Թոնդրակեցիների խոշտանգումները շատ ավելի դաժան էին, քան եվրոպական ինկվիզիցիայինը
Հայաստանը աղանդավորական շարժումների կենտրոն է եղել: Դրա պատճառները բազում են. սոցիալական խնդիրներ, եկեղեցու կողմից բնակչության կեղեքում և այլն...
Աղանդավորական շարժումների մեջ ամենաուժեղն ու ամենատարածվածը թոնդրակյան շարժումն էր: Ովքե՞ր էին թոնդրակեցիները և ի՞նչ էր նրանց պահանջը: Շրջագայելով միջնադարյան Հայաստանում` փորձենք պատասխաններ գտնել մեր հարցերին:
Առհասարակ, թոնդրակեցիների մասին անվերապահորեն ասել, թե դա աղանդավորական շարժում էր, սխալ է: Շատ ուսումնասիրողներ թոնդրակեցիներին համարում են արորդիներ, ոմանց կարծիքով` նրանք լրիվ այլ կրոն էին ստեղծել, թոնդրակեցիների պաշտամունքն ամենևին աղերս չուներ քրիստոնեության հետ:
Ինչևէ: Թոնդրակեցիների անվանումն առաջացել է Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Ապահունիք գավառի Թոնդրակ գյուղի անունից, որտեղից իր գործունեությունն է սկսել շարժման առաջնորդ Սմբատ Զարեհավանցին:
Սմբատ Զարեհավանցին ծնվել է Ծաղկոտն գավառի Զարեհավան գյուղում: Նա երկար ճամփորդել է Հայաստանում և հարևան երկրներում` ծանոթանալով ժամանակի բոլոր ուսմունքներին ու գաղափարախոսություններին: Եղել է նաև պավլիկյան շարժման կենտրոնում` Տևրիկ քաղաքում, որտեղ մանրամասն ուսումնասիրել է նաև պավլիկյանների գաղափարաբանությունը:
Վերադառնալով հայրենիք` նա հաստատվել է Ապահունիքի Թոնդրակ գյուղում և քարոզել իր մտքերը: Ժամանակի սոցիալ-տնտեսական բարդ հարաբերություններում, երբ զարգացող ֆեոդալիզմը մի կողմից, հայ առաքելական եկեղեցին մյուս կողմից կեղեքում էին ազգաբնակչությանը` պարարտ հող էր ստեղծվել թոնդրակյան գաղափարախոսության զարգացման ու տարածման համար:
Թոնդրակեցիների մասին շատ սկզբնաղբյուրներ կան, սակայն դրանք, որպես կանոն, միակողմանիորեն արտահայտում են կղերական տեսակետը: Թե՛ Գրիգոր Մագիստրոսը, թե՛ Անանիա Նարեկացին, թե՛ Անանիա Մոկացի կաթողիկոսը, Գրիգոր Նարեկացին, Արիստակես Լաստիվերցին, աստվածաբան Պողոս Տարոնեցին, կաթողիկոս Ներսես Շնորհալին թոնդրակեցիներին անվանում են շներ, իսկ նրանց կենտրոնները` շնավաններ: «Թոնդրակեցիների չար աղանդի մասին» գլխում Լաստիվերցին լուտանքի հեղեղ է թափում ` «կեղծ», «խոսքերը ճարակում են քաղցկեղի նման», «վնասակար որոմ», «պիղծ», «շուն», իսկ Թոնդրակ ավանի մասին` «սատանայի բնակարան», «գազանների որջ»:
Այս շարժման առաջնորդի մասին խոսելիս հայ անվանի ռազմաքաղաքական գործիչ և գիտնական Գրիգոր Մագիստրոս Պահլավունին նշում է, որ «ի հիմաց սասանեց առաքյալներին և մարգարեներին»: Ըստ Մագիստրոսի` Սմբատ Զարեհավանցին իր ուսմունքը սովորել է ոմն Մրջուսիկ անունով պարսիկ բժշկից և աստղաբաշխ մոգից: Սա ևս լրացուցիչ կռվան է, որ թոնդրակեցիները քրիստոնեության աղանդ չէին, այլ պարսիկ զրադաշտականության ազդեցությամբ վերածնունդ առած հայ արիականություն:
Թոնդրակեցիները, մերժելով քրիստոնեական շատ դրույթներ, չէին ընդունում մեռելներից հարության գաղափարը, հանդերձյալ կյանքը, հոգու անմահությունը, եկեղեցական նվիրապետությունը, հաղորդության, մկրտության խորհուրդները, պատարագը, մերժում էին Քրիստոսի զոհաբերության խորհուրդը, ծնրադրությունը, եկեղեցական ծեսերն ու տոները, մատաղը: Նրանք կուռքեր էին համարում խաչը, սրբապատկերները: Հիսուս Քրիստոսին համարում էին սովորական մահկանացու` մերժելով նրա աստվածային էությունը:
Թոնդրակյան գաղափարախոսության հիմքում ազատ սերն էր: Դա հակառակորդներին հիմք է տվել մեղադրելու նրանց անբարո վարքագծի և անառակ բարքերի մեջ, ինչն անշուշտ, անհեթեթություն է:
Թոնդրակյան շարժումը շատ կենսունակ եղավ և շուրջ 2 հարյուր տարի ցնցեց Հայաստանն ու Բյուզանդիան: Սմբատ Զարեհավանցուց հետո շարժումը գլխավորեցին Թոդրոսը, Անանեսը, Արքան, Սարգիսը, Կյուրեղը, Հեսուն և Ղազարը:
Սմբատ Զարեհավանցին շարժումը սկսեց 830-ական թվականներին: Շարժումը հախուռն էր ու սոցիալական բնույթից զատ, նաև զինված ապստամբությամբ էր դրսևորվում: Այնքան, որ անհանգստացրեց արաբական խալիֆայությանը: Սա վկայում է, որ այն նաև ազգային-ազատագրական պայքար էր և լուրջ վտանգ էր ներկայացնում արաբական տիրապետությանը նույնպես: Մասնավորապես, Մանազկերտի կայսիկ ամիրա Աբդուլ Բարդն անմիջապես ձեռնամուխ եղավ Զարեհավանցու շարժման ճնշմանը: Խոշոր ճակատամարտում թոնդրակեցիները պարտվեցին, իսկ նրանց առաջնորդ Սմբատ Զարեհավանցին սպանվեց: Սակայն Սմբատի մահով թոնդրակյան շարժումը չմարեց: Այն էլ ավելի տարածվեց և հզորացավ: Թոնդրակյան նոր կենտրոններ դարձան Մանանաղի Կաշե գյուղը, Թուլայլը, Աղյուսոն, շատ բնակավայրեր Խնուսում, Վասպուրականում, Դարանաղում, Այրարատում, Ռշտունիքում:
Թոնդրակյան շարժումը մեծ ծավալում ստացավ հատկապես X դարում: Թոնդրակեցիներն արդեն ունեին իրենց ամրացված բնակավայրերը, զինված ջոկատները, տասնյակհազարավոր հետնորդներ: Շարժումն ընդգծված սոցիալական բնույթ է ստանում և երբեմն ապստամբության դրոշ է բարձրացնում: 906 թ. Տաթևի գյուղացիական ապստամբությանն աջակցում են թոնդրակեցիները, որոնք, հարձակվելով եկեղեցու վրա, գրավում ու ավերում են այն:
Շատ գիտնականներ թոնդրակյաններին են վերագրում նաև հայոց սպարապետ Վասակ Պահլավունու մահը, որ Սերկևիլի ճակատամարտից հետո, իբր, հոգնած քուն է մտել մոտակա լեռան քարածերպերից մեկում և սպանվել է մի գյուղացու ձեռքով: Սա, ինչ խոսք, եկեղեցական պատմագրության հերյուրանք է, քանզի բացառված է որ հայոց սպարապետը դաժան ճակատամարտից հետո անմիջապես առանձնանար մի ժայռի մոտ ու քուն մտներ առանց թիկնազորի:
Թոնդրակյան շարժմանը հարեցին շատ բարձրաստիճան հոգևորականներ, ազնվականներ: Մասնավորապես թոնդրակեցիների առաջին շարքերում պայքարում էին իշխան Վրվեռը, իշխանուհիներ Կամարան, Հրանուշը, Ախնին, որոնք իրենց ձեռքով եկեղեցիներ էին ավերում ու խաչեր կործանում:
Բարձրաստիճան հոգևորականներից թոնդրակյան շարժմանը հարեց եպիսկոպոս Հակոբ Հարքացին, որ կարգալույծ արեց շատ հոգևորականների, արգելեց հայ եկեղեցու ծիսակարգը:
Բնականաբար, թոնդրակեցիներն ուժեղ հակազդեցության հանդիպեցին եկեղեցու և իշխանությունների կողմից: Նրանց դեմ ուժեղ էր պայքարը հատկապես Սարգիս Ա Սևանցի կաթողիկոսի ժամանակ: Նա ոչ միայն կարգալույծ հայտարարեց Հակոբ Հարքացուն, այլև աղվեսակերպ դրոշմեց նրա ճակատը և բանտարկեց, որտեղ էլ նա մահացավ:
Թոնդրակեցիների դեմ պայքարում միավորվեցին հայոց պետությունը, Բյուզանդիան, արաբական խալիֆայությունը, հայ եկեղեցին...
Գերի ընկած թոնդրակեցիներին խարանում էին աղվեսակերպ դրոշմով, սպանում, բռնագրավում նրանց գույքը, հայտարարում օրենքից դուրս: Թոնդրակյան շարժման դեմ մեծ պայքար սկսեց Գրիգոր Մագիստրոս Պահլավունին: Նա 1045 թ., իր հայրենի տիրույթները հանձնելով Բյուզանդիային, հաստատվեց Միջագետքում` ստանալով Միջագետքի դուքսի պաշտոնը: Բյուզանդական կայսր Կոստանդին Թ Մոնոմախի հրահանգով նա թոնդրակեցիներին բնաջնջելու նպատակով մեծ բանակով շարժվեց Հայաստան:
Գրիգոր Մագիստրոսը դաժանաբար ավերեց թոնդրակյան բնակավայրերը, ամրոցներն ու շեները: Թոնդրակ գյուղը հողին հավասարեցվեց: Տասնյակհազարավոր թոնդրակեցիներ խոշտանգվեցին ու նահատակվեցին: Գերյալներին խարանում էին աղվեսակերպ դրոշմով ու ստրկացնում: Շատերի ոտքերի ջլերն էին կտրվում: Թոնդրակեցիների խոշտանգումները շատ ավելի դաժան էին, քան եվրոպական ինկվիզիցիայինը:
Գերյալ թոնդրակեցիների մի մասին բյուզանդական կայսրությունը տեղափոխեց և վերաբնակեցրեց Բալկաններում:
Սա, բնականաբար, տվեց իր սպասված արդյունքը` Հայաստանում թոնդրակյան շարժումը թուլացավ և մարեց, սակայն այս հարկադրյալ գաղթի հետևանքով այն տարածվեց Բայկանյան թերակղզում ու Արևմտյան Եվրոպայում: