Հայերեն   English   Русский  

Ամանորի տոնական խորհուրդը պետք է վերաիմաստավորել. քահանա


  
դիտումներ: 938

Նոր Տարին և Սուրբ Ծնունդը նորոգման առիթ են մեզ համար:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արարատյան Հայրապետական թեմի Նոր Նորքի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նշան քահանա Ալավերդյանը:

«Քրիստոնեությունը իր մեջ նորոգում է խորհրդանշում: Պատահական չէ, որ Պողոս առաքյալն ասում էր` «մեր ներքին մարդը ամեն օր նորոգվում է, չնայած արտաքին մարդը ժամանակի ընթացքում քայքայվում է»,- նշեց քահանան:

Նա նկատեց, որ ներկայումս ամանորյա տոների միայն նյութական մասն է արժևորվում ` ճաշի սեղանները և փոխայցելությունները, որոնք երբեմն պարզապես բեռ են դառնում մարդկանց համար: Սա Սովետական ժառանգության արդյունքն է, երբ փորձ էր արվում ժողովրդին սեփական արմատներից զրկել , քարոզվում էին աթեիստական գաղափարները:

Տեր Նշան քահանա Ալավերդյանը նշեց, որ ամերիկյան և եվրոպական միջավայրում Սուրբ Ծնունդը նշվում է դեկտեմբերի 25-ին, քանի որ նրանք միջնադարում այդպես փորձել են հեռու պահել ժողովրդին հեթանոսական ավանդույթներից: Այս օրերին նշվում էր նրանց արևի աստծո ծնունդը: Մինչև 6-րդ դարը բոլորը Հիսուս Քրիստոսի ծնունդը նշում էին հունվարի 6-ին:

«Տոները ինչ-որ բան հիշեցնելու նշանակություն ունեն: Մենք առօրեկանության մեջ միտում ունենք թմրելու: Չենք նկատում` ինչպես է ժամանակը ընթանում: Տոները հիշեցնում են ամենակարևոր բաները: Հայ ժողովուրդը հին և գեղեցիկ ավանդույթներ ունի, որոնք պետք է բերել նոր միջավայր: իր ժամանակին Սովետական քարոզչությունն իր գործն արել է: Մենք այժմ քրիստոնեական ազգ ենք և պետք է Նոր տարվա տոնը վերաիմաստավորենք»:

Տեր Նշանը տարօրինակ է համարում այն, որ կիրակի սկսվում է պահքի շրջանը, որը տևում է մինչև Սուրբ Ծնունդ, մինչդեռ հենց այդ օրերին է սկսվում առատությունը մարդկանց սեղաններին, որտեղ գլխավոր կերակուրները պատրաստված են լինում մսից:

«Սակայն անգամ այդ կերակուրները ցույց են տալիս քրիստոնեական ակունքները. պասուց տոլման, չրեղենը, մրգեղենը և այլն: Նվերներ բաժանելը նույնպես քրիստոնեական ավանդույթ է և խորհրդանշում է մոգերի նվերները Հիսուսի ծննդյան առթիվ»:

Անկախի այն դիտարկմանը, որ վերջին տարիներին նկատվում է վերադարձ դեպի քրիստոնեական արժեքները, հոգևոր հովիվն ասաց. «Այժմ հստակ միտում եմ տեսնում, որ մարդկանց որոշակի տոկոսը հոգևորն է սկսվել գնահատել, ոչ նյութականը: Նրանց համար հենց Սուրբ Ծնունդն է հրաշքների գիշերը , երբ երկինքն ու երկիրը մոտենում են: Հայ ժողովուրդը հոգևոր վերազարթոնք է ապրում»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: