Գերմանացի պաշտոնյան տասնյակ ներգաղթյալների ուղարկել է Մերկելի գրասենյակ
Euronews-ի հաղորդմամբ՝ Բավարիայի Լանդշատ շրջանի կառավարիչ Փիթեր Դրեյերը ներգաղթյալների համար 7-ժամյա ուղևորություն է կազմակերպել դեպի Բեռլին՝ ցույց տալու, որ իր շրջանն այլևս ի վիճակի չէ դիմակայելու փախստականների շարունակական ներհոսքին:
Անցյալ տարի Դրեյերը զգուշացրել էր երկրի իշխանություններին, որ Լանդշատն այլևս չի կարող տեղ հատկացնել ապաստան հայցողներին: Հոկտեմբերին Անգելա Մերկելի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ Դրեյերը ասել էր. «Եթե Գերմանիան 1 միլիոն փախստական ընդունի, ապա մաթեմատիկական հաշվարկներով դա կնշանակի, որ իմ շրջանում 1800 մարդ ապաստան կստանա: Ես կընդունեմ նրանց, սակայն եթե ներգաղթյալների թիվը սպասվածից ավելանա, ես նրանց ուղիղ ձեր գրասենյակ կուղարկեմ»:
Դրեյերը շեշտել է, որ ինքը ցանկանում է փախստականներին ապահովել ոչ թե ժամանակավոր վրաններով և կացարաններով, այլ արժանապատիվ կյանքի պայմաններով, ինչը նրա կարծիքով վեր է Գերմանիայի իշխանությունների ուժերից: