրաժեշտ փողը որտեղից է տրամադրվելու, դեռևս անհայտ է:




Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: